Նոր բարդ պրոբլեմ Փաշինյանի համար





Արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք Ադրբեջան-Եվրամիություն բանակցություններին և առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հնարավոր ձևակերպումների թեմային:
Ինչպես հայտնի է, Հայաստանի հետ ստորագրված ԵՄ-Հայաստան համաձայնագրում հայկական կողմի համար նպաստավոր տեքստ է, կարգավորման հիմնական սկզբունքներին հավատարմության մասին արձանագրում:

Մտավախություններ կային, որ ադրբեջանական կողմը կփորձի այդ տեքստը փոխել և պահանջել եվրոպացի գործընկերներից՝ փոփոխել և ադրբեջանական համաձայնագրում օրինակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն ներկայացնել:



Օրերս Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը, ըստ Minval.az-ի, գրել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես «Ադրբեջանի անբաժան մաս»: Նրա խոսքով` ԵՄ-ն հանդես է գալիս այդ դրույթի դեմ: «Օրինակ` փաստաթղթերում, որոնք ԵՄ-ն ստորագրել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ, այդ երկրների օկուպացված տարածքները նշված են որպես դրանց անբաժան մասեր»,- գրում է Մամեդովը:

Իհարկե, Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու չէ արդեն իսկ այդ թեմայով հայտարարություններ անել, որովհետև վերջին պահին էլ ամեն ինչ կարող է փոխվել թե՛ ի օգուտ պաշտոնական Բաքվի, թե՛ ի վնաս:



Սակայն Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Բաքու-Բրյուսել գործընկերության մասին համաձայնագրի շուրջ ընթացող իրադարձությունները: Պաշտոնական Բաքուն վստահեցնում է` ԵՄ-ն չի հրաժարվում համաձայնագրում Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի կարող լինել քննարկումների առարկա, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

«Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Հավաստիացնում եմ, որ, ինչպես ԵՄ-Ադրբեջան մյուս երկկողմ և բազմակողմ փաստաթղթերում և ԵՄ ինստիտուտների բանաձևերում ու հայտարարություններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի կարող լինել քննարկման առարկա»,- ասել է Աբդուլաևան:



Նշանակո՞ւմ է արդյոք, որ ԵՄ-Ադրբեջան բանակցություններն այս հարցով արդեն կանխորոշված են: Եթե այո, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը գերակայելու է այդ փաստաթղթում, ապա դա կլինի պաշտոնական Երևանի կողմից լուրջ պարտություն ղարաբաղյան թեմայով: ԵՄ-ն ոչ մի դեպքում չպետք է խախտի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի հարցում և պետք է աշխատի հավասարության սկզբունքով:

Մետաքսյա Շալունց

https://hayeli.am/?p=130643&l=am

ԴԻՏԵԼ