Հրատապ. Ադրբեջանը վերցրին օղակի մեջ. Մոսկվան հետ չմնաց Թեհրանից





ՌԴ արտգործնախարարության կայքում մարտի 12-ին հայտնվել է դիմում, ուղղված ՌԴ քաղաքացիներին, որոնք պատրաստվում են այցելել Ադրբեջան: ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը խնդիրներ է առաջացնում ծագումով հայերի համար, որոնք փորձում են մուտք գործել Ադրբեջան: Ռուսաստանի արտգործնախարարությունը ՌԴ քաղաքացիներին զգուշացնում է հայկական ծագում ունենալու դեպքում Ադրբեջան մուտք գործելու ռիսկերի մասին, նշելով, որ իր քաղաքացիների հանդեպ խտրություն ցույց չտալու Ադրբեջանին ուղղված ՌԴ կոչերը մնում են անարդյունք: Ընդ որում, հետաքրքիր է ձեւակերպումը, որ խտրություն չցուցաբերելու կոչերը «անտեսվում» են:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրը նոր չէ, ունի տեւական պատմություն, ու հենց այդ առումով էլ ուշագրավ է, որ նոր է հնչում ՌԴ ԱԳՆ հայտարարություն զգուշացումը: Ընդ որում, եթե այն ուղիղ իմաստով զգուշացում է ՌԴ քաղաքացիներին՝ մասնավորապես հայկական ծագումով, ապա քաղաքական իմաստով էլ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը զգուշացում կամ նախազգուշացում է Բաքվին:



Հարց է, թե որն է, կամ ինչը կարող է լինել այդ քաղաքական տողատակի շարժառիթը: Այդ իմաստով հատկանշական է քաղաքական ֆոնը, որում հնչում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Հայկական դիտանկյունից այն իհարկե անմիջականորեն ասոցացվում է կամ դիտարկվում արցախյան հարցի պրիզմայով, ըստ այդմ բավական հետաքրքիր դիտվում Հայաստանի վարչապետի Ստեփանակերտից հնչած ելույթի ֆոնին, որը փաստացի հայկական կողմի նոր մոտեցումների, համանախագահ երկրներին եւ ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության համակարգի շահառու ուժային կենտրոններին երկխոսության բովանդակային նոր առաջարկ էր:

Այդ առաջարկը Երեւանը սկսել է քայլ առ քայլ ձեւակերպել թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, հասունացնելով Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը եւ դրանում հնչած ելույթը:

Արդյոք ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը հնարավոր է դիտարկել դրան առաջին արձագանք: Բանն այն է, որ հայտարարությունը բազմիմաստ է: Մոսկվան մի կողմից ցույց է տալիս իր քաղաքացիների պաշտպանության հարցում որոշակի անզորություն, մյուս կողմից փաստացի արձանագրում, որ հայերի հանդեպ մերժողականության եւ ատելության հանգամանքն Ադրբեջանում պետական քաղաքականություն է, ընդ որում ամենեւին ոչ միայն Հայաստան-Ադրբեջան տիրույթում:

Իսկ այդ ցուցիչը գործնականում եւս մի փաստարկ է ավելացնում հայկական նոր մոտեցումների հաշվեկշռում: Իհարկե ռուս-ադրբեջանական հարաբերությունը ամենեւին ամփոփված չէ լոկ արցախյան հարցով: Հակառակը, այդ հարցը անշուշտ տեղավորվում է նրանց երկկողմ ավելի լայն հարաբերության համատեքստում: Այդ իմաստով աներկբա է նաեւ, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ Բաքվի դիրքորոշումը որոշակիորեն միտված է նաեւ ՌԴ նկատմամբ որոշակի դիրքային շահեկանության:



Այդ գործին է ծառայում նաեւ այն, որ մինչ այժմ Բաքուն բանտում է պահում ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանովին, որին ձերբակալել են Բաքվում, իբրեւ թմրանյութերի, իսկ դե ֆակտո պարզապես հայ լինելու համար: Նա փաստորեն ռուսաստանցի պատանդ է Բաքվում:

Իսկ այստեղ Բաքուն կփորձի Մոսկվայի առաջ շարադրել պահանջներ ոչ միայն Արցախի հարցի առնչությամբ, որպես թե Մինսկի խմբի համանախագահ, թե ռեգիոնալ անվտանգության համակարգի կարեւոր դերակատար: Ռուս-ադրբեջանական հարաբերությունը Բաքուն էլ անշուշտ դիտարկում է եվրասիական-մերձավորարեւելյան լայն համատեքստում:



Ահա այդ կտրվածքով էլ հետաքրքիր է դառնում ՌԴ արտգործնախարարության հայտարարության ժամանակային մեկ այլ զուգահեռ: Բանն այն է, որ վերջին 3-4 օրերին բավական անհանգիստ էր Իրան-Ադրբեջան սահմանին: Տեղի է ունեցել սահմանախախտման երկու միջադեպ, զինված բախումով, որոնց ընթացքում Ադրբեջանը տվել է նաեւ մեկ զոհ՝ սահմանապահ: Միջադեպերից մեկը տեղի է ունեցել ինքնահռչակ թալիշական հանրապետության շրջանում: Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, որ օրեր առաջ՝ երբ Հայաստանի վարչապետը Իրանում էր, ռուսական կալանատանը տեղի է ունենում ռուս-ադրբեջանական գործարք թալիշ առաջնորդ Աբոսզոդայի Բաքու արտահանձնման շուրջ:

Հետո Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը մեկնեց Թեհրան: Ընդ որում, Մամեդյարովին Թեհրանում ընդունել են ոչ այնքան բարյացակամ: Հետաքրքիր է, որ հենց նրա այցին են հաջորդել ադրբեջան-իրանյան սահմանի միջադեպերը: Այդ իրավիճակում էլ հաջորդում է Ռուսաստանի ճնշումը փաստացի հյուսիսային սահմանից: Ստացվում է, որ Մոսկվան ու Թեհրանը հաջորդաբար սահմանային կոշտ մեսիջներ են հղում Բաքվին:

Արդյոք պատճառն այն է, որ Ադրբեջանը փորձել է երկակի խաղ խաղալ, օրինակ թալիշ առաջնորդի հարցում, պայմանավորվելով ռուսների հետ, հետո փորձելով Թեհրանում ամեն ինչ թողնել ռուսների վրա: Միաժամանակ, արդյոք Թեհրանն ու Մոսկվան այդ կոշտ մեսիջների հնարավորությունը ստացել են հայկական կողմի քաղաքականության շնորհիվ, որը Ադրբեջանի համար զգալիորեն փակում է ավանդական մանեւրի ճանապարհները:

https://www.lragir.am/2019/03/13/425072/

ԴԻՏԵԼ