Սադրանք Ծառուկյանի դեմ. ինչ եղավ 100 հազար դոլարը


Loading...


Loading...

Մենք մնում ենք այն համոզման, որ «պաժառ» օպերացիան եղել է կազմակերպված, ինչու՞ պետք է Գագիկ Ծառուկյանը ներկայանար, հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով տեղեկությանը, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել Աբովյանում հրկիզման գործով հարցաքննության: Ծառուկյանին հարցաքննության էին կանչել որպես վկա:

Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին հրկիզվեց քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան եւ տունը: Զոհեր բարեբախտաբար չկան: Այդ հրկիզումը բնականաբար կապվեց ընտրական գործընթացի հետ, որտեղ թեժ պայքար էր ՔՊ թեկնածուի եւ գործող քաղաքապետի միջեւ, որը համարվում է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելող թեկնածու: Ընտրության արդյունքում մի քանի հարյուր ձայնի առավելությամբ հաղթեց գործող քաղաքապետը:


Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը եւ հեղափոխությունը, որովհետեւ հենց դրա համար է նաեւ հեղափոխություն արվել, որ ընտրությունների միակ հաղթողը չլինի իշխանությունը:

Վարչապետի այդ դիրքորոշումը տրամաբանական տեսանկյունից հակոտնյա է նրա թիմակիցների, մասնավորապես Աբովյանի ընտրությանն աշխուժորեն մասնակցած թիմակիցների գնահատականին՝ Կոտայքի մարզպետի գլխավորությամբ: Որովհետեւ նրանք խոսում են Աբովյանում հին բարքերի հաղթանակի եւ արժանապատիվ քաղաքացիների պարտության մասին: Եթե հաղթել է հեղափոխությունն ու ժողովրդավարությանը, ապա ի՞նչ հին բարքերի հաղթանակ:

Ավելին, գործնականում ինքնին հին բարք է, երբ որեւէ ձեւակերպումով «անարժանապատիվ» են ներկայացվում մրցակցի օգտին ձայն տված քաղաքացիները, ինչպես էլ գնահատվի մրցակիցը:

Այդուհանդերձ փաստ է, որ հին բարքերը ունեցել են տեղ, եւ այդ տեղը կարող էր լինել ողբերգական, քանի որ հրկիզվել էր ՔՊ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի տունը, որտեղ այդ պահին եղել են նրա երեխաները:

ԲՀԿ-ն դա գնահատում է սադրանք: Ի դեպ, հետաքրքիր է, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ դեմ սադրանք որակեց նաեւ հայտնի «տրանսգենդերային» միջադեպը ԱԺ աղմկահարույց լսումներում:

Ստացվում է, որ ԲՀԿ դեմ կա հետեւողական սադրանք: Գագիկ Ծառուկյանն ու թիմը ունե՞ն ընդհանուր ենթադրություն, թե որտեղից է կազմակերպվում այդ սադրանքը: Կամ, մե՞կ կենտրոնից է, թե սադրանքների կազմակերպիչները տարբեր են:

Երբ դեռեւս նախորդ համակարգի իշխանության շրջանում իշխանական եւ ոչիշխանական բեւեռների պայքար էր՝ որի ֆորմալ առաջնորդը Գագիկ Ծառուկյանն էր, դրա լարվածության բարձրագույն կետի եւ փաստացի հանգուցալուծման շրջանում՝ 2015-ի փետրվարին, ԲՀԿ ներկայացուցիչներից մեկի հանդեպ կատարվել էր բռնություն, նրան առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել: Գագիկ Ծառուկյանն այցելել էր ոստիկանություն, հանդիպել ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ հայտարարել նաեւ, որ 100 հազար դոլար պարգեւ է խոստանում ծեծի բացահայտման դեպքում:

Դրանից մի քանի օր անց Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, իսկ ԲՀԿ ծեծված ներկայացուցիչն էլ ավելի ուշ կարծես թե հեռացավ Հայաստանից:

Ի՞նչ եղավ 100 հազար դոլարը: Կարելի է այն խոստանալ ԲՀԿ դեմ սադրանքների բացահայտման համար, որպեսզի դրանք կանխվեն, քանի դեռ չեն արդարացրել սադրիչների ակնկալիքները:

https://www.lragir.am/2019/06/13/451437/