Գագիկ Ծառուկյանի անսպասելի զայրույթը


Loading...


Loading...

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԲՀԿ նախագահ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության, որին վկայի կարգավիճակով նրան հրավիրել էին Աբովյանի քաղաքապետի ընտրության օրերին հրկիզման քրգործով:

Անհայտ անձինք հրկիզել էին կառավարող ուժի՝ ՔՊ թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան և տունը՝ բարեբախտաբար առանց զոհերի: Աբովյանի քաղաքապետի ընտրության ինտրիգը և դրա արդյունքը՝ պայքարը ՔՊ թեկնածուի և ԲՀԿ ոչ ֆորմալ թեկնածու գործող քաղաքապետի միջև, իր հանգուցալուծմամբ հայտնի է թերևս բոլորին: Հրկիզման փորձը եղավ ընտրության գրեթե նախաշեմին: Երկու կողմից դա որակվեց սադրանք, թեև մի կողմում՝ ՔՊ-ում, դա գնահատվեց այնպիսի նուրբ տողատակով, որ մեղադրանք էր նշմարվում մրցակիցների հանդեպ, իսկ ԲՀԿ կողմում այն գնահատվեց սադրանք հենց իրենց դեմ:


Loading...

Ինչ խոսք, պարզունակ է մտածել, որ ԲՀԿ-ն կգնար այդպիսի քայլի՝ հաշվի առնելով, որ իրավապահ լծակները ՔՊ ձեռքում են: Մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանը պետք է լինի սադրանքի բացահայտման ամենաշահագրգռվածներից՝ հասկանալու համար, թե ով է փորձել, այսպես ասած, «սարքել» ԲՀԿ գլխին:

Թե՞ ԲՀԿ նախագահը, հավատարիմ իր թիկնազորի պետի հռչակած «գործ չտալու» սկզբունքին, մերժել է ոստիկանությանն ինչ-որ բան ասելը: Իսկ գուցե Գագիկ Ծառուկյանի այդ քայլը քաղաքական դեմա՞րշ է իշխանության, մասնավորապես վարչապետի նկատմամբ:

Այստեղ հետաքրքիր է արձանագրել մի զուգահեռ, որ նկատվեց լրահոսում. Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկատվության տարածումից հետո տարածվեց նաև տեղեկությունը Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցի դատական նիստից: Ըստ այդ տեղեկության՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը փաստացի եկել էին միմյանց միջև առաջին համաձայնության: Խոսքն իհարկե վերաբերում էր ընդամենը հայցին և դրա պատճառին:

Ինչպես հայտնի է, Քոչարյանը Փաշինյանի դեմ հայց էր ներկայացրել զրպարտության մասով: Ամիսներ առաջ մեկնաբանելով մարտիմեկյան գործով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության մասին գնահատականները՝ Փաշինյանը հայտարարել էր, թե ինչ անձեռնմխելիության մասին է խոսքը, ինչպես կարող է մարդն ինչ-որ սպանություն կազմակերպել և հետո ասել, որ անձեռնմխելի է: Ռոբերտ Քոչարյանը դատարան էր դիմել իրեն զրպարտելու համար:

Եվ ահա նախօրեին վարչապետի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները իրենց վստահորդների անունից լիազորվածությամբ եկան համաձայնության, որ Փաշինյանի մեկնաբանությունը չի վերաբերել Ռոբերտ Քոչարյանին կամ որևէ այլ անձի, այլ եղել է անձեռնմխելիության այդ դրույթի վերաբերյալ մեկնաբանությունների ընդհանրական գնահատում և մեկնաբանում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն էլ իր վստահորդից լիազորված հայտարարեց, որ այդ հավաստիացման դեպքում՝ որ խոսքը չի վերաբերել Քոչարյանին, իրենք պատրաստակամ են հետ վերցնել հայցը:

Արդյո՞ք այդ զարգացումը կարող էր ազդեցություն թողնել Գագիկ Ծառուկյանի որոշման վրա, որը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն՝ հարցաքննության:

Առերևույթ գործերը որևէ կապ չունեն միմյանց հետ, սակայն կարո՞ղ էր մարտիմեկյան զարգացումների և Քոչարյանի հետ կապի մասին հարցադրումների տեղատարափից անընդհատ պաշտպանվելու անհրաժեշտության առաջ պարբերաբար կանգնող Ծառուկյանին զայրացնել դատարանում, թեկուզ ոչ քաղաքական ասպեկտով, Փաշինյանի և Քոչարյանի անուղղակի համաձայնությունը:

https://www.1in.am/2577677.html