Երբ մարտի 19-ին նախկին օդաչու Հակոբ Ճաղարյանը նշանակվեց վարչապետի խորհրդական, լուրեր տարածվեցին, որ նրան պատրաստում են Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնի համար։ 6-7 ամիս պաշտոնավարած Տաթևիկ Ռևազյանը պարզվեց ոչ միայն հայերենին չի տիրապետում, այլև ավիացիայի ոլորտին։

Պատմում էին, որ համակարգի հնաբնակների, մանավանդ օդաչուների հետ հանդիպումների ժամանակ նա տարակուսանք առաջացնող անտեղյակություն է ցուցաբերում և տարեց օդաչուներն ուղղակի ծաղրում են նրան։ Վերջին շրջանում Հակոբ Ճաղարյանն ինտենսիվորեն զբաղվում է ոլորտի հարցերով։



Ասենք, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Զվարթնոց օդանավակայանի պատվիրակության և Մարտին էռնեկյանի հետ հանդիպմանը ոչ թե Ռևազյանն է մասնակցել, այլ Ճաղարյանը։ Նա կարծիք է հայտնում, հարցազրույցներ տալիս այդ թեմաներով։ Իսկ իշխանական մամուլը սկսել է նրա փիառն անել, ինչը խոսում է այն մասին, որ շուտով նրա նշանակումը կլինի։



Ի դեպ, ըստ որոշ լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր պաշտոնավարման մեկ տարին լրանալուն պես գործադիրում մեծ փոփոխություններ անել։ Այսպես ասած, իրենց չարդարացրած կադրերին ազատել և նորերին նշանակել, ինչը կրկին ինչ որ ժամանակով հույսեր կներշնչի հանրությանը։

https://hraparak.am/post/863467864