«Մոսկվան կծախի Հայաստանը, եթե համոզված լինի, որ դրա դիմաց կստանա Ադրբեջանը». Փոլ Գոբլ





Անցած 2018 թվականի ընթացքում լուրջ փոփոխություններ չեն եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: 2019 թվականին նույնպես էական տեղաշարժեր չեն լինի, բայց Ռուսաստանը կհրահրի նոր բախումներ հակամարտության գոտում՝ հիշեցնելու հակամարտության երկու կողմերին, թե ով է այս հարցում որոշում կայացնողը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով 2018 թ. ընթացքում Արցախի հարցի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ նման գնահատական տվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը: Ամերիկացի վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ձգտում է «չափավոր մերձեցման» Մոսկվայի հետ, իսկ Մոսկվան, Գոբլի համոզմամբ, պատրաստ է առանց վարանելու դավաճանել Հայաստանին, եթե իմանա, որ դրա դիմաց կստանա Ադրբեջանը: Բայց նույնիսկ այս պարագայում պարզ չէ՝ Ալիևը պատրա՞ստ է հանուն Ղարաբաղի ամեն ինչ տալ Մոսկվային:

– Պարոն Գոբլ, Ձեր գնահատամամբ՝ ի՞նչ է փոխվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում անցած մեկ տարվա ընթացքում: Որտե՞ղ էինք 2018 թ. սկզբին և ո՞ւր ենք հասել հիմա:



– Ֆունդամենտալ խնդիրները հիմնականում նույնն են մնացել. Ռուսաստանը չի ուզում հիմնախնդրի վերջնական հանգուցալուծում, որովհետև այդ դեպքում նա կկորցնի ազդեցության լծակները թե՛ Երևանի և թե՛ Բաքվի նկատմամբ: Միացյալ Նահանգներն ուզում է, որ խնդիրը լուծվի, բայց չունի բավարար ռեսուրսներ տարածաշրջանում՝ հիմնախնդրի կարգավորումն առաջ մղելու համար: Իսկ Հայաստանում և Ադրբեջանում այնպիսի կառավարություններ են, որոնք արտացոլում են հանրության այն արմատական դիրքորոշումը, որը դեմ է կտրուկ փոփոխություններին այս հարցում:

Միևնույն ժամանակ, եղել են երկու ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք կարող են փոխել իրավիճակը: Հայաստանում ձևավորվել է նոր կառավարություն, որն ավելի անկախ է Մոսկվայից, քան Հայաստանի որևէ կառավարություն անկախացումից ի վեր: Իսկ Ադրբեջանն ավելի է խորացնում կապերը Մոսկվայի հետ: Հավանաբար Փաշինյանն առայժմ չունի բավարար ուժ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում անկախ գործելու համար. նա նախ և առաջ կկենտրոնանա ներքին խնդիրների վրա: Եվ նա հավանաբար չի ուզենա անել քայլեր, որոնք կհակադրվեն ղարաբաղյան ազդեցիկ լոբբիին: Հնարավոր է՝ իրավիճակը փոխվի մեկ-երկու տարի անց: Մինչդեռ Բաքվում Ալիևը ձգտում է հարաբերությունների չափավոր սերտացման Մոսկվայի հետ: Մոսկվան կարող է էապես ընդլայնել իր ազդեցությունը Ադրբեջանում, եթե ստիպի Երևանին նահանջել իր դիրքերից, զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի հարցում: Ես միշտ համոզված եմ եղել, որ Մոսկվան կծախի Հայաստանը, կդավաճանի նրան, եթե համոզված լինի, որ դրա դիմաց կստանա Ադրբեջանը: Բայց այստեղ կա մի մեծ «բայց»՝ պարզ չէ՝ Ալիևը պատրա՞ստ է ամեն ինչ տալ Մոսկվային, նույնիսկ եթե դա ճանապարհ կհարթի Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու համար:

Ես ենթադրում եմ, որ 2019 թվականին նույնպես լուրջ տեղաշարժեր չեն լինի կարգավորման գործընթացում, թեև Մոսկվան կհրահրի նոր բախումներ, բռնություններ՝ հիշեցնելու երկու կողմերին, որ իրենից բացի՝ որևէ մեկը չի կարող որոշել, թե ինչ պիտի տեղի ունենա այնտեղ:

– Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հայտնի փոփոխություններից հետո Հայաստանը և Ադրբեջանը կառավարումեն իրենց տեսակով բավական տարբեր վարչակարգեր: Հայաստաննայժմ ավելի վճռականորեն է շարժվում դեպի ժողովրդավարացումիսկ Ադրբեջանում մնում է միևնույն ռեժիմըԱյս նոր իրավիճակըէապես կազդի՞ հակամարտության և խաղաղության գործընթացիվրա:



– Փաշինյանը ստիպված է ամրապնդել իր իշխանությունը երկրի ներսում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում քայլ անելը շատ կդժվարացնի իր գործը ներքաղաքական առումով: Ալիևն էլ իր հերթին չի ուզում ճոճել նավակը կտրուկ քայլով, ուստի նա կհետապնդի Մոսկվայի հետ չափավոր մերձեցման քաղաքականություն, բայց շատ հեռու չի գնա, որպեսզի չօտարի Թուրքիային և Արևմուտքին:

– Անցած տարվա ընթացքում մի շարք հետաքրքիր զարգացումներեղան թե՛ կարգավորման գործընթացում և թե՛ ընդհանրապեստարածաշրջանումՀարավային Կովկաս այցելեց ԱՄՆ նախագահիազգային անվտանգության հարցերով խորհդական Ջոն Բոլթոնը՝Հայաստանում անելով իր հայտնի հայտարարությունըթեխորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Փաշինյանն«ուժեղ մանդատ» կստանա և կարող է «վճռական քայլեր անել» ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երկու ոչ պաշտոնական հանդիպում ունեցան: Հետո Ադրբեջանի ղեկավարությունը սկսեց բավական տարօրինակ լավատեսական հայտարարություններ անել, թե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել», Ադրբեջանի արտգործնախարարը «փոխըմբռնման» է հասել իր հայաստանցի գործընկերոջ հետ և այլն: Նմանատիպ հայտարարությունները որոշ կասկածներ առաջացրեցին, որ դիվանագիտական բանակցությունների շրջանակներում տեղի է ունենում ինչ-որ բան, ինչը երկու երկրների ղեկավարները գաղտնի են պահում: Ի՞նչ եք կարծում, ամերիկյան և ռուսական քաղաքականության մեջ այս հարցում կարո՞ղ են լուրջ փոփոխություններ լինել:



– Փաշինյանն ունի մանդատ, բայց նա չունի մանդատ՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Ղարաբաղի հարցում նա շարունակում է իր նախորդի քաղաքական գիծը: Եթե ակտիվ արևմտյան ներկայություն կիներ Կովկասում՝ դա կարող էր փոխել իրավիճակը, բայց դա հավանական չէ՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի նահանջը դիվանագիտական ներգրավվածությունից և այն վստահությունը, որ նա զորքեր չի մտցնի տարածաշրջան: Իսկ Ռուսաստանն ավելի կարևոր հարցեր ունի, և Հայաստանն այս պահին երկրորդական խնդիր է Մոսկվայի համար: Կրեմլը չի սիրում Փաշինյանին, բայց չի ուզում այնպես անել, որ նրան մղի Արևմուտքի գիրկը: Հետևաբար, ամենայն հավանականությամբ դիվանագիտական գործընթացը կրկին կմտնի փակուղի:

– Փորձագետները կարծում են, որ Թրամփի վարչակազմը դիտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը՝ որպես Իրանի մեկուսացումը խորացնելու միջոց: Իսկ Ռուսաստանը ակտիվ է հարցում՝ ինչպես միշտ: Սրան գումարած՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը որոշ ուշագրավ մասնրամասներ բացահայտեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագրից, որն առաջարկում է Արցախի 5 շրջանների հանձնում Ադրբեջանին (ու պարզ չէ՝ թե ի՞նչ պիտի դրա դիմաց ստանա հայկական կողմը) և ՀԱՊԿ-ի զորքերի տեղակայում հակամարտության գոտում: Սրանից հետո պե՞տք է սպասենք նոր դիվանագիտական ջանքեր միջնորդների կողմից:

– Եթե Ղարաբաղի հարցը լուծվի Ադրբեջանի օգտին՝ դա ավելի մեծ հնարավորություններ կտա Միացյալ Նահանգներին՝ մեկուսացնելու Իրանին, քանի որ ղարաբաղյան հարցի լուծումը նշանակում է, Թեհրանը կկորցնի Կովկասում քաղաքական հարցերի վրա ազդելու հնարավորությունը: Բայց Մոսկվան հասկանում է դա և այնպես կանի, որ դա թույլ չտա:

https://www.1in.am/2486412.html

ԴԻՏԵԼ