«Սերժն ու Սաշիկն են մեղավոր, ես դրանց…». ի՞նչ կապ ունեին նախկին նախագահն ու եղբայրը HSBC բանկի վրա ավազակային հարձակում գործած գնդապետի հետ





Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը ծրագրել է հանցավոր արարքի կատարումը և 2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:

Դանիել Դանիելյանը հանդիպել է մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը: Իր հանցավոր մտադրության իրականացման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, պահնորդի դիմադրությունը հաղթահարելով հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված՝ Դանիել Դանիելյանը կարաբինից մեկ անգամ կրակել է ծառայողական գործունեություն իրականացնող Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:

Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Դանիելյանը պահնորդից դարձյալ պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած ամբողջ գումարը:

Սակայն, չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Մկրտչյանը ակտիվորեն դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:

Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել միայն այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար:

Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ առանձնապես խոշոր չափերով՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, փողը նախ լցրել է Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարկի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:



Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիելյանին: Վերջինս, հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացել էին, ու կրակոցներ չեն արձակվել:

Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ վնասազերծողների կողմից անշարժացված ու մայթին պառկած Դանիելյանին մնում էր դրանց նայել որպես արդեն անհասանելի դարձած «երազանքի»:

Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:

Ըստ տեղեկությունների՝ Դանիել Դանիելյանը բարեկեցիկ կյանքով է ապրել…

Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով,104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:

Դատարանը հարցաքննեց տուժողներին և տուժողների իրավահաջորդներին: Դատական նիստն անցավ բավական հանդարտ մթնոլորտում, տուժողներն ու տուժողների իրավահաջորդները զուսպ էին, ամբողջ նիստի ընթացքում մեկ վիրավորական արտահայտություն անգամ չհնչեց…

Ամբաստանյալն ամբողջ նիստի ընթացքում լուռ էր, հարցաքննվողներին ոչ մի հարց չտվեց: Տուժողներից ու տուժողների իրավահաջորդներից ոչ ոք քաղհայցի պահանջ չներկայացրեց…

Տուժող Արամ Մկրտչյանը հայտնեց, որ դեպքի պահին աշխատել է «Արմոբիլ» ՓԲԸ-ում՝ որպես պահնորդ: Դեպքի օրը երկուսով են հերթապահել՝ ինքն ու Խաչատուր Գալստյանը:

Տուժողն ասաց, որ նստած էին բանկի մասնաճյուղի նկուղային հարկում գտնվող իրենց սենյակում, երբ կրակոցի ձայն են լսել: Մոնիտորով նայել ու սկզբում բան չեն տեսել: Առաջինը սենյակից դուրս է եկել գործընկերը՝ Խաչատուրը: Քիչ անց սենյակում գտնվող մաքրուհին գոռացել է, թե Խաչիկին սպանեցին:

Արամը փորձել է կապ հաստատել իրենց անվտանգության կենտրոնի հետ, բայց չի հաջողվել: Նայել է դռան արանքից, տեսել է, որ դեմքը «շորի նման բանով» փակած մի տղամարդ, զենքը Խաչիկի վրա պահած, իջեցրել է ներքև: Խաչիկը ասում էր՝ չկրակես, բայց տղամարդը, որ նրա որովայնին էր ուղղել զենքը՝ սև, երկար հրացանի նման՝ մեկփողանի զենք, մոտ մեկ մետրից կրակել է: Սենյակից դուրս է եկել Արամը:

Տղամարդը զենքը պահել է Արամի որովայնին, փող է պահանջել, պահանջել է սեյֆի կոդն ասել: Արամն ասել է, որ ինքն այդ կոդը չգիտի, չի կարող իմանալ: Բարձրացել են դրամարկղային բաժին: Արամը իրեն ուղղված զենքի փողը հրել, ներքև է իջեցրել: Տղամարդը կրակոց է արձակել, գնդակը անցել է պահնորդի ոտների արանքով: Տղամարդը Արամին ասել է՝ իմ հե՞տ ես կռվում: Նա ծոցագրպանից դանակ է հանել ու երկու հարված է հասցրել Արամին՝ կրծքավանդակի ու այտի շրջանում: Տուժողի այտին երևում է սպին:

Արամը մնացել է ոտքի վրա: Այդ ժամանակ մոտեցել է բանկի աշխատող Արմեն Խաչատրյանը: Նա տղամարդուն ասել է, թե պահանջած գումարը կտա: Տղամարդը ուշադրությունը շեղել է Արամից: Նա բանկի աշխատողից ստացել է նրա սեյֆում եղած գումարը՝ տարբեր տարադրամներով:

Ցանկացել է «լիմոնկա» պայթեցնել բանկի ներսում: Արամ Մկրտչյանն ու Արմեն Խաչատրյանը համոզել են, որ նման բան չանի, չէ՞ որ արդեն ստացել է ուզածը:

Տղամարդը պահանջել է, որ բոլորի նման Արամն ու Արմենն էլ պառկեն հատակին: Եվ բանկից դուրս է եկել: Քիչ անց Արամը դրսից կրակոց է լսել…

Արամ Մկրտչյանն ասաց, որ ինքն իրավունք չուներ լքելու բանկի տարածքը, այդ պատճառով դուրս չի եկել:



Պատասխանելով կողմերի հարցերին՝ տուժողն ասաց, որ իր գործընկեր Խաչատուր Գալստյանը դիմակավոր տղամարդուն չէր դիմադրում, նրա համար վտանգ չէր ներկայացնում, և Դանիելյանը կարող էր նրա վրա չկրակել: Բայց «նրա մոտ խառը իրավիճակ էր, նա լարված էր… Ինձ էլ տեսավ, ավելի լարվեց… զենքը ինձ վրա էր պահում, որ վախեցներ, բայց ես առաջ էի գնում… Մտածեցի՝ Խաչիկին սպանեց, ինձ էլ կսպանի, զենքի փողը հրեցի ներքև, կրակեց… Հետո միանգամից դանակը հանեց ու խփեց… Բայց վնասվածքներս ծանր չէին… Բուժման ծախսերը հոգացել է մեր կազմակերպությունը…Փողերը վերցնելուց հետո դիմակավոր տղամարդը ուզում էր լիմոնկեն էլ գցեր, մի կերպ ենք համոզել ես ու Արմեն Խաչատրյանը: Արդյունքում համոզվեց, բանկից դուրս եկավ…»:

Տուժողն ասաց, որ բանկում գտնվողները կամ պառկած էին հատակին, կամ փախել էին, իսկ մաքրուհին իրենց սենյակում մտել էր սեղանի տակ…

Տուժող Վաղինակ Սարգսյանը ՊՊԾ գնդի ոստիկան է: Ոստիկանության համակարգում է 17 տարի: Դեպքի ժամանակ հերթապահ է եղել: Գտնվել է Մամիկոնյան փողոցում, անմիջապես գնացել է դեպքի վայր: Իր համածառայողների հետ դիրքավորվել են բանկի մուտքի մոտ, որպեսզի բանկից դուրս գալիս կանխեն հարձակվողի փախուստը: Հետնամուտքի մոտ էլ էին ոստիկաններ սպասում: Դրսից երևում էր, որ մարդիկ ներսում պառկած են հատակին:

Տուժողը կրակոցներ է լսել ներսից: Հետո բանկից դուրս է եկել սև ակնոցով, գլխարկով, դեմքը թաշկինակով քողարկած, ուսապարկով, ձեռքին՝ սև ու թափանցիկ տոպրակներով տղամարդ: Վաղինակի ավելի փորձառու գործընկերը՝ Արա Շախգուլյանը գոռացել է՝ կանգնիր: Տղամարդը շրջվել ու կրակել է Արայի որովայնին: Վաղինակը տեսել է, որ Արան ձեռքը տարավ որովայնին ու ընկավ: Տղամարդու հետևից գնացել է Վաղինակը, գոռացել է՝ կանգնի, կկրակեմ: Այդպես է ասել, որ վախեցնի, բայց մոտը, ինչպես նաև Արայի մոտ զենք չի եղել… Վաղինակը չգիտի՝ տղամարդը փողոցի աղմուկի մեջ լսե՞լ է իր գոռոցը, թե՞ չէ: Նա պտտվել է դեպի Վաղինակը, փորձել է կրակել, զենքը չի կրակել, մի հատ էլ կրակել է, երբ Վաղինակի հետ դեմ-դիմաց էին, բայց «ասեչկա է տվել»… Փախչող տղամարդու դիմաց կանգնել ու նրա փախուստը կանխել է այդ վայրում գտնվող պատահական քաղաքացի՝ Հրաչյա Մեժլումյանը: Վաղինակը հետևից է հարձակվել, խլել են զենքը, ու Վաղինակը զենքի կոթով ու արմունկով մի քանի հարված է հասցրել տղամարդու գլխին՝ աչքի շրջանում: Հրաչյան ու Վաղինակը նրան գցել են գետնին, իրենք ընկել են վրան:

Հավաքված քաղաքացիները զգուշացրել են, որ տղամարդու գրպանում «գրանատ» կա, կանաչ «գրանատ» էր, բայց «Ֆ-1» չէր: Հրաչյան վերցրել է այն, մի կողմ է դրել: Հետո քաղաքացիները զգուշացրել են, որ տղամարդու ձեռքին նաև դանակ կա, որով նա ընկած դիրքից դիմադրում էր: Այդ դիրքից նա հարվածներ է հասցրել Վաղինակի ոտքերին: Վերջինս սկզբում ցավ չի զգացել՝ դեռ տաք է եղել: Հետո՝ հարձակվողին վնասազերծելուց հետո շտապօգնության բժիշկն է նկատել, որ Վաղինակի ոտքից արյուն է գալիս, նրան ներարկում են կատարել…

Վաղինակն ասաց, որ տղամարդուց վերցրած զենքը դրել է մեքենայի բեռնախցիկն ու նրա ձեռքերին ձեռնաշղթա հագցնելով՝ ինքն էլ տարել է ոստիկանության բաժին:

Ըստ տուժողի՝ տղամարդը Արա Շախգուլյանի որովայնին կրակել է մոտ մեկ մետր հեռավորությունից: Արան, ինչպես և Վաղինակը, ոստիկանի համազգեստով էր, նա ուզում էր տղամարդուն կանգնեցնել խաղաղ ձևով: Արան զինված չէր, տղամարդու համար վտանգ չէր ներկայացնում, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել: Արայի ձեռքին ռադիոկապն էր, եթե նա մտադիր լիներ տղամարդու նկատմամբ հնարք կիրառել, ռադիոկապը կամրացներ գոտուն:

Վաղինակն ասաց. «Երբ խփում էի այդ ընկած տղամարդուն, նա ասում էր՝ մի՛ խփի, ձեզանից մեկն եմ: Ես էլ ասեցի՝ մեզնից մեկն ես ու ոստիկա՞ն ես սպանում…»:

Տուժող Վաղինակ Սարգսյանն ասաց, որ մտաբերել է, թե ինչ էր գոռում Դանիել Դանիելյանը, երբ ինքն ու քաղաքացի Հրաչյա Մեժլումյանը նրան վնասազերծում էին. «Նա հայհոյանքներ էր գոռում Սերժ Սարգսյանի, Սաշիկ Սարգսյանի, կառավարության հասցեին, ասում էր՝ ես մեղավոր չեմ, Սերժն ու Սաշիկն են մեղավոր, ես դրանց սենցը… նրանք են մեղավոր, որ ես սենց քայլի գնացի…»:

Տուժողը այս մասին առաջին անգամ դատարանում հայտնեց, նա ասաց, որ հետագայում է հիշել Դանիելյանի խոսքերը:



Վաղինակ Սարգսյանի կարծիքով՝ Դանիելյանը դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ չէր, հնարավոր է՝ թմրանյութի ազդեցության տակ լիներ…

Երբ Վաղինակը բռնել է նրա զենքից, նա ձեռքից գցել է փողով լի տոպրակը, որ կարողանա երկու ձեռքով դիմադրել ու ազատվել հետապնդողներից:

Հափշտակված փողը թափվել է գետնին, Դանիելյանին վնասազերծելուց հետո բանկի աշխատողները դուրս են եկել, լուսանկարել են թափված փողերը: Փողերը թափված մնացել են, մինչև քրեագետներն ավարտել են աշխատանքը…

Վաղինակն ասաց, որ Դանիելյանին վնասազերծելիս իրեն օգնել է պատահական քաղաքացի Հրաչյա Մեժլումյանը: Ինքը շնորհակալ է նրան և ցանկացած քաղաքացու, ով աջակցում է ոստիկանին:

Վաղինակ Սարգսյանի ոտքի վնասվածքի մասում, որը Դանիելյանն էր դանակով պատճառել, հետագայում բարդություն է առաջացել, վերջերս նա վիրահատվել է: Ասաց, որ իր բուժման ծախսերը հատուցել է ոստիկանությունը, իսկ վիրահատությունը ինքը կատարել է իր առողջության համար, քաղհայցի պահանջ չունի…

Տուժող Հրաչյա Մեժլումյանը հայտնեց, որ ՍՊԸ տնօրեն է: Դեպքի պահին մեքենայով երթևեկում էր՝ մեկ ուրիշ բանկ էր գնում, Գյուլբենկյան փողոցում կանգնել է կարմիր լույսի տակ: Մարդիկ էին հավաքված, նրան սկզբում թվացել է, թե այդ օրերին տեղի ունեցող ցույցերի մասնակիցներ են, փողոց են փակել: Կրակոց է լսել: Մտածել է, թե մոտակա կրպակում գազի պայթյուն եղավ: Մեքենայից դուրս է եկել, որ օգնության հասնի: Հենց այդ պահին տեսել է իր մեքենայից ոչ հեռու գտնվող մեքենայի դիմացով անցնող տղամարդու, որի դեմքը փակ էր, ուսապարկով էր, ձեռքին՝ երկու տոպրակ, նա անցնում էր փողոցը: Հրաչյան անմիջապես հասկացել է, որ աղմուկն ու կրակոցը այս մարդու հետ էին կապված:

Դեմ առ դեմ է դուրս եկել այդ մարդուն, նկատել է, որ նրա հետևից ոստիկան է վազում՝ Վաղինակ Սարգսյանն էր: Հրաչյան կանգնել է փախչող տղամարդու դիմաց ու ասել է՝ կանգնիր: Հետևից վազող ոստիկանը զգուշացրել է Հրաչյային՝ զգույշ, զինված է: Այն ժամանակ է Հրաչյան տեսել զենքը, երբ տղամարդը երկար սև տոպրակը բարձրացրել է ու տոպրակի մեջ գտնվող զենքի փողը մոտ երկու մետրից ուղղել է նրա վրա: Զենքի ձայնը լսվել է, բայց կրակոց չի եղել: Ոստիկանը հետևից հասել, փաթաթվել է տղամարդուն, նա զենքը գցել է գետնին, ոստիկանն ու Հրաչյան փորձել են զենքը խլել ու խլել են… Երեքով ընկել են գետնին, տղամարդը ամենատակն էր…Քաղաքացիները գոռացել են, որ գրպանում «լիմոնկա կա»: Երբ տղամարդն ընկել է, գրպանը լայնացել է, «լիմոնկան» ընկել է գետնին: Տղամարդու ձեռքին նաև որսորդական դանակ կար, նա այդ դանակն այնքան ամուր էր բռնել, որ ստիպված են եղել նրա մատները բացել, որ դանակը բաց թողնի: Դանակը խլել, գցել են հեռվում կանգնած քաղաքացիների ոտքերի տակ… Իսկ այդ ամբողջ ընթացքում Դանիելյանը գոռում էր «անմարդկային ձայնով», ըստ Հրաչյայի՝ նա պետության, կառավարության դեմ արտահայտություններ էր անում ու հայհոյանքներ էր տալիս , բայց կոնկրետ ինքը չի հիշում՝ ինչ արտահայտություններ… «Էդ վերջում էր գոռում, երբ էլ ի վիճակի չէր՝ զենքերը խլել էինք, մնում էր՝ կանդալները հագցնեին… Նրան ձեռնաշղթա հագցնելուց հետո ես նստել եմ մեքենա ու գնացել եմ…»:

Հրաչյա Մեժլումյանն ասաց՝ եթե ինքը չկանգներ այդ փախչող տղամարդու առաջ, հնարավոր է՝ մեկ ուրիշ քաղաքացի կանգներ: Ինքը երկու սպանվածների մասին հետո է իմացել: Երբ մեքենան կանգնեցրել է, բանկի մուտքը չէր երևում, ինքը չգիտեր, որ բանկի հետ կապված է կրակոցը…

Հափշտակված փողերը տեսել է մայթին շաղ եկած վիճակում, ամեն տեսակի փող կար…

Տուժողի իրավահաջորդ Արմեն Գալստյանը սպանված Խաչատուր Գալստյանի եղբայրն է: Նա ասաց, թե թշնամանք ունի ամբաստանյալի նկատմամբ, բայց դա չի խանգարի, որ ինքը ճիշտ ցուցմունք տա…

Դեպքի պահին ինքը սոցիալական ցանցերից տեղեկացել է, որ ինչ-որ բանկում ինչ-որ բան է կատարվում, բայց կոնկրետ դեռ ոչինչ չգիտեր: Քանի որ եղբոր գործը բանկի հետ էր կապված, անհանգստացել ու զանգել է նրան: Եղբոր հեռախոսը չի պատասխանել: Արմենը զանգել է տնեցիներին, խնդրել է, որ զանգեն Խաչատուրին ու իրեն լուր տան: Բայց տնեցիներն էլ չեն կարողացել կապվել Խաչատուրի հետ: Արմենն անհանգստացել ու առաջացել է դեպի եղբոր աշխատավայր բանկ: Նրան չեն թողել, որ մոտենա: Երբ ասել է, թե ում եղբայրն է, նկատել է, որ բանկի աշխատողներն անհանգստացան, խառնվեցին: Նրանցից երկուսը շշով ջուր են վերցրել ու մոտեցել են իրեն: Ինքը արդեն հասկացել է, որ վատ բան է եղել: Ասել են, որ բանկի վրա հարձակվածը Խաչիկի վրա կրակել է, Խաչիկը մահացել է: Արմենը փորձել է «մարսել» լսածը, պպզել է, որ ուժ հավաքի: Նրա մոտ կանգնած էր Խաչիկի ընկերուհին, ում հետ Խաչիկը շուտով ամուսնանալու էր… Աղջկան ասել է՝ Խաչիկը վիրավոր է, հիվանդանոցում է, գնանք տուն, հետո կայցելենք: Աղջկա հեռախոսին զանգ է եկել, նա ասել է. «Խաչիկս ա», իսկ Արմենը գիտեր իրականությունը….Աղջկան տուն է տարել, շտապօգնություն է կանչել, որ կարողանա ծնողներին հայտնել իր իմացածը… Հետո վերադարձել է դեպքի վայր, ամեն բան ուսումնասիրել է…

Արմենն ասաց, որ քաղհայցի պահանջ չի ներկայացնում:

Տուժողի իրավահաջորդ Ռոբերտ Շախգուլյանը սպանված Արա Շախգուլյանի որդին է: Ասաց, որ հայրը 22 տարի ծառայել էր ոստիկանությունում, 1 ամիս հետո կարող էր թոշակի անցնել…

Դեպքից հետո Ռոբերտը գնացել է դեպքի վայր՝ հայրիկի գործընկերները այնտեղ մոմավառություն էին կազմակերպել: Երբ մի պահ մենակ է մնացել հոր զոհված վայրում, մոտեցել է մի կին, իմացել է՝ ով է Ռոբերտը, ցավակցել է, ասել է, թե ինքը տեսել է ամեն բան, վնասազերծված հանցագործը գոռում էր, թե կառավարությունն ու ղեկավարներն են մեղավոր…

Ռոբերտ Շախգուլյանն ասաց, որ հոր հուղարկավորության ծախսերը հատուցել է ոստիկանությունը, ինքը քաղհայցի պահանջ չի ներկայացնում…

Հաջորդ դատական նիստին՝ հունվարի 31-ին, դատարանը կհարցաքննի գործով վկաներին:

https://www.1in.am/2494086.html

ԴԻՏԵԼ