Համակարգն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հայաստանի անկախացումից հետո շուրջ երեք տասնամյակ հնչել է միտքը, որ պետության խնդիրները համակարգային են, կապված չեն անձերի հետ, և միայն համակարգային լուծումները կարող են առարկայական արդյունքներ ապահովել։ Այս գնահատականը տեղին է եղել Հայաստանի նախկին երեք իշխանությունների պարագայում, դժբախտաբար տեղին է նաև նոր Հայաստանի նոր իշխանության դեպքում։

Թավշյա հեղափոխությանը հաջորդած շուրջ ինն ամիսների ընթացքում հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց ստեղծել կենսունակ իշխանական ու առավել ևս՝ պետական կառավարման համակարգ, ինչի վկայությունն են իշխանության տարբեր թևերի ու պետական կառավարման տարբեր մարմինների՝ ավելի ու ավելի հաճախակի դարձող թերացումներն ու տապալումները։ Այս իրավիճակի պատճառներն իհարկե շատ են, բազմագործոն ու բազմաշերտ։ Դրանց թվում, սակայն, կա մի գործոն, որը հիմնարար, հայեցակարգային նշանակություն ունի ստեղծված իրավիճակի համար, և որը կարելի է համարել նոր իշխանության՝ մինչ օրս ոչ այնքան արդյունավետ գործելու հիմնական պատճառներից մեկը։ Խոսքը վերաբերում է կրկին համակարգային խնդրին։

Կառավարման դասական տեսության մեջ համակարգը սահմանվում է որպես առանձին մասերից կազմված այնպիսի ամբողջություն, որում մասերից յուրաքանչյուրը կապված է մյուսների հետ, և որում մասերից մեկի վիճակի փոփոխությունը հանգեցնում է մյուսների ու համակարգի վիճակի փոփոխության։ Եթե թավշյա հեղափոխությունը փորձենք դիտարկել այս դասական սահմանման տրամաբանության շրջանակներում, ապա ստիպված պետք է լինենք արձանագրել, որ Հայաստանն այսօր ապրում է գործնականում հակահամակարգային ռեժիմում, լավագույն դեպքում կարող ենք ասել՝ թերի գործող համակարգի պայմաններում։

Թավշյա հեղափոխությամբ տեղի ունեցավ սկզբում՝ գործադիր, դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո՝ նաև օրենսդիր իշխանության փոփոխություն։ Իշխանության այս երկու թևերն էլ հանրային կառավարման համակարգի ենթահամակարգեր են։ Հանրային կառավարման համակարգի մյուս ենթահամակարգերում փոփոխություններ կամ առնվազն էական փոփոխություններ տեղի չեն ունեցել. դատական համակարգում ներգրավվածները գրեթե ամբողջությամբ նախկին իշխանության կրողներ են։ Մամուլը՝ կրկին որպես հանրային կառավարման ենթահամակարգ, գործում է նախկին իներցիայով։

Հանրային կառավարման համակարգի մեկ այլ ամենակարևոր ենթահամակարգերից մեկը՝ քաղաքացիական հասարակությունը, հեղափոխությունից հետո փոփոխության է ենթարկվել, սակայն ամենևին ոչ դրական իմաստով. քաղաքացիական հասարակության շատ միավորներ ու անհատներ ինտեգրվել են նոր իշխանությանը՝ դադարելով իրականացնել հանրային վերահսկողության իրենց կարևորագույն գործառույթը։

Նախկին իներցիայով ու կադրերով է գործում հանրային կառավարման համակագի մեկ այլ ենթահամակարգ՝ տեղական ինքնակառավարման համակագը. գյուղապետերի մեծ մասը ՀՀԿ-ականներ են, փոխված համայնքապետերն էլ նոր իշխանության կրծքանշաններով աշխատում են նախկին համակարգի կանոններով։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ թավշյա հեղափոխությունից հետո իրականում փոխվել են հանրային կառավարման համակարգի ընդամենը երկու ենթահամակարգերը՝ գործադիր և օրենսդիր իշխանությունը, ընդ որում՝ այդ փոփոխությունը եղել է ոչ այնքան բովանդակային ու հայեցակարգային, որքան նոմինալ ու մեխանիկական։

Այս իրավիճակը եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն տալիս է հարցի պատասխանը, թե ինչու այդքան մեծ հանրային վստահություն ունեցող իշխանությունը չի կարողանում արդյունավետ գործել։ Խնդիրը այս տեսանկյունից դիտարկելիս միանգամայն օրինաչափ ու բնական է դառնում իրողությունը, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հարուցում է փոփոխություններ կամ ներկայացնում է նոր գաղափարներ, դրանք կյանքի չեն կոչվում կամ իրագործվում են կիսատ, թերացումներով։

Ավելին՝ պետական կառավարման համակարգը անգամ օպերատիվ կառավարման ֆունկցիաներում է թերանում։ Պատճառն այն է, որ փաստորեն խախտված է համակարգ կատեգորիայի հիմնական սկզբունքը՝ մասերից մեկի վիճակի փոփոխությունը չի հանգեցնում մյուսների ու համակարգի վիճակի փոփոխության (ավելի պարզ ասած՝ գործադիր իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը չի կորելացվում պետական համակարգի վրա), խզված է կապը համակարգի առանձին մասերի՝ կոնկրետ դեպքում վարչապետի ու պետական կառավարման մարմինների միջև։ Այդ պատճառով է Նիկոլ Փաշինյանը ստիպված լինում այցելել մարզային դպրոց ու լուծել տնօրենի ընտրության խնդիրը կամ անձամբ զբաղվում Երևանի քաղաքապետարանի անելիքներով, ինչը ո՛չ սահմանադրորեն, ոչ էլ կառավարչական տեսանկյունից նրա գործառույթների շրջանակներում չէ։ Բայց քանի դեռ չի լուծվել համակարգի ամբողջական փոփոխության հարցը, քանի դեռ չի ներդաշնակեցվել հանրային կառավարման համակարգի բոլոր մասերի աշխատանքը, Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու անձամբ զբաղվել գործնականում բոլոր հարցերով, ինչը, սակայն, հասկանալի է՝ հնարավոր չէ անգամ ժամանակային առումով։ Փաշինյանը նույնիսկ ֆիզիկապես չի կարող հասցնել զբաղվել ամեն ինչով։ Մինչև համակարգը չգործի բնականոն ռեժիմում, ու մինչև դրա մասերը չդառնան իրար հետ փոխկապակցված ամբողջություն՝ այս վիճակը շարունակվելու է։

Վերը նշված խնդիրները, լինելով համակարգային, այդուհանդերձ ունեն նաև անհատական ասպեկտներ։ Խոսքը մասնավորապես իշխանության կրողների անհատական որակների, նրանց արժեհամակարգի, մտածողության մասին է։ Անցած ինն ամիսները ցույց են տվել, որ մեր իշխանության ամենաբարձր պաշտոնյաներն անգամ դեռևս չեն կարողացել հաղթահարել հեղափոխական մտածողությունն ու այն փոխարինել համակարգային, պետական մտածողությամբ։ Շատ դեպքերում այս երևությը նկատելի է հենց Նիկոլ Փաշինյանի գործողություններում, որն, իհարկե, մյուսներից այդուհանդերձ շահեկանորեն տարբերվում է։ Սակայն մինչև հանրային կառավարման ամբողջ համակարգը, առաջին հերթին պետական կառավարման համակարգն ու դրանում պաշտոններ զբաղեցնողները չձերբազատվեն հեղափոխական կարծրատիպերից ու դրանք չփոխարինեն պետական մտածողությամբ, իշխանության գործողություններում ամեն օրվա հետ ավելի տեսանելի դարձող մակընթացությունը շարունակվելու է։

Թավշյա հեղափոխությունը դե ֆակտո ավարտվել է մայիսին, դե յուրե ավարտն արձանագրվել է դեկտեմբերի 9-ին։ Հիմա պետական կառավարման ժամանակն է, որը, սակայն, անհնար է թմբուկներ զարկելով կամ հեղափոխական կարգախոսների վանկարկումներով։ Բայց առայժմ մենք ունենք միայն արդյունավետ գործող վարչապետի պաշտոնակատար և նրա հետ չինտեգրված պետական կառավարման համակարգ։

Այլ կերպ ասած՝ պետական կառավարման համակարգը գործնականում աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ այդ համակարգի ցանկացած միավորի թերացում ուղղակիորեն հանգեցնելու է Փաշինյանի անձնական հեղինակության ու վարկանիշի անկման, ինչի վրա խարսխված են եղել ու են հեղափոխության ամբողջ ընթացքն ու դրան հաջորդած իրադարձությունները։

https://www.1in.am/2489621.html

PAKEL