Հայաստանի անակնկալը Եվրոպային. Երեւանի նոր կարգավիճակը


Loading...


Loading...

Հունիսի 13-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ տեղի կունենա Հայաստան-ԵՄ Խորհրդի նիստը: Այն նախագահելու են Մնացականյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի հանձնակատար Մոգերինին:

Փաստացի, դա կարող է լինել Մոգերինիի հետ շփման վերջին ակտը, որովհետեւ Եվրախորհրդարանի ընտրության արդյունքում շատ մոտ ապագայում կձեւավորվի նոր Եվրահանձնաժողով, եվրակառույցները կամ այլ կերպ ասած ԵՄ-ն կունենա նոր ղեկավարություն: Ինչ կփոխվի այդ ղեկավարության կազմի եւ բովանդակության, մոտեցումների տեսանկյունից, կերեւա ժամանակի ընթացքոմ, երբ կուրվագծվի հավակնորդների շրջանակը: Մի բան է աներկբա, որ Եվրախորհրդարանի նոր ընտրությանն արձանագրվել է այսպես ասած «եվրասկեպտիկ» կամ առավել ազգայնական դիրքերից ներկայացող ուժերի հաջողության աճ, ինչը անկասկած պայմանավորված է Եվրամիության բազմաթիվ տնտեսա-քաղաքական, սոցիալ-մշակութային խնդիրներով:


Loading...

Եվրոպան արդեն վաղուց կանգնած է լրջագույն վերանայումների անհրաժեշտության առաջ, արդեն մի քանի տարի գտնվելով բարդ քննարկումների փուլում: Դա առաջ է բերել թե ներեվրոպական, թե ԵՄ անդամ երկրներում ներքին քաղաքական վերադասավորումների գործընթաց:

Այդ իմաստով, Հայաստան-ԵՄ խորհրդի նիստը սակայն տեղի է ունենում ոչ միայն ԵՄ կողմում ստատուս-քվոյի որոշակի փոփոխության շեմին: Նիստին ընդառաջ Եվրոպային որոշակի անակնկալ է մատուցում նաեւ Հայաստանը, թեկուզ այդ հասկացության որոշակի պայմանական իմաստով: Բրյուսելից առաջ Հայաստանի արտգործնախարարը օրերս գտնվում էր Կիպրոսում, որտեղ դրվեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ գործակցության ձեւաչափի սկիզբ: Հայտարարվեց, որ այդ ձեւաչափի պետությունների ղեկավարների մակարդակով առաջին Վեհաժողովը տեղի կունենա 2020 թվականին Հայաստանում:

Երեք պետությունները, որոնցից երկուսը Եվրամիության անդամ, հայտարարել են քաղաքակրթական ընդհանուր հիմքի եւ համաշխարհային անվտանգության համակարգում խաղաղության ամրապնդման գերակա առաքելության շուրջ գործակցություն ձեւավորելու մասին:

Առերեւույթ խոսքը որոշակիորեն ստանդարտ հռչակագրային բնութագրի մասին է, սակայն դիտարկելով երեք երկրների պատմա-քաղաքական հետագիծն իր խորքային համատեքստում, հնարավոր է արձանագրել համաշխարհային քաղաքականության «բազային ֆայլերից» մեկի վերականգնման կամ քաղաքականապես վերաձեւակերպման գործընթացի մեկնարկ, որ տալիս են ԵՏՄ անդամ Երեւանն ու ԵՄ անդամ Նիկոսիան ու Աթենքը: Իսկ խոսքն այստեղ միջազգային քաղաքականության մակարդակում եվրոպական քաղաքակրթական բազաներից մեկի՝ բյուզանդական քաղաքակրթության «վերբեռնման» փորձի մասին է, որում իր առանձնահատուկ դերն է ունեցել նաեւ հայկական քաղաքակրթական շերտը:

Ինչ կստացվի երեք պետությունների այդ փորձից, կախված է իհարկե աշխատանքի արդյունավետությունից եւ գաղափարն ուժային տարբեր կենտրոններին եւ դերակատարներին մատուցելու հմտությունից եւ խորությունից: Ակնառու է սակայն, որ աշխարհակարգի վերափոխման լայն գործընթացում քաղաքակրթական «բազային ֆայլերի» պահանջարկը բավականին բարձր է, այդ թվում վերափոխման կենսական աստիճանի մոտեցող Եվրամիության կամ պարզապես եվրատլանտյան տարածության համար:

Գործնականում, երեք երկրները պատրաստում են համաշխարհային յուրօրինակ մի առաջարկ, եւ այդ առումով Հայաստան-ԵՄ Խորհրդի նիստը նրանց համար կարող է դառնալ այդ առաջարկի յուրօրինակ շնորհանդես: Դա առավել նշանակալի է Հայաստանի պարագայում, որը փաստորեն ԵՄ հնաբնակ Կիպրոսի եւ Հունաստանի հետ գործակցությամբ նշանակում է նոր Եվրոպայի ճարտարապետության մեջ հիմնականում սպառողի ընկալում կամ կարգավիճակ ունենալուց անցում կատարել գործնական մասնակից-շահառուի կարգավիճակի:

https://www.lragir.am/2019/06/12/451132/