Ինչ է փոխանցել ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանին


Loading...


Loading...

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ պաշտոնաթող նախագահի գրասենյակի, հանդիպումը եղել է տետ ա տետ ձեւաչափով, ինչը նշանակում է, որ խոսել են միայն դեսպանն ու Քոչարյանը:


Loading...

Թերեւս չկա ներքին ու արտաքին քաղաքական միջավայրը նկարագրելու անհրաժեշտություն, որում տեղի է ունենում ՌԴ դեսպանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ, ներքին ու արտաքին զարգացումների շղթան, որոնք կազմել են այդ միջավայրը սկսած թերեւս Հաղթանակի տոնի նախաշեմից աշխուժացած հայտնի գործընթացներից, որոնց արդյունքում փոխվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Մեծ հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանին դեսպանի այցը ունի թերեւս «ճանաչողական» բնույթ, այն իմաստով, որ փորձ է արվում «ճանաչել» այն Ռոբերտ Քոչարյանին, որը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Թվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Ռուսաստանը չունեն միմյանց ճանաչելու անհրաժեշտություն, բայց մյուս կողմից Քոչարյանն ինքն էլ ունի ներկայիս Ռուսաստանը ճանաչելու կարիք, եթե իր քաղաքական ծրագրերում շոշափելի ակնկալիք ունի Ռուսաստանի աջակցության առումով:

Արագ փոփոխվող աշխարհ բառակապակցությունն ամենեւին զուտ բնութագրական տրաֆարետ չէ: Աշխարհը իսկապես արագ է փոխվում բոլոր ուղղություններով, միաժամանակ նաեւ Ռուսաստանի ներքին իրողությունների, ուժերի ներքին հարաբերակցության, հանրային հոգեբանության, իշխանական շրջանակների վրա դրանց ազդեցության եւ այլնի առումով:

Ինչպես Ռուսաստանն ունի հասկանալու խնդիր՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել Հայաստանի նոր իրողությունների պայմաններում Մոսկվայի քաղաքական հենակետը, այդպես էլ թերեւս Ռոբերտ Քոչարյանն ունի հասկանալու անհրաժեշտություն, թե արդյոք հնարավոր է քաղաքական ծրագրերի հենարան դիտարկել Ռուսաստանը, կամ թեկուզ ՌԴ նախագահ Պուտինին:

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից առաջ դեսպանը մամուլի ասուլիս էր տվել հայաստանցի լրագրողների համար, փաստացի երկրորդ մեծ ասուլիսը իր նշանակումից հետո: Առաջին ասուլիսում ՌԴ դեսպան Կոպիրկինը աչքի էր ընկել Հայաստանում ռուսական քաղաքականության «փափուկ ուժի» տեխնոլոգիայի մասին հայտարարությամբ:

Երկրորդ ասուլիսում Կոպիրկինը փափուկ ուժի մասին չէր խոսել: Արդյոք դա եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ խոսակցության թեման, եւ երկրորդ նախագահը տեղավորվու՞մ է ռուսական «փափուկ ուժի» տրամաբանության մեջ, թե՞ դեսպանի հանդիպման եւ տետ ա տետ զրույցի նպատակն էր դա, որ Ռոբերտ Քոչարյանն, ապավինելով Ռուսաստանի աջակցությանը, այդուհանդերձ չակնկալի «փափուկից» ավելին: