Ռուսները կհանձնեն


Loading...


Loading...

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ նա կասկածվում է 23-ամյա տղամարդու սպանության մեջ: Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել հունվարի 3-ին։

Ղազախստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալմազ Սադուբաևի խոսքերով, Հայաստանի քաղաքացի հանդիսացող Գուրուրյանին իրավապահները հայտնաբերել են Ռուսաստանի Օմսկի շրջանում:

Երեք օր առաջ համացանցում հայտնված տեսաուղերձում Գուրուրյանը հայտարարել է, թե պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին՝ պնդելով, թե ինքը մարդ չի սպանել: Գուրուրյանին, ում ղազախ իրավապահները փնտրում էին նաև Հայաստանում, ձերբակալել են Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ: Այժմ քննարկվում է նրան Ղազախստանին փոխանցելու հարցը:


Loading...

Գուրուրյանի ու ևս ութ հոգու մասնակցությամբ Ամանորի գիշերը Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքը կրքեր է բորբոքել ինչպես Ղազախստանի ներսում, այնպես էլ հայ-ղազախական հարաբերություններում:

Աշխարհի ամենաբազմազգ պետություններից համարվող այդ երկրում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքն ու դրան հաջորդած սպանությունը քաղաքականացնելու հարցով երկրի պատգամավորները իշխանություններից բացատրություններ են պահանջում: Ղազախստանի Մեջլիսի պատգամավոր Նուրթայ Սաբիլյանովն ասել է, թե հարբած երիտասարդների միջև տեղի ունեցած արյունալի միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ու շեշտադրումները հարցեր են առաջացրել: Պատգամավորը դիմել է կառավարությանը՝ պահանջելով ստուգման ենթարկել այդ հրապարակումները, որոնք հետագա ազգամիջյան լարվածության պատճառ են դարձել:

«Մեր նպատակն է պահպանել քաղաքական կայունությունը և հանրային համերաշխությունը»,- հայտարարել է Սաբիլյանովը:

Մեջլիսի հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանը հայտարարել է․ – «Խնդրում եմ օբյեկտիվություն և հստակություն ապահովել և ստուգել կոնկրետ այդ դեպքի վերաբվերկալ լրատվամիջոցների նյութերը: Այսօր մեր Ղազախստանում խաղաղ և համերաշխ ապրում են ավելի քան հարյուր ազգությունների ներկայացուցիչներ: Սա մեր գլխավոր արժեքներից է և մեր գլխավոր հարստությունը: Մենք պետք է աչքի լույսի պես պահենք միասնությունն ու խաղաղությունը մեր երկրում: Անկասկած, այստեղ անհրաժեշտ է հատուկ նշել լրատվամիջոցների դերն ու պատասխանատվությունը»:

Թե ովքեր են միջադեպից անմիջապես հետո հրապարակել ծեծկռտուքի մասնակիցների անձնական տվյալները, միջադեպի վայր դարձած ռեստորանի սեփականատիրոջ և ոստիկանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը և ծեծկռտուքի տեսագրությունը, հայտնի չէ: Հստակ չէ նաև, թե ով կամ ինչ շրջանակներ են փորձում ազգային երանգ տալ ողբերգությանն ու հակահայկական ալիք բարձրացնել Ղազախստանում: Ամենահաճախ հնչող այս հարցերի պատասխանները իրավապահները դեռ չունեն, սակայն վստահեցնում են, որ ստուգում են միջադեպի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը:

Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանի իշխանությունները փոխարենը հիշեցնում են, որ դեռևս տասը տարի առաջ են ընդունել Ազգային միասնության հայեցակարգը, որն է՛լ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծել երկրում հարյուրի հասնող ազգությունների խաղաղ գոյակցության համար:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ չարաբաստիկ օրը միայն հայեր չեն մասնակցել ծեծկռտուքի, նշանակում է, այդ սպանությունը կարող է ունենալ առնվազն ունենալ հրահրողներ, եթե չասենք այլ մասնակիցներ:

Հիմա, ստացվում է, որ Ռուսաստանում Նարեկը ձերբակալվեց, այլ կերպ ասած՝ ռուսները նրան կհանձնեն Ղազախստանին:

Հայաստանը չի կարող դիմել Ռուսաստանին՝ Կարագանդայում խուլիգանական գործողությունների և սպանության կատարման մեջ կասկածվող՝ ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին արտահանձնելու պահանջով, քանի որ նրա վերաբերյալ ՀՀ–ում քրեական վարույթ առկա չէ, այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա հավելել է, որ Գուրուրյանին արտահանձնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հիմքերը բացակայում են։

ՀՀ քաղաքացու հանձնման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայով, որին միացել են ԱՊՀ անդամ պետությունները՝ այդ թվում Ղազախստանը և Հայաստանը։ Մինսկի կոնվենցիայի 56–րդ հոդվածի համաձայն, պայմանավորվող կողմերը պարտավորվել են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար: Կոնվենցիայի 57–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առիթով հանձնումը պահանջվում է, կատարվել է հարցվող պայմանավորվող կողմի տարածքում, հիշեցնում է կայքը:

Այսպես, Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Օմսկի մարզի տարածքում՝ Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցների և Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցությամբ։ Ըստ ամենայնի՝ մոտակա օրերին կլուծվի նրան Ղազախստան արտահանձնելու հարցը: Նա ՀՀ քաղաքացի է, հայտարարում է, որ ինքը չի սպանել այդ օրը սպանված ղազախին, և ուրեմն՝ ՀՀ քաղաքացու ճակատագիրը կախված է Ղազախստանում իրավապահների գործողություններից:

Մետաքսյա Շալունց

http://hayeli.am/article/1139788