Վաղն արդեն ուշ է լինելու․ Քոչարյանի կալանքը՝ մինչև «կկվի կանչը»


Loading...


Loading...

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»:

Հրայր Թովմասյանն ակնհայտորեն ժամանակ է ձգում, որն ամենևին էլ պայմանավորված չէ ՍԴ վարույթում գտնվող գործի, այսպես ասած, իրավական բաղադրիչով։ Թովմասյանի պաշտոնավարումն, ըստ էության, «կախված է մազից»՝ հատկապես որ առաջիկայում Վահե Գրիգորյանն ընտրվելու է ՍԴ դատավոր ու հեղափոխության թիմը չի էլ թաքցնում վերջինիս ՍԴ նախագահ դարձնելու իր մտադրությունը։


Loading...

Այս համատեքստն, ըստ էության, փակուղային իրավիճակ է ստեղծում Հրայր Թովմասյանի համար։ Մի կողմից՝ նա գործում է հին համակարգի տրամաբանությամբ ու առնվազն հակված է ՍԴ այնպիսի որոշման, որի հիմքով Ռոբերտ Քոչարյանը կազատվի քրեական պատասխանատվությունից, մյուս կողմից՝ Թովմասյանը հասկանում է, որ ցանկացած նման որոշում իր համար կարող է ոչ միայն աթոռ արժենալ, այլ նաև նրան դարձնել հանրային ատելության հերթական թիրախը՝ դրանից բխող հետևանքներով։ Նման իրավիճակում Թովմասյանը թայմաուտ է վերցնում՝ սպասելով քաղաքական զարգացումներին։ Նա հնարավորինս կփորձի դիմադրել վեթինգի գործընթացի իրականացմանը՝ ռեստավրացիայի հնարավորություն թողնելով նախկին համակարգի համար, մյուս կողմից՝ կխուսափի կտրուկ շարժումներից վեթինգի գլխավոր զոհը չդառնալու համար։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Հրայր Թովմասյանից ավելին էր սպասում՝ նրան կարևոր դեր վերապահելով դավադրական այն ծրագրում, որը Հայաստանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմի» բաղադրիչ է։ Թովմասյանն, արդեն ասված պատճառներով, չի ցանկանում «կամիկաձեի» դեր ստանձնել ու պատահական չէ, որ հարուցել է երկրորդ նախագահի պաշտպանական թիմի զայրույթը։

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով ՍԴ որոշումը, ասել է, որ օրենքով սահմանած կարգով կարող է երկարաձգել մինչև հուլիսի 9-ը, սակայն դա նպատակահարմար ժամկետ չէ:

«Սա քիչ հանդիպող երևույթ է: Կարծում եմ, որ կարող էին ավելի սեղմ ժամկետ սահմանել»,- ասել է Արամ Վարդևանյանը:

Ինքնին հասկանալի է Քոչարյանի ու նրա թիմի ջղաձգության պատճառը։ Նրանք շատ կցանկանային ՍԴ՝ իրենց համար բարենպաստ որոշումն ունենալ հնարավորինս արագ՝ մինչև Վերաքննիչ դատարանի նիստը կամ գոնե դրան զուգահեռ։

Վաղը Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է նախկին նախագահին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքները: Մեծ հավանականությամբ՝ դատարանը վերստին Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացնելու, ահա, թե ինչու է ՍԴ որոշումն այնքան կենսական դառնում երկրորդ նախագահի համար։ Քոչարյանն ու նրա թիմը հրաշալի գիտակցում են, որ որքան ժամանակն անցնի, այնքան փոքրանալու է ՍԴ՝ իրենց համար բարենպաստ որոշման ընդունման հնարավորությունը։ Մի կողմից՝ վեթինգի գործընթացի հնարավոր մեկնարկը կաշկանդող գործոն է լինելու դատարանի համար, մյուս կողմից՝ Քոչարյանի նոր կալանավորումը բարոյապես մաշեցնելու է նրա աջակիցների ռեսուրսները։

Այս իրավիճակում Քոչարյանը թերևս համակերպվել է իր նոր կալանքի անխուսափելիության փաստի հետ ու դարձյալ փորձելու է մտնել քաղհալածյալի դերի մեջ։ Այս հարթության վրա ուշագրավ են երկրորդ նախագահի բազմաթիվ հայցերը տարբեր մարդկանց ու կազմակերպությունների, այդ թվում՝ «Առաջին լրատվական»-ի դեմ։

Վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի ներկայացրած հայցով «դատվելու» է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին: Այս դատական նիստը ևս տեղի կունենա վաղը:

Փաստորեն՝ ամբողջ դատական համակարգը դարձել է Քոչարյանի պատանդը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի