Հայաստանում սաբոտաժի ալիք է բարձրանում





Հայաստանում կարծես թե սաբոտաժի ալիք է բարձրանում: Ձեռնարկությունների աշխատակիցները, որոնց շահույթները վտանգի տակ են հայտնվում, պահանջում են կրճատումներ չանել: Վերջին 10 օրերին այդ պատկերը տեսանելի է առնվազն 3 խոշոր ձեռնարկությունոններում՝ Սպայկա, Արարատի ցեմենտի գործարան եւ Գազպրոմ-Արմենիա:

Հիշեցնենք, որ Սպայկան խոշոր ընկերությունն է, որը զբաղվում է գյուղարտադրանքի մթերմամբ ու արտահանմամբ: Ընկերության գործունեության դադարեցումը, որի տնօրենը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, կարող է հանգեցնել ոչ միայն աշխատակիցների կրճատման, այլ նաեւ գյուղարտադրանքի մթերման սխեմայի խախտման:



Գազպրոմ-Արմենիան հայտարարել է, որ մտադիր է կրճատել հաստիքակազմը, որովհետեւ կառավարությունը չի ցանկանում սպառողների համար բարձրացնել գազի գինը եւ կոչ է անում Գազպրոմ-Արմենիային օպտիմալացնել ծախսերը:

Արարատի ցեմենտի գործարանը տուժում է գազի բարձր գներից: Դրա պատճառով իրանական ցեմենտը տեղականից ավելի էժան է: Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, որպեսզի Արարատի գործարանը չտուժի: Բայց գործարանի ղեկավարությունը մտադիր է կրճատել աշխատակիցներին:

Երեք դեպքում էլ շանտաժի գործոնն ու սաբոտաժի սպառնալիքն ակնհայտ են: Պետությունը փորձում է իր կարգավորող դերը կատարել, բայց ատկատների ու պայմանավորվածությունների հին սխեմաներին սովոր ընկերությունները չեն կարողանում կառավարության հետ իրավական լեզու գտնել ու շանտաժի են դիմում:

Փորձագետները նշում են, որ դա բնական գործընթաց է, ինչպես կարեւոր շուկաների տրանսֆորմացիան եւ անգամ սեփականության վերաբաշխումը: Երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, եւ դա չի կարող չարտացոլվել տնտեսության վրա:



Բայց այս ամենում կա նաեւ կառավարության քաղաքականության հարցը: Կառավարությունը պե՞տք է սահմանափակվի կարգավորող դերով՝ հավաքի հարկերը, եթե անգամ դա կարող է հանգեցնել ձեռնարկության փակմանը, մտածի նոր հարկեր, որոնք կընկնեն տեղական շինարարների ուսերին: Թե՞ կառավարությունը կարող է խրախուսել այլընտրանքի ստեղծումը:

Ի վերջո, ձեռնարկությունների մեծ մասը, որոնք շանտաժի են դիմում, խոշորն են իրենց ոլորտում՝ թե Սպայկան, թե Գազպրոմը, թե Արարատցեմենտը: Կարեւոր չէ, թե ինչպես է կոչվում մենաշնորհը՝ բնական, թե գերիշխող: Հարցն այն է, որ պետությունը «բնական» է համարում երկրում մենաշնորհների գոյությունը, իսկ տնտեսագետները դա բացատրում են «փոքր շուկայով», որը «երկուսի չի բաժանվում»:



Օրինակ, ի՞նչն է խանգարում Հայաստանի կառավարությանը ազգային պետական ընկերություն ստեղծել, որը կզբաղվի գազի բաշխմամբ: Սկզբում թող լինի մի քաղաքում, մի շրջանում, բայց Գազպրոմ-Արմենիան թիկունքում կզգա մրցակիցների շնչառությունը եւ չի կարող շանտաժով զբաղվել:

Ի՞նչն է խանգարում պետական ձեռնարկություն ստեղծել, որը կզբաղվի գյուղմթերքի մթերմամբ, թեկուզ ցույց տալու համար, որ Սպայկային այլընտրանք կա, եւ բերքը դաշտում չի մնա, եթե անգամ Սպայկան փակվի:

Հայաստանն իրոք փոքր շուկա է, բայց հիմնականում զբաղեցված է կամ օտարերկրյա, կամ տեղական օլիգարխիկ ձեռնարկություններով: Տնտեսական հեղափոխությունը, շուկաների վերաբաշխումն անհնար է առանց գերիշխող ընկերությունների պայմանագրային հիմքերի վերանայման, այդ թվում՝ հաղորդակցությունների, հանքերի, ֆինանսների, էներգակիրների ոլորտներում: Մի խոսքով, այնտեղ, որտեղ մեծ փողեր են պտտվում: Այնտեղ, որտեղ վերանայումն անհնար է, միշտ պետական այլընտրանք ստեղծելու տարբերակ կա:

Հակառակ դեպքում, կառավարությունը ստիպված է լինելու կամ լուռ հետեւել, թե ինչպես են այդ ընկերությունները շանտաժի ենթարկում պետությանը, հեռացնում մարդկանց ու ընդվզում հասունացնում, կամ էլ ելնելով սոցիալական պատասխանատվությունից, նրանց հետո նոր, կոռուպցիոն գործարքներ կնքել:

https://www.lragir.am/2019/04/15/435251/

ԴԻՏԵԼ