«Եթե հարձակվեք՝ մենք էլ պատասխան հարձակման կանցնենք»․ Ադրբեջանը կարող է գնալ հակամարտության սրացման


Loading...


Loading...

Վերջին շաբաթներին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ զարգանում են բավական դինամիկ տեմպով։ Վիեննայում մարտի 29-ին կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից շուրջ երկու շաբաթ անց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովինախաձեռնությամբ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Հիմա էլ, ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ամերիկացի դիվանագետներն են իրեն ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր անձնական ջանքերն է գործադրելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար։

Տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով հարցին, քննադատել էՄամեդյարովին դիվանագիտական էթիկան խախտելու և միակողմանիորեն առաջիկա հնարավոր հանդիպման մասին ազդարարելու համար։ Նա նշել է, որ իրապես դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը, բայց քանի որ հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։

Անշուշտ, ադրբեջանական կողմի հայտարարությունները, քանի դեռ պաշտոնապես հաստատված չեն, չարժե հալած յուղի տեղ ընդունել, բայց մյուս կողմից՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի կազմակերպած հանդիպումից հետո նման հանդիպում նաև ամերիկացիների կողմից նախաձեռնելը այնքան էլ անհավանական չէ, ավելին՝ շատ հավանական է ու միանգամայն տրամաբանական, եթե հիշենք, որ սա ղարաբաղյան բանակցությունների առանձնահատկություններից մեկն է։ Նախկինում էլ Մոսկվան բազմիցս Մինսկի խմբին զուգահեռ եռակողմ ձևաչափով բանակցություններ է կազմակերպել հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ փորձելով ընդգծել իր առանցքային դերակատարումը այս հակամարտության կարգավորման գործընթացում, բայց հետո Վաշինգտոնն ու Փարիզը ևս նմանատիպ հանդիպումներ են հրավիրել հավասարակշռությունը Մինսկի խմբում պահպանելու համար։


Loading...

Վերջին ամիսների բանակցային գործընթացի հետ կապված մյուս կարևոր հարցն այն է, թե հիմնախնդրի կարգավորման կամ հանգուցալուծման ի՞նչ նախագիծ է այսօր դրված բանակցությունների սեղանին, և քննարկո՞ւմ են արդյոք կողմերը որևէ նախագիծ, ծրագիր, բանակցությունների ընթացքում անդրադառնո՞ւմ են կարգավորման հիմնարար կետերին։ Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվայի հանդիպումից հետո հայտարարեց, թե ներկայումս քննարկվում են 2016 թ. ռուսական առաջարկները։ ՀՀ ԱԳՆ-ն, սակայն, հերքել է դա՝ ասելով, որ ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ա. Նաղդալյանի խոսքերով՝ քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

– Պարոն Եվսեև, Մամեդյարովն ըստ էության ակնարկեց այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրի» մասին, բայց հայկական կողմն ասում է, որ այսօր կարգավորման որևէ ծրագիր չի քննարկվում։ Դուք ի՞նչ եք կարծում՝ նման նախագիծ քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ո՞վ է երկու կողմերից ճիշտ։

– Կարծում եմ, որ կոնկրետ ծրագիր, ամենայն հավանականությամբ, չի քննարկվում, որովհետև կարգավորման գործընթացը առաջ մղելու համար նախ և առաջ հարկավոր է բարենպաստ միջավայր, նախադրյալներ ստեղծել բովանդակային բանակցությունների համար։ Ծրագրեր շատ կան։ Կան, օրինակ, նորացված Մադրիդյան սկզբունքները, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց աջակցությունն են հայտնել դրանց։ Ծրագրերը շատ են, բայց հարցն այն է, որ կողմերը պատրաստ չեն փոխզիջումների, ուստի ես կարծում, որ այսօր պետք է խոսել ոչ թե այդ ծրագրերի, նախագծերի և ոչ էլ նույնիսկ այն մասին, որ Ստեփանակերտը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ,- դա ակնհայտ է, Ադրբեջանն է դրան կողմ,- այլ պետք է ասել՝ եկեք նվազեցնենք լարվածությունը շփման գծում, եկեք հետ քաշենք ծանր զինատեսակները առաջնագծից, եկեք ինչ-որ քայլեր ձեռնարկենք լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Տարածքային ցանկացած հարց քննարկելուց առաջ նախ պետք է նվազեցնել լարվածությունը շփման գծում։ Իսկ ես չեմ տեսնում այդ նվազեցումը. կողմերը առաջվա պես պատրաստ են պատերազմի, ընդ որում, Ադրբեջանում պատրաստ են հարձակողական պատերազմի, իսկ Հայաստանում պատրաստ են պատասխան հարձակողական գործողությունների։ Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է խոսել տարածքների փոխանակման մասին։ Ես դրան չեմ հավատում։ Ես կարծում եմ, որ դեռ շատ բան պետք է անել, որպեսզի այդ հարցն ընդգրկվի օրակարգի մեջ։ Տարածքների որևէ փոխանակում չի կարող լինել, դեռ շատ վաղ է դրա մասին խոսել։ Դա ապագայի հարց է, բայց պարզ չի, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Ուստի, այստեղ չի կարող լինել ոչ մի «Լավրովի ծրագիր»։ Այսօրվա իրավիճակում սխալ է խոսել հիմնախնդրի կարգավորման մասին։ Եթե հարցնեն՝ պատրա՞ստ եք կարգավորմանը՝ ադրբեջանական կողմը կարող է ասել՝ «ոչ»։ Հայկական կողմն էլ կասի՝ «եթե հարձակվեք՝ մենք էլ պատասխան հարձակման կանցնենք»։ Ահա և վերջ։ Այսինքն՝ սխալ հարցից են սկսում բանակցությունները։

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Լավրովը հենց այդ նպատակո՞վ էր նախաձեռնել Մոսկվայի հանդիպումը՝ ջանքեր գործադրելու նվազեցնե՞լ լարվածությունը։

– Գիտեք, ես կարծում եմ, որ Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահող երկիր փորձում է իրագործել որոշակի պայմանավորվածություններ, որոնք նախկինում համաձայնեցվել են։ Օրինակ՝ Կազանյան փաստաթուղթը։ Ռուսաստանը կարող է վերադառնալ դրան, բայց այլ հարց է՝ որքանո՞վ են կողմերը պատրաստ այդ փաստաթուղթը ընդունելուն։ Բայց կա մեկ այլ կարևոր հանգամանք՝ հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և քննարկում են Լեռնային Ղարաբաղի հարցը։

Բայց Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու համար պետք է ներկա լինի նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն ուզում է բարենպաստ ֆոն ստեղծել, բայց այդ ֆոնը առայժմ որևէ բանի վրա հիմնված չէ։

– Իսկ Մոսկվան երկարաժամկետ նպատակներ ունի՞ այս պրոցեսում։

– Ռուսաստանը համաձայն է նորացված Մադրիդյան սկզբունքների հետ, ռուսաստանցի համանախագահը պաշտպանել է այդ սկզբունքները, հետո ի՞նչ։ Միջազգային պրակտիկայում կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Օրինակ՝ փաստաթուղթը Գոլանի բարձունքների նկատմամբ Սիրիայի իրավունքների մասին, բայց Գոլանի բարձունքները անեքսիայի են ենթարկվել Իսրայելի կողմից, և Միացյալ Նահանգները ճանաչել է Իսրայելի իրավունքներն այս տարածքի նկատմամբ։ Նույնիսկ այսպիսի փաստաթղթերը չեն աշխատում, իսկ դուք խոսում եք հիմնախնդիրը պատերազմի պայմաններում լուծելու մասին։ Պատերազմի պայմաններում նման փաստաթղթերը պարզապես չեն աշխատում։ Հարցը ծրագիրը չէ, որովհետև այս խնդիրը պետք է լուծեն ոչ թե ռուսները, այլ հայերն ու ադրբեջանցիները, ընդ որում՝ առաջին հերթին այն հայերը, որոնք ապրում են Ղարաբաղում։

– Միջազգային իրադրության հարցն էլ շատ կարևոր է հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից։ Ռուս-ամերիկյան դիմակայության այս շրջափուլում Մոսկվան և Վաշինգտոնը շարունակո՞ւմ են համագործակցել Լեռնային Ղարաբաղի հարցում, թե՞ նրանց աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվել է նաև Մինսկի խմբի ձևաչափ։ Մոսկվայի հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ հիմա էլ Վաշինգտոնից են հրավիրել երկու արտգործնախարարներին պետքարտուղարի հետ հանդիպման։ Ի՞նչ է սա նշանակում։

– Դա նշանակում է հետևյալը։ Երբ Ռուսաստանը որևէ բան է կազմակերպում, օրինակ՝ համաժողով Աֆղանստանի հիմնախնդրի կարգավորման թեմայով, Վաշինգտոնում անմիջապես սկսում են անհանգստանալ, թե ինչո՞ւ իրենք առաջինը չեն կազմակերպել նման հանդիպում։ Սա արդեն կապ չունի միջազգային հարաբերությունների հետ։ Սա խոսում է ամեն ինչում առաջինը լինելու, ինչպես ասում են՝ «ամեն տակառի խցան» լինելու մոլուցքի մասին։ Նկատի ունեմ ամերիկացիներին։ Ուստի բնական է՝ երբ Ռուսաստանը նման հանդիպումներ է կազմակերպում, ամերիկացիները նեղվում են, որ իրենք չեն եղել առաջինը, այդ պատճառով դրանից անմիջապես հետո իրենք են նման հանդիպում կազմակերպում։ Ինչպես Զելենսկին մեկնեց Փարիզ, հետո Պորոշենկոն նախ վազեց Բեռլին, հետո՝ Փարիզ։ Դա հենց այս շարքից է։ Միջազգային հարցերն այսպես չեն լուծվում, առավել ևս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Նրանք ուղղակի նախանձում են։ Ես կարծում եմ, որ դա չի նպաստում հիմնահարցի լուծմանը։

– Այսպիսով, Դուք կարծում եք, որ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն ավելացե՞լ են։

– Ռիսկը կախված է ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի պատրաստակամությունից։ Նախորդ տարվա ապրիլի վերջից Ադրբեջանը հույս ուներ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը Ղարաբաղն իրեն կնվիրի, բայց այս շրջանն արդեն ավարտվել է, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը փաստացի հայտարարեց, որ հայկական կողմը ադրբեջանական կողմի հնարավոր հարձակմանը կպատասխանի հարձակումով։ Նման միամտությունների շրջանը Բաքվում ավարտվել է, և դրանից հետո ռիսկերը, բնականաբար, ավելացել են։ Բայց պատճառն այն չէ, որ, ասենք, Ադրբեջանը նոր սպառազինություն է ստացել։ Պարզապես մեծացել է քաղաքական այն ռիսկը, որ կարող է որոշում ընդունվել հարձակման մասին։ Բարեբախտաբար, անորոշության այս շրջանը Հայաստանի համար հենց այսպես ավարտվեց, և պարզ դարձավ, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ բան զիջել, և եթե պետք լինի՝ Հայաստանը կկռվի ու արժանի հակահարված կտա։ Այս պայմաններում Ադրբեջանն, ըստ երևույթին, կգնա հակամարտության սրացման Լեռնային Ղարաբաղի գոտում։ Ես այսպես եմ կանխատեսում իրադարձությունների զարգացումը։

https://www.1in.am/2546047.html