«Ալիևը կոտրեց Փաշինյանին․ որտե՞ղ է ձեր հեղափոխությունը»․ Տարասով


Loading...


Loading...

Նախորդ շաբաթ գրել էինք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցային հարթակ տրամադրող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս ամսվա ընթացքում հանդիպման առաջարկ են արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Եվ ահա երեկ՝ հունվարի 14-ին, ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական՝ չորրորդ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է հունվարի 16-ին՝ Փարիզում։ Գլխավոր հարցն այս հանդիպման կապակցությամբ, իհարկե, այն է, թե պաշտոնական Բաքվի վերջին վիճահարույց հայտարարություններից հետո ի՞նչ է Հայաստանի գլխավոր դիվանագետը պատրաստվում խոսել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ի՞նչ հարցեր են նրանք քննարկելու և ինչի՞ շուրջ են բանակցելու, եթե, իհարկե, բանակցություններ լինեն։

Բաքվի ապակառուցողական մոտեցումները

Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարարը Նոր տարվա նախօրեին հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ընդունում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ իր կազմից դուրս։ Մամեդյարովն ասել էր, թե Ադրբեջանը պատրաստ է «ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի անվտանգությունը և բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ նրանց Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»։ Իսկ հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը կառավարության ընդլայնված նիստի ժամանակ վերահաստատել է Ադրբեջանի ագրեսիվ ու առավելապաշտական մոտեցումները՝ սպառնալով մեկուսացնել Հայաստանը և կրկին քննադատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Բաքուն պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ստեփանակերտի հետ, որովհետև ինքը կարող է ադրբեջանական կողմի հետ բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Արցախի անունից պիտի բանակցեն Արցախի իշխանության ներկայացուցիչները։ Ալիևը հայկական կողմի այս դիրքորոշումը հետևյալ կերպ է մեկնաբանել, թե Հայաստանի նոր կառավարությունը ի սկզբանե «փորձել է խույս տալ բանակցություններից»՝ հայտարարելով, որ Բաքուն պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց Ադրբեջանը մերժել է Երևանի այդ փորձերը։ Ալիևի խոսքերով՝ Մինսկի խմբի միջնորդները չէին կարող կողմ լինել Հայաստանի նոր ղեկավարի այդ մոտեցմանը, և արդյունքում բանակցային գործընթացը «վերականգնվել է»։ Իսկ հակամարտության կողմերն, ըստ նրա, միայն Բաքուն ու Երևանն են։

Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դիրքերը


Loading...

 Հայկական կողմն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունը, ու ինչպես Ալիևի ու Մամեդյարովի նախորդ՝ ծուղակ պարունակող «լավատեսական» հայտարարություններից հետո պաշտոնական Երևանը չկանխեց Ադրբեջանի կողմից փակ բանակցությունների շահարկումները՝ ներքաղաքական դիվիդենտներ շահելու, հայ հանրության կարծիքի վրա ազդելու և տեղեկատվական որոշակի խառնաշփոթ առաջացնելու նպատակով, այնպես էլ այժմ Ադրբեջանի նախագահը, պաշտոնական Երևանի բավական անորոշ կեցվածքի պայմաններում, բացահայտորեն փորձում է միավորներ հավաքել հայկական կողմի հաշվին և ամրապնդել Ադրբեջանի դիրքերը բանակցային պրոցեսում՝ Հայաստանի արտգործնախարարի, իսկ հետագայում՝ գուցե նաև Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներից առաջ։

Փաշինյանի վարչակազմը մինչ օրս չի հստակեցրել իր դիրքորոշումը ո՛չ բանակցությունների ձևաչափի, ո՛չ 2016 թ․ Ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման և հակամարտության գոտում անվտանգությունն ամրապնդելու և կողմերի միջև վստահություն ձևավորելու տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցող Վիեննայի համաձայնություններիկատարման, ո՛չ էլ առավել ևս Արցախի հիմնախնդրի խաղաղ, արդար և հայաստանակենտրոն հանգուցալուծման տեսլականի վերաբերյալ։

Գուցե դեռ վաղ է քննադատել Փաշինյանին այս հարցում, որովհետև նոր կառավարությունը դեռ չի ձևավորվել, և նոր կաբինետի հետ կապված հարցերն առայժմ թույլ չեն տվել նրան կենտրոնանալու ղարաբաղյան բանակցությունների վրա։ Բայց փաստ է, որ հակառակորդն այս ընթացքում շատ ակտիվ է եղել ու շարունակում է ամրապնդել իր դիրքերը։ Իսկ Երևանի այս կրավորական կեցվածքն ամենևին էլ օգուտ չի բերում։

Որտե՞ղ է հեղափոխությունը

Այս անորոշությունը պաշտոնական Երևանի կեցվածքում նկատել է նաև Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Փաշինյանը շատ լավ էր սկսել իր դիվանագիտությունը Ղարաբաղի հարցում՝ սկսած այն հայտարարությունից, որ Արցախի անունից Բաքվի հետ պիտի խոսի պաշտոնական Ստեփանակերտը, բայց հետո Ալիևն իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը։

Տարասովը ևս փաստեց, որ Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպման օրակարգը հայտնի չէ։ Մինչ այս հանդիպումը նրանք հանդիպել են երեք անգամ՝ Բրյուսելում, Նյու Յորքում և Միլանում։ Այս երեք հանդիպումների հանրագումարով՝ միջնորդների ու արտգործնախարարների մասնակցությամբ քննարկումները տևել են մոտ 10 ժամ։ Արտգործնախարարների այս երեք հանդիպումներից, ինչպես նաև Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում կայացած ոչ պաշտոնական հանդիպում-զրույցներից հետո որոշ փորձագետներ կասկած հայտնեցին, որ կողմերը քննարկում են հիմնախնդրի վերջնական հանգուցալուծման կամ այլ կերպ ասած՝ խաղաղության համաձայնագրին վերաբերող կետեր, սակայն դա գաղտնի է պահվում։ Ադրբեջանական կողմն էլ, օգտվելով իրավիճակից ու հատկապես Փաշինյանի թիմի և Հանրապետական-Դաշնակցություն նախկին կոալիցիայի բանավեճից այս հարցի շուրջ, Փաշինյանին ուղղված մեղադրանքներից, թե իբր նա պատրաստվում է կյանքի կոչել «հակաարցախյան» ինչ-որ ծրագիր, անընդհատ կրակի վրա յուղ էր լցնում՝ շատ նուրբ, տակտիկական հայտարարություններով փորձելով պատրանք ստեղծել, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ ինչ-որ համաձայնության է հասել։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարեց, որ «Ղարաբաղի հարցում նոր բան չկա»։

Ինչի՞ մասին են այդ դեպքում խոսում կողմերը հանդիպումների ժամանակ՝ համոզիչ պատասխան չի տրվում։ Օրինակ, երբ նախորդ անգամ Մամեդյարովն ասաց, թե Միլանում կայացած հանդիպմանը երկար ժամանակահատվածից հետո ինքն ու իր հայ գործընկերը հասել են «փոխըմբռնման», ՀՀ արտգործնախարարությունը պարզաբանեց, թե պարզապես նախարարները պայմանավորվել են «առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։ Երկրորդն էլ՝ համաձայնության են հասել միջնորդների հետ հանդես գալու համատեղ հայտարարությամբ։

Փորձագետ Ստանիսլավ Տարասովը համոզված է, որ կա բանակցություններ կոնկրետ առարկա։

«Ես կարող եմ միայն վարկածներ նշել, բայց հայտնի չի, թե կոնկրետ ի՞նչ հարց են նրանք քննարկում: Ես խոսում եմ Բաքվի և Երևանի պահվածքի մասին։ Սա արգենտինական տանգո է։ Իմ կարծիքով՝ խնդիրը Հայաստանում է։ Թող Նիկոլ Փաշինյանը բացի բոլոր խաղաքարտերը։ Իր նախարարը հունվարի 16-ին սկսում է բանակցությունները։ Մեր կանխատեսումներով՝ այդ հանդիպումը կտևի առնվազն 2-3 ժամ։ Ասացեք, խնդրեմ, մենք կարո՞ղ ենք ձեզ հետ 3 ժամ խոսել ինչ-որ բանի մասին, նարդի խաղալ, հայկական կոնյակ կամ ադրբեջանական թեյ խմել։ Ուրեմն կա բանակցությունների առարկա։ Նշանակում է՝ նրանք բանակցելու են ինչ-որ բանի շուրջ»,- նշեց Տարասովը՝ ավելացնելով, թե չի տեսնում իրական հեղափոխություն ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի հարցում, որովհետև բանակցությունների նախկին ձևաչափը պահպանվել է, և նոր ղեկավարությունն էլ չի ասում, թե ինչպես է պատկերացնում հիմնախնդրի լուծումը։

«Փաշինյանը ոչինչ չփոխեց, չներգրավեց Ղարաբաղին բանակցային գործընթացին, թեև խոստացել էր դա անել։ Որտե՞ղ է հեղափոխությունը։ Նա ասում է, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է։ Որտե՞ղ է դա երևում։ Հունվարի 16-ին կողմերը հանդիպելու են հին ֆորմուլայով։ Այդ հարցին ոչ թե ես պիտի պատասխանեմ, այլ դուք։ Բաքուն գործում է տրամաբանորեն, հետևողականորեն, աջակցեց Փաշինյանին ընտրություններում, կոռուպցիայի դեմ պայքարում»։

«Ալիևը կոտրեց Փաշինյանին»

Իսկ ինչ վերաբերում է Մամեդյարովի այն խոսքին, թե Բաքուն պատրաստ է ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին, Տարասովն ասում է, այդ դեպքում Ալիևը թող բանակցի Արցախի նախագահի՝ Բակո Սահակյանի հետ, ոչ թե Հայաստանի ղեկավարության։

«Փաշինյանը պետք է հստակեցնի՝ մնո՞ւմ է արդյոք իր դիրքորոշմանը, որ Արցախը պիտի ուղղակիորեն միանա բանակցություններին։ Իմ տպավորությամբ՝ Փաշինյանը խճճվել է այդ ցանցերի մեջ։ Նա շատ լավ էր սկսել, խոսում էր շատ գրագետ, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է։ Բոլորը կարծում էին, որ Փաշինյանը հետևողական կլինի։ Բայց Ալիևը կոտրեց նրան։ Մնացականյանը հանդիպում է Մամեդյարովի հետ հին ձևաչափով։ Որտե՞ղ է ձեր հեղափոխությունը։ Երբ Լենինը հեղափոխություն արեց, գաղտնազերծեց բանակցությունները և սկսեց այլ դիվանագիտություն վարել։ Ես մեծ հաջողություններ եմ մաղթում պարոն Փաշինյանին։ Գլխավորը՝ որ նա պաշտպանի Ղարաբաղի ազգային շահերը, որովհետև առանց Ղարաբաղի՝ Հայաստանը գոյություն չի ունենա որպես պետություն»,- հայտարարեց ռուսաստանցի փորձագետը՝ ավելացնելով, թե Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, գործում է և իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։
«Ալիևը աջակցում է Փաշինյանին։ Այստեղից հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ալիևը աջակցում նրան»,- հարցրեց Տարասովը։

Իսկ գուցե դա ընդամենը թակա՞րդ է, որովհետև Ալիևն իրականում պարտվողական գործողությունների է խրախուսում Փաշինյանին՝ ասելով, թե Հայաստանի նախկին իշխանությունները «վատն էին», «օկուպացիոն քաղաքականություն էին վարում», և հույս կա, որ Հայաստանի նոր ղեկավարն ավելի «կառուցողական կլինի»։ Իսկ «կառուցողականությունն» ու «խաղաղությունը» Ադրբեջանը միայն մի ձևով է պատկերացնում՝ Ղարաբաղի հանձնում։

Մեր այս դիտարկմանը Տարասովը պատասխանեց․ «Փառք Աստծո, որ դա հասկանում եք։ Նշանակում է՝ Հայաստանի համար ամեն ինչ կորած չէ»։

https://www.1in.am/2491716.html