Մոսկվայի գազային «ծուղակը». Փաշինյանի համար ժամանակաչափը միացված է





Ամանորի մեկնարկից մի քանի ժամ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն հավաստիացրել է, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։



Նման սցենարը թեև քննարկվում էր, սակայն, այնուամենայնիվ, առկա էր չնչին հույս, որ տարեվերջին Պուտին-Փաշինյան հանդիպումը կհանգեցնի որոշակի դրական արդյունքների: Այն, որ ռուսական կողմը, այնուամենայնիվ, գործի դրեց գազային շանտաժի լծակը, ակնհայտ մեսիջ է Հայաստանի իշխանություններին և գնահատական՝ մեր երկրում տեղի ունեցող հետընտրական զարգացումներին, որոնք, ինչպես երևում է` այնքան էլ Կրեմլի սրտով չեն: Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը դուրս գալու ռուսական այս ծուղակից, հաշվի առնելով, որ հարցը ունի թե’ քաղաքական, թե’ ոչ պակաս կարևոր՝ տնտեսական բաղադրիչ:

Սահմանի վրա 15 դոլարի տարբերությունը հատուցվելու է շնորհիվ «ՀայՌուսգազարդի» գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման։ Որևէ սուբսիդավորման հարց չի քննարկվել և չի քննարկվում, և դրա մասին ընդհանրապետ խոսք չկա: Փաշինյանի պդնմամբ՝ նման համաձայնության հնարավոր է եղել հասնել ներքին կարգավորումների միջոցով: Այստեղ իհարկե տրամաբանական հարց է առաջանում՝ եթե առկա էր ներքին կարգավորումների հնարավորություն, ապա ինչո՞ւ դրանք չեն գործարկվել նախորդ ամիսների ընթացքում:

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ այո՛, սուբսիդավորումը խնդրի լավագույն լուծումը չէ՝ հաշվի առնելով հետհեղափոխական Հայաստանի սուղ բյուջեն: Իր հերթին՝ ներքին կարգավորում ասվածը անչափ ամորֆ հասկացություն է և եթե իշխանություններին հաջողվի առնվազն մի քանի ամիս սպառողներին զերծ պահել թանկացումներից՝ դա մեծ հաջողություն կհամարվի: «Գազպրոմ Արմենիա»-ն, բնականաբար, բարեգործական կազմակերպություն չէ, բիզնես շահ հետապնդող ընկերություն է և կասկածից վեր է, որ իր շահերի դեմ այս ընկերությունը չի աշխատելու: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ առավելագույնը վեց ամիս ժամանակ կա:



Դրանից հետո, եթե չգտնվեն համապատասխան լուծումներ՝ գազի սակագնի թանկացումը կանդրադառնա նաև սպառողների, շարքային քաղաքացիների վրա՝ դրանից բխող հետևանքներով: Կասկածից վեր է, որ շղթայական թանկացումներից խուսափել չի ստացվի, իսկ քանի որ եկամուտների կտրուկ ավելացում չի սպասվում՝ դա լուրջ հարված կլինի մեր քաղաքացիների գրպաններին: Գազի սակագնի թանկացման տնտեսական հետևանքներից կարող է լինել նաև այն, որ գազը չի թանկանա քաղաքացիների համար, սակայն կթանկանա բիզնեսի համար: Այս սցենարի դեպքում թեև քաղաքացիներն անմիջապես չեն զգա գազի թանկացումը, սակայն դա կզգան ապրանքների գների բարձրացման արդյունքում, քանի որ բիզնեսի համար գազի գնի թանկացումը կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքների թանկացման:



Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական բաղադրիչին, ապա Ռուսաստանը, ի տարբերություն հայկական կողմի, ստացել է կոնկրետ քաղաքական արդյունք՝ Հայաստանն այլևս համաձայն է, որ սահմանին վաճառվող գազի գինը պետք է թանկ լինի։ Բացի այդ՝ Հայաստանի իշխանության գործընկերը կամ հակառակորդը դառնում է ոչ թե Կրեմլը, այլ «Գազպրոմ»-ը, որն ակամայից վերածվում է Հայաստանի ներքաղաքական կյանքի սուբյեկտի, խաղացողի՝ դրանից բխող հետևանքներով։ Եվ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան փորձագիտական, քաղաքական շրջանակները երբևէ չեն թաքցրել, որ գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, որոշումը, ինչպես միշտ, այս անգամ ևս՝ ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը: Ռուսաստանը մշտապես՝ թե՛ նախկին բոլոր իշխանությունների օրոք, թե՛ այժմ, շահարկում է այդ խաղաքարտը՝ իր շահերից բխող ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով։

Ստելլա .Խաչատրյան

https://lurer.com/?p=308882&l=am

ԴԻՏԵԼ