Ալիևի առաջին հարձակումը Փաշինյանի կառավարության վրա





Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թվականի արդյունքներն ամփոփող կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել երեկ որում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ պնդելով, որ Ադրբեջանը կշարունակի հասնել երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ շեշտելով. «Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը երբեք չեն հաշտվի երկրի տարածքի օկուպացիայի հետ»:

Այսպես, պաշտոնական Բաքուն Փաշինյանի իշխանության հետ առարկայական բանակցություններ վարելուց առաջ «ճշտում» ու միջազգային հանրությանը ներկայացնում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը: «Կառուցողական» Ալիևը, որը Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներին այդպիսին էր թվում Դուշանբեի «վերելակային պայմանավորվածություններից» հետո այսպիսով, անցնում է հարձակման:



Ալիևը կոնկրետ հայտարարում է, որ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի: «Ես երբեք չեմ թաքցրել մեր քաղաքականությունը: Ես միշտ ասել եմ, որ մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար, և հետագայում մենք դա անելու ենք, մինչև մեր հողերը ազատագրվեն», – ասել է նախագահը:

Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի համար «ներկայիս ծանր ճգնաժամային իրավիճակում կա մեկ ելք՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը». «Մենք պատրաստ ենք դրան: Բայց դրա համար մեկ պայման կա, հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Բացի այդ, Ալիևը հստակ ներկայացրել է դիրքորոշումը, կարծես, պատասխանելով Փաշինյանի իշխանության կողմից՝ Արցախը բանակցություններին վերադարձնելու հայտարարություններին:



Բաքուն և Երևանը ղարաբաղյան հակամարտության միակ կողմերն են, ասել է Ադրբեջանի նախագահը. «Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Կային հայտարարություններ, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հետ», – ասել է Ալիևը՝ կառավարության ընդլայնված նիստում:  Նրա խոսքով՝ Բաքուն մերժել է երևանյան այդ փորձերը, և բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ «միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար»: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

Փաստորեն, Ալիևը հստակ ընդգծում է, որ Հայաստանից հնչող հայտարարությունները՝ Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին, նրա համար որևէ նշանակություն չունեն: Ավելին, նա նույնիսկ մեկնաբանում է այնպես, որից կարելի է հասկանալ, թե պաշտոնական Երևանն էլ է հրաժարվել այդ մտքից, քանի որ Բաքուն մերժել է այդ գաղափարը:



Ի՞նչ է պատասխանելու Հայաստանի իշխանությունը և անձամբ Փաշինյանն՝ Ալիևի ելույթի դրույթներին, որը բազմաթիվ հայտարարություններ էր արել Արցախի դերի վերաբերյալ: Շարունակելո՞ւ են ուշադրություն չդարձնել «կառուցողական» Ալիևի հարձակումներին…

Ավելին, Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանը 2018-ին Ադրբեջանի կողմից ձեռք բերված հակահրթիռային համակարգերից պաշտպանվելու որևէ միջոց չունի. «Հայաստանը «Պոլոնեզ» և LORA հրթիռային համակարգերից պաշտպանվելու հնարավորություն չունի: Դրանք բարձր ճշգրտության համակարգեր են` մեծ կործանիչ ուժով, որը կարող է ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ: Թշնամու այնպիսի ռազմական թիրախ չկա, որ մենք չկարողացանք ոչնչացնել բարձր ճշգրտությամբ»:

Թամար Բագրատունի

http://hayeli.am/article/1140094

ԴԻՏԵԼ