Միհրան Պողոսյան-ԱԱԾ․ 1։0 հօգուտ Միհրանի





ԴԱՀԿ նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրի հասցեն: «ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։

Մասնավորապես, հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։
Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսահամարը։
Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է»,- ասված է տարածված հայտարարության մեջ։



Մինչ այդ՝ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով:



Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:
Թվարկված են նաև նախկին ԴԱՀԿ պետին վերագրվող այլ մեղադրանքներ, որոնց
հիմքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հետախուզում հայտարարելուց առաջ Միհրան Պողոսյանը որպես վկա հրավիրվել էր հարցաքննության։ Սակայն ԴԱՀԿ նախկին պետը հրաժարվել էր ներկայանալ և պնդել էր, որ իրեն հարցաքննեն տեսակապի միջոցով։ Իրավապահներն իրենց հերթին նշել էին, թե նման ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ Իսկ արդեն հետախուզում հայտարարելուց անմիջապես հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իրենց հայտնի է Պողոսյանի գտնվելու վայրը։



Եվ ահա ԴԱՀԿ նախկին պետ, արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանը դուխով հակահարված է հասցնում՝ հրապարակելով է իր մոսկովյան հասցեն։ Պետք է ենթադրել, որ Միհրան Պողոսյանը ՌԴ քաղաքացիություն ունի և համոզված է, որ ռուս իրավապահներն իրեն ՀՀ իշխանություններին չեն հանձնելու, հակառակ պարագայում այդքան ինքնավստահ կեցվածքով հանդես գալն անմտություն կլիներ։

Հայկ Դավթյան

https://hayeli.am/?p=130646&l=am

ԴԻՏԵԼ