Պուտինի «բոնուսները»՝ Փաշինյանին


Loading...


Loading...

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հանդիպումը կառուցողական է անցել:

«Ես տեղեկատվություն ունեմ, որ հանդիպումը շատ կառուցողական է անցել: Քննարկվել են երկկողմ հարաբերությունները: Վարչապետն այդ հանդիպմանը գնահատական տվել է: Իմ ընկալումն այնպիսին է, որ այս կոնտակտը ևս մեկ քար էր՝ ուղղված մեր երկրների միջև երկար, արդյունավետ քաղաքական երկխոսություն կառուցելուն», — ասել է դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը:


Loading...

«Ռուսաստանում մեծապես կարևորվեց տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ նախագահության առաջնահերթությունները», այսօր ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը:
Վերջինս ընդգծել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: «Մենք, բնականաբար, ակնկալում ենք այդ հանդիպմանը ՌԴ նախագահի այցը Հայաստան», -նշել է դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը ընդգծել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակում են ստաբիլ զարգանալ և մնալ բարձր մակարդակի վրա:
Ռուսական զինտեխնիկայի, գազի գնի, այժմ էլ՝ Պուտինի հնարավոր այցի մասին հայտարարություններով Հայաստանի իշխանությունները հնարավորություն են ստանում ցույց տալու Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության նոտաներ ձեռքբերելու միտումները, ինչը, բավական պակասում էր այս իշխանությանը:

Ռուսաստանը կարող է Փաշինյանին տալ այն ամենն, ինչը ցանկանում է նա այս փուլում: Հարցը նրանում է, թե՝ ինչի՞ դիմաց…

Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն ուղղակիորեն կարող են անդրադառնալ՝ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վրա: Հաշվի առնելով վերջին մեկ տարում Ռուսաստանից՝ ռուս փորձագետների, քաղաքական մեկնաբանների, քաղաքական որոշ գործիչների ակնարկները մեր տարածաշրջանի համար պայքար է ընթանում, որն անգամ տեսանելի չէ մեր հասարակությանը:

Բանն այն է, որ Ռուսաստանն իր ազդեցությունը պահպանելու հարցում կարող է նույնիսկ «բոնուսներ» էլ տալ Փաշինյանի իշխանությանը: Ի՞նչ տեսքով, հանուն ինչի՞ և ինչպե՞ս՝ ցույց կտա ժամանակը:

Թամար Բագրատունի