Եթե Չինաստանը միանա հայկական նախագծերին. սենսացիա Պեկինում





Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին:

Հանդիպմանը Սի Ծինփինը հիշեցրել է հայ-չինական մշակութային ու պատմական հարաբերությունների մասին եւ ավելացրել, որ դրանք նույնպես Մետաքսի ճանապարհի շնորհիվ էին:



«Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը:

Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով:



Թերեւս, Նիկոլ Փաշինյանի վարչապետության 1 տարվա ընթացքում սա ամենակարեւոր այցն է: Այցի հաջողությունը հնարավոր կլինի չափել Հայաստանի ճանապարհաշինարարությունում չինական ներդրումների ծավալով, բայց քաղաքական էֆեկտն իրապես ցնցող է:

Չինաստանի առաջնորդը ոչ միայն հաստատել է իր երկրի շահագրգռվածությունը Հայաստանը Մետաքսի ճանապարում ներառելու հարցում, այլ նաեւ հիշեցրել է հայկական քաղաքակրթության մասին, որը խորն արմատներ ունի:



Հիշեցնենք, որ անցյալ տարի հայկական քաղաքակրթության մասին ապրիլի 24-ի ուղերձում նշել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ճանաչված քաղաքակրթության առկայությունը հայ ժողովրդին ներառում է այն ազգերի ցանկում, որոնք բնիկ ժողովուրդների իրավունքով են օժտված:

Դժվար է ասել, թե Չինաստանն ինչ մասնակցություն կունենա Հայաստանի նախագծերում, առավել եւս, որ Հայաստանը պետք է օտարերկրյա ներդրումները համադրելի դարձնի իր չափերի հետ, որ էքսպանսիա թույլ չտա: Սրանք, սակայն, հարցեր են, որոնք կարելի է քննարկել ու պայմանավորվել:

Գլխավորը փոխադարձ շահագրգռվածությունն է նախագծերում, որոնք արդեն հռչակվել են ամենաբարձր մակարդակով:

https://www.lragir.am/2019/05/14/442998/

ԴԻՏԵԼ