Փաշինյանն ուժեղացրել է ճնշումը Վիեննայում. նա ոչ մի դեպքում չի հրաժարվի իր խոսքերից





Երևանի ժամանակով ուղիղ 14։00-ին, հանդիպման վայրը՝ Վիեննա, «Բրիստոլ» կոչվող շքեղ հյուրանոց։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ավստրիական կողմի ներկայացուցիչները սպասասրահում սպասում են կարևոր հյուրերի։ Ժամանակ առ ժամանակ նայում են ժամացույցին, մտքեր փոխանակում միմյանց հետ, ժպտում։ Շուտով այստեղ են գալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ովքեր առաջին անգամ պիտի պաշտոնական բանակցություններ անցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։ Այստեղ են նաև երկու երկրների արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Նրանք նախօրեին են հանդիպելմիմյանց ու նաև Մինսկի խմբի միջնորդների հետ։ Վերջապես ժամանում է Նիկոլ Փաշինյանի մեքենան։ Նրան դիմավորում է Հայաստանի արտգործնախարարը։ Հետո գալիս է Ալիևը։ Երկու երկրների ղեկավարներին ուղեկցում են այն սրահը, որտեղ պիտի տեղի ունենան ընդլայնված կազմով հանդիպումն ու Փաշինյան-Ալիև առանձնազրույցը։ Մամուլի ներկայացուցիչներին, ըստ արարողակարգի, թույլատրում են մի քանի րոպե աշխատել՝ կադրեր անել, լուսանկարել։ Հետո բոլորին, բնականաբար, շնորհակալություն են հայտնում և դուրս հրավիրում։ Թե ինչ կխոսեն փակ դռների ետևում, առայժմ հայտնի չէ։ Այդ խոսակցության բովանդակության մի մասն ավելի ուշ կհրապարակվի՝ տարբեր մեկնաբանություններով, մի մասն էլ կմնա գաղտնի՝ կա՛մ հետագայում դառնալով պատմության սեփականությունը, կա՛մ այդպես էլ մնալով անհայտ։

Հանդիպում՝ առանց օրակարգի

Լրագրողները նույնիսկ պատմական որակեցին այդ հանդիպումը՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ադրբեջանի անփոփոխ ղեկավարը դեռ պաշտոնական մակարդակով չէր հանդիպել Հայաստանի նոր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի դրանից՝ հանդիպման վայրն էլ նշանավոր է։ 1892 թվականին կառուցված այս հյուրանոցում ժամանակին հանդիպումներ են անցկացրել այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։

Անշուշտ, երկու առաջնորդներն արդեն հասցրել էին հանդիպել Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում։ Բայց Փաշինյանը հստակեցրել էր, որ դրանք եղել են ոչ թե պաշտոնական բանակցություններ, այլ շփումներ, զրույցներ՝ միմյանց մոտեցումներին, տեսակետներին, ընկալումներին ավելի լավ ծանոթանալու նպատակով։ Այս հանդիպումն էլ Փաշինյանն անվանել էր «հանդիպում առանց օրակարգի», քանի որ իր կարծիքով՝ բանակցությունների ձևաչափը հստակեցնելու կարիք կա, և քանի դեռ այս հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, ադրբեջանական կողմի հետ շփումները պաշտոնական չեն կարող համարվել։

Խոսքը, իհարկե, բանակցային գործընթացին Արցախի ղեկավարությանը ուղղակիորեն ներգրավելու, այլ խոսքերով՝ 90-ականների պատերազմից հետո Բուդապեշտում՝ ԵԱՀԿ գագաթնաժողովին հաստատված եռակողմ ձևաչափը վերականգնելու մասին է։ Բաքուն կտրականապես մերժում է այս մոտեցումը՝ դա համարելով «բանակցությունները փակուղի մտցնելու և տապալելու փորձ»։ Երևանում, իհարկե, սրանից զարմացած չեն ու բացատրում են՝ ոչ ոք չէր սպասում, որ Ալիևը անմիջապես  համաձայնություն կտա։ Ամեն դեպքում սա սկզբունքային հարց է հայկական կողմի և առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։



Հայաստանի կառավարության ղեկավարը հատուկ ընդգծում է, որ իր կողմից այս հարցը բարձրացնելը քմահաճույք չէ, առավել ևս նախապայման չէ, այլ բանակցությունների արդյունավետությունն ապահովելու, վերջապես բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման լեգիտիմության հարց, որովհետև Արցախի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա իր ճակատագրի որոշման գործընթացում։ Միևնույն ժամանակ, հասկանալով, որ արցախյան կողմի համար բանակցությունների սեղանի շուրջ աթոռ ավելացնելու հարցն անմիջապես չի կարող լուծվել, և դա համառ աշխատանք ու երկարատև ջանքեր է պահանջում, Փաշինյանը չի այրում բոլոր կամուրջները և դուրս չի գալիս կառուցողական դաշտից՝ ընդգծելով, որ իր այս հայտարարությունները ոչ թե մարտահրավեր են, այլ երկխոսության հրավեր՝ այն երկխոսության, որը սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Դուշանբեում, ապա շարունակվել Սանկտ Պետերբուրգում և Դավոսում։

Շարունակե՞լ երկխոսությունը, թե՞ կրակել

Այս պայմաններում, իհարկե, դժվար է լուրջ արդյունքներ ակնկալել նույնիսկ պաշտոնապես կազմակերպված հանդիպումից։ Պարզ չէ՝ ի՞նչ օրակարգ են միջնորդներն առաջարկել հանդիպման համար, ո՞րն է այս գագաթնաժողովի կազմակերպման նպատակը, և կողմերի այս հակադիր դիրքորոշումների, խորացող հակասությունների և առճակատման պայմաններում ի՞նչ հեռանկարներ ունի ընդհանրապես խաղաղության գործընթացը։ Այս հարցը, անշուշտ, շատ կարևոր է առաջին հերթին հակամարտության գոտում, շփման գծում ռազմական իրադրությունը վերահսկելի պահելու առումով, որովհետև ռազմական իրավիճակն ուղղակիորեն կապված է դիվանագիտությունից և քաղաքական զարգացումներից։

Հատկապես Ադրբեջանի պարագայում շփման գծում հրադադարի ցանկացած լուրջ խախտում, սադրանք, դիվերսիա քաղաքական ակցիա է՝ քաղաքական նպատակներով։ Ու չի բացառվում, որ հասել ենք մի շրջադարձային կետի, երբ կողմերը կա՛մ պիտի փորձեն ինչ-որ համաձայնության հասնել բանակցությունների հարցի շուրջ և գոնե ձևականորեն պահպանեն ձևավորված երկխոսությունը, կա՛մ էլ սկսեն այլընտրանքներ փնտրել դիվանագիտությանն ու բանակցություններին։ Թե ո՞րն է խաղաղ բանակցությունների այլընտրանքը՝ բոլորի համար էլ թերևս պարզ է։ Ինչպես հին ու փորձված ճշմարտությունն է ասում՝ երբ դադարում են խոսել դիվանագետները, գործի են դրվում հրանոթները։ Այս տեսանկյունից և այս համատեքստում Վիեննայի հանդիպումն ու միջնորդների ջանքերը մեծ կարևորություն ունեն։

Փաշինյանը հստակեցում է պահանջում

Վիեննայի բանակցությունների հետ կապված մյուս կարևոր հարցը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այն 3 սկզբունքների և 6 լրացուցիչ տարրերի հետ, որոնք իրենց վերջին հայտարարության մեջ վերաշարադրել էին Մինսկի խմբի համանախագահները՝ բուռն քննարկումներ ու բանավեճեր հրահրելով բանակցությունների սեղանին դրված նախագծի շուրջ՝ հատկապես Հայաստանում։ Եվ եթե պաշտոնական Ստեփանակերտը, ի դեմս Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի, շատ հստակ հայտարարեց, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և պետք են նոր՝ իրատեսական մոտեցումներ, ապա Փաշինյանն ասաց, որ ներկայացված կետերն ու սկզբունքները պարզաբանումների կարիք ունեն։

Ազգային ժողովում նա հայտարարեց, որ չի կարող կարծիք հայտնել ներկայացված առաջարկների մասին, քանի դեռ չի լսել համանախագահների մեկնաբանությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող «հիմնական հասկացությունների» վերաբերյալ։ Փաշինյանը լուրջ խնդիրներ է տեսնում ադրբեջանական կողմի մեկնաբանությունների մեջ՝ դրանք համարելով անընդունելի։ Մասիս Մայիլյանն իր հերթին՝ ռուսական «Ռեգնումին» տված հարցազրույցում ասել է, որ եռանախագահների ներկայացրած սկզբունքները կտրականապես անընդունելի են և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար՝ առաջին հերթին անվտանգության տեսանկյունից։ Ի դեպ, Վիեննա մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ վերջինիս հետ քննարկելով Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր։

Համանախագահները գոհ են

Տեղում աշխատող լրագրողների հաղորդմամբ՝ բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են շուրջ 3 ժամ և 15 րոպե, Փաշինյան-Ալիև առանձնազրույցը՝ ավելի քան 2 ժամ։ Բանակցությունները սկսվել են ընդլայնված կազմով՝ համանախագահների և արտգործնախարարների մասնակցությամբ, հետո վերջիններս մենակ են թողել ղեկավարներին։ Փաշինյանի ու Ալիևի՝ «տետ ա տետ» բանակցությունների ավարտին եռանախագահներն ու արտգործնախարարները կրկին միացել են նրանց։ Հիմնական բանակցողները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, չեն պատասխանել լրագրողների հարցերին։

Միայն Փաշինյանը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցի հարցին պատասխանել է, թե «հանդիպումը նորմալ է անցել»։ Ալիևն էլ հորդորել է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ կպատմեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին փոքրիկ մեկնաբանություններ են տվել նաև համանախագահները։ Հյուրանոցից հեռանալիս նրանք լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում դրական են գնահատել բանակցությունների ընթացքը և ասել, որ դրանք արդյունավետ են։



«Սա երկար, հագեցած ու հետաքրքիր խոսակցություն է, որը թույլ է տալիս հստակեցնել երկու երկրների առաջնորդներից յուրաքանչյուրի դիրքորոշումները։ Այս տեսանկյունից մենք գոհ ենք և հույս ունենք, որ այս խոսակցությունը կշարունակվի մոտ ժամանակներում։ Սա այն ամենն է, որ առայժմ կարող եմ ձեզ ասել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին։

Հարցին, թե ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, ֆրանսիացի դիվանագետը պատասխանել է՝ երբ ղեկավարներն ու արտգործնախարարները պայմանավորվեն։

 

Փաշինյանն ուժեղացնում է ճնշումը

«Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկիմեկնաբանությամբ՝ Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների հետ կապված առաջին հատկանշական փաստն այն է, որ սա Փաշինյանի և Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և ըստ էության՝ Վիեննայի հանդիպմանը տեղի ունեցավ Փաշինյանի լեգիտիմացումը՝ որպես Հայաստանի կողմից գլխավոր բանակցողի։ Իսկ թե որքանո՞վ է սա ձեռնտու Ադրբեջանին՝ այլ հարց է։

Ինչ վերաբերում է «Բրիստոլում» տեղի ունեցած փակ խոսակցության բովանդակությանը՝ Գրիգորի Տրոֆիմչուկը ենթադրում է, որ քննարկված հարցերի թվում անդրադարձ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում բարձրացված հարցերին՝ մասնավորապես բանակցային գործընթացին Արցախի ներկայացուցիչներին ներգրավելու մասին։



Ռուսաստանցի փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վիեննայի հանդիպմանը վստահաբար քննարկվել են նախապես Երևանի կողմից հայտարարված նորարարությունները. «Այս իմաստով Հայաստանի վարչապետը միայն ու միայն ուժեղացնելու է ճնշումը ադրբեջանական կողմի նկատմամբ, և չարժե սպասել, որ նա կհրաժարվի իր խոսքերից՝ մասնավորապես այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին։ Ես բազմիցս նշել եմ, որ նա Սերժ Սարգսյանը չէ։ Փաշինյանը Ադրբեջանի համար շատ ավելի բարդ բանակցող է։ Այլ պրակտիկ արդյունքներ չարժե ակնկալել Վիեննայի հանդիպումից։ Առավել ևս չարժե սպասել հայկական կողմից տարածքային ինչ-որ զիջումներ Ադրբեջանին»։

Նպատակն ու արդյունքները

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամփոփիչ հայտարարությանը Վիեննայի գագաթնաժողովի արդյունքների մասին՝ ռուսաստանցի վերլուծաբանը վստահ է, որ համանախագահները չեն կարող այնպիսի դիրքորոշում արտահայտել, որը կտարբերվի մինչև այս հանդիպումը իրենց կողմից որդեգրված մոտեցումներից, որոնք հիմնված են այս տարիների ընթացքում Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և արձանագրությունների վրա։
Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի նոր ղեկավարի և Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը կազմակերպելու նպատակը, Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով, այն էր, որ ցույց տան միջազգային հանրությանը, որ իրենք կարող են նման հանդիպումներ կազմակերպել ու ապահովել խաղաղ բանակցությունների շարունակականությունը։ Նույնը վերաբերում է բանակցությունների արդյունքներին։ Մինսկի խմբի համանախագահներին պետք էր հաշվետու լինել համաշխարհային հանրությանը, որ իրենք ակտիվ ջանքեր են գործադրում հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Թերևս հենց այդ պատճառով Ադրբեջանի նախագահը, դուրս գալով բանակցությունների սենյակից, կոչ արեց ԶԼՄ-ներին սպասել Մինսկի խմբի հայտարարությանը։

Փորձնական հանդիպում

Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման վայրն էլ Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխզիջման արդյունք է, քանի որ սկզբում խոսում էին այն մասին, որ երկու առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումը կայանալու է Միացյալ Նահանգներում։ Բայց, ի վերջո, Վաշինգտոնը չի փորձել սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ընտրվել է ավելի չեզոք տարածք՝ Ավստրիան։

«Սա ստուգողական, փորձնական հանդիպում է, որը պիտի օգնի Մինսկի խմբի համանախագահներին հասկանալ, թե ի՞նչ կոնկրետություն նրանք պիտի ցուցաբերեն, առաջարկեն այսուհետ։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները շատ ուշադիր հետևում է այս բանակցությունների ընթացքին և արդյունքներին»։

Կոնսենսուս չարժե ակնկալել

Իսկ որքանո՞վ հաջողվեց միջնորդներին և իրենց՝ առաջնորդներին ինչ-որ կերպ մոտեցնել իրենց դիրքորոշումները բանակցությունների ձևաչափի վերաբերյալ, որովհետև Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել էր՝ քանի դեռ ձևաչափը չի համաձայնեցվել, շփումները ադրբեջանական կողմի հետ չեն կարող պաշտոնական համարվել։

Անդրադառնալով այս հարցին՝ Տրոֆիմչուկը կարծիք հայտնեց, որ համաձայնություն Փաշինյանի և Ալիևի միջև բանակցությունների ձևաչափի հարցի շուրջ հնարավոր չէ, քանի որ սա սկզբունքային հարց է, որը կարող է փոխել ամեն ինչ։

«Կարծում եմ, որ Ադրբեջանին պարզապես պետք էր ավելի հանգիստ մթնոլորտում լսել այն, ինչը պիտի կրկներ Նիկոլ Փաշինյանը իր կողմից ներկայացված կետերի մասին, իսկ հետո անել եզրակացություններ։ Բայց ուզում եմ ընդգծել, որ կողմերի դիրքորոշումներն այս հարցի շուրջ ոչ մի դեպքում չեն մոտենա իրար և չեն համընկնի։ Ադրբեջանը չի համաձայնի, որ բանակցությունների սեղանի շուրջ նստեն նաև Ղարաբաղի ներկայացուցիչները»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը։

https://www.1in.am/2532885.html

ԴԻՏԵԼ