Մոսկվան գործարկում է «Լավրովի պլանը»․ նպատակը՝ Ադրբեջանին հանձնել 5 շրջանները և տեղակայել «խաղաղապահներ»





2018 թ․ ապրիլ-մայիսյան իրադարձությունների՝ Սերժ Սարգսյանի ավտորիտար վարչակարգի տապալման և «թավշյա հեղափոխության» հաղթանակի ազդեցությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա շատ է քննարկվել այս ամիսների ընթացքում։ Եթե ասենք, թե ապրիլից այս կողմ շատ բուռն իրադարձություններ են տեղի ունեցել ոչ միայն երկրի ներսում, այլև հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում, շատ քիչ բան ասած կլինենք։

Մոսկվայի երկակի վերաբերմունքը

Թերևս ճիշտ է այն գնահատականը, որ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակցի վերաբերմունքը տեղի ունեցած փոփոխություններին միանշանակ չէր։ Մի կողմից տեսանք, որ Մոսկվան բավական անսպասելիորեն չեզոք դիրք բռնեց ապրիլյան ցույցերի օրերին՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, և չփորձեց չխոչընդոտել իշխանափոխությանը, մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործի հետաքննության վերսկսումից և Կրեմլի վաղեմի բարեկամներին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին (նա ունի ՌԴ քաղաքացիություն և այդպես էլ չեկավ Հայաստան ցուցմունք տալու) և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց հետո կոպտորեն միջամտեց Հայաստանի ներքին գործերին՝ արտգործնախարար Լավրովի շուրթերով հայտարարելով, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առաջացրել են Մոսկվայի մտահոգությունը։

Իհարկե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում մի քանի անգամ հանդիպել է նախագահ Պուտինի հետ՝ արժանանալով շատ ջերմ ընդունելության, և հայտարարել, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»։ Մյուս կողմից, սակայն, չնայած ռուսաստանցի որոշ փորձագետների հավաստիացումներին, թե Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին, Մոսկվայից գալիս էին ազդակներ, որոնք ճիշտ հակառակի մասին էին խոսում։ Եվ ճշմարտության մեծ չափաբաժին կա որոշ փորձագետների այն տեսակետի մեջ, որ Փաշինյանը, կարծես, «սպիտակ ագռավ» լինի ՀԱՊԿ-ի ու Եվրասիական միության ավտորիտար լիդերների ակումբում, որովհետև խորհրդանշում է ժողովրդավարական այն փոփոխությունները, որոնք նույն Պուտինը, Նազարբաև, Լուկաշենկոն սպառնալիք են համարում իրենց վարչակարգերի համար։

Տոտալ ճնշում Հայաստանի վրա



Այս իմաստով դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լակմուսի թուղթ դարձան՝ հասկանալու մեր միջազգային գործընկերների վերաբերմունքը Հայաստանում սկսված ժողովրդավարացման, բարեփոխումների գործընթացին։ Եթե Արևմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, Եվրամիության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, խիստ դրական արձագանքեց՝ շնորհավորելով վարչապետ Փաշինյանին ոչ միայն իր գլխավորած դաշինքի հաղթանակի, այլև բարձր մակարդակի ընտրություններ կազմակերպելու և գրանցված առաջընթացի համար և պատրաստակամություն հայտնելով ավելի սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ, ապա ՀԱՊԿ-ի ֆորմալ դաշնակիցները, որքան էլ տարօրինակ է, որևէ կերպ չարձագանքեցին և շնորհավորական որևէ հեռագիր չուղարկեցին Հայաստանի ղեկավարին։

Իսկ վերջին օրերին Ռուսաստանը շատ լուրջ ու անթաքույց արշավ է սկսել՝ տոտալ ճնշում գործադրելով Հայաստանի նկատմամբ մի քանի ուղղություններով։ Նախ, եղավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարությունը Հայաստանում գոյություն ունեցող բիոլաբորատորիաներում «օտարերկրյա զինվորականների» ներկայությունը բացառող փաստաթղթի մասին, որը շուտով պիտի ստորագրեն Հայաստանն ու Ռուսաստանը։ Հետո փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ անելով Հայաստանի նոր իշխանություններին «խիզախություն գտնել՝ դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշումներ կայացնել»։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի այս հայտարարությունը կապված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ հոկտեմբերի վերջին Երևանում արված հայտնի հայտարարության հետ, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունները։

Կարասինը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում քննադատել է Բոլթոնին զենքի հետ կապված հայտարարության, ինչպես նաև Երևանին ուղղված այն կոչի համար, որ Հայաստանն իր միջազգային հարաբերություններում պետք է ազատվի «պատմական կլիշեներից», և մեղադրել է Միացյալ Նահանգներին Հայաստանի ներքին գործերին խառնվելու համար։

«Այս տարի երկրում [Հայաստանում] տեղի ունեցող արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքաղաքական և արտաքին քաղաքական գործերին գնալով ավելի անթաքույց է դառնում»,- ասել է Կարասինը։

Գազի գինը կբարձրացնե՞ն

Այս խորապատկերին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի բարձրացման մասին շրջանառվող, բայց դեռևս չհաստատված լուրերը, բնականաբար, քաղաքական լուրջ երանգներ ստացան՝ առաջացնելով լուրջ հարցեր հանրության շրջանում։ Այս պահին ռուսական գազը Հայաստանի սահման է հասնում 150 դոլարով (1000 մ³-ի համար), բայց հայաստանցի սպառողին վաճառվում է մոտ 290-292 դոլարով։ Վարչապետ Փաշինյանը դեռ ամռանն է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել այս տարբերությունը և հայտարարել, թե քննարկումների արդյունքում ինքն ու Պուտինը եկել են այն եզրահանգմանը, որ գազի բարձր գինը ներհայաստանյան խնդիր է։ Հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը բանակցում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» հետ գազի սակագնի փոփոխման հարցի շուրջ, և բնականաբար, խոսքը գազի գնի իջեցման, ոչ թե բարձրացման մասին է։ Բայց «168 Ժամ» շաբաթաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե «ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ»: Ավինյանի գրասենյակի ղեկավար Վ․ Սիսեռյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված գին, ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետից նամակ չի ստացել, այլ Ավինյանը և Կոզակը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը:

«Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել», – նշել է Սիսեռյանը։



Մոսկվան շանտաժի է ենթարկում Հայաստանին

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն՝ ասելով, որ Ռուսաստանի կողմից ներկայումս շատ լուրջ ճնշում է գործադրվում Հայաստանի կառավարության և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Հայաստանի քաղաքական կուրսն էլ ավելի իրեն ենթարկելու և ղարաբաղյան հիմնախնդրի միջանկյալ կարգավորման իր ծրագիրը առաջ մղելու նպատակով։

Վասաձեի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների գլխավոր խնդիրներից մեկը կոմունիկացիոն խնդիրն է, որովհետև Հայաստանի նախկին իշխանության օրոք երկու երկրների քաղաքական էլիտաները խոսում էին նույն լեզվով, և խոսքը ոչ թե ռուսերենի, այլ դավանած ընդհանուր արժեքների մասին է։ Իսկ Փաշինյանն ու իր թիմակիցները բոլորովին այլ մտածելակերպի մարդիկ են, և այս նոր էլիտայի ու Մոսկվայի միջև փոխըմբռնման որոշակի պակաս կա։ Թեև, ինչպես նկատեց վրացի քաղաքագետը, Փաշինյանի վարչակազմում կան նաև այնպիսի փորձառու գործիչներ, ինչպիսին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն է, որն, ի դեպ, մի քանի տարի առաջ, որպես փոխարտգործնախարար, Հայաստանի գլխավոր բանակցողն էր Եվրամիության հետ։ Եվ նման կադրերի առկայությունն, իհարկե, անհանգստություն է առաջացնում Մոսկվայում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Փաշինյանը իշխանության է եկել Ռուսաստանի համար ոչ այնքան ընդունելի ճանապարհով։ Իշխանափոխության նման մեթոդը դուր չի գալիս, որովհետև իրենց համոզմամբ՝ այս տարածաշրջանում տեղի ունեցած հեղափոխությունները Արևմուտքի դավադրություններն են։

«Հայաստանի նկատմամբ ոչ թե ինչ-որ ճնշում է գործադրվում, այլ շատ լուրջ ճնշում է գործադրվում, որի նպատակը, առաջին հերթին, Հայաստանի քաղաքական կուրսն էլ ավելի իրեն ենթարկելն է, երկրորդը՝ հասնել որոշակի արտոնությունների՝ Ադրբեջանի հետ առևտուր անելու համար։ Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանն ինքը այսօր շատ կայուն վիճակում չէ՝ պատժամիջոցներ, լարված հարաբերություններ Արևմուտքի հետ ընդհանրապես և Միացյալ Նահանգների հետ՝ հատկապես, Ուկրաինայի, Սիրիայի հարցերը։ Այս ամենը բավական անհաջող պատմություն են Մոսկվայի համար։ Մոսկվային պետք է ինչ-որ հաջողություն արձանագրել, իսկ դրա համար ամենահարմար վայրը մեր տարածաշրջանն է՝ Հարավային Կովկասը։ Այնպես որ, Մոսկվան այս ճնշման միջոցով, մի կողմից, ստուգում է իր հնարավորությունները, մյուս կողմից էլ՝ փորձում է էլ ավելի ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում, քան եղել է նախկին իշխանությունների օրոք։ Եկեք անկեղծ լինենք՝ նույն Սերժ Սարգսյանն այնքան վստահ էր իրեն զգում իշխանության ղեկին,- ինչպես պարզվեց՝ շատ իզուր,- որ կարող էր իրեն թույլ տալ չհամաձայնվել Մոսկվայի հետ, «ոչ» ասել Պուտինին։ Նա կարող էր իրեն թույլ տալ CEPA-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ստորագրել Եվրամիության հետ։ Ուստի այժմ միանգամայն բնական է, որ Մոսկվան փորձում է էլ ավելի ենթարկեցնել Հայաստանի քաղաքական կուրսն իր նպատակներին և շանտաժի ենթարկել Հայաստանին։ Այո, դա շանտաժ է, որովհետև Մոսկվայի համար շատ կարևոր է պահպանել Հայաստանը՝ որպես իր գլխավոր ֆորպոստը Հարավային Կովկասում։ Չմոռանանք նաև այն մասին, որ Մոսկվան ուզում է փոխել Ադրբեջանի քաղաքական վեկտորը։ Արևմուտքը միայն Վրաստանի վրա կողպելը և նրա ազդեցության ընդլայնումը Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի վրա թույլ չտալը սկզբունքային հարց է Ռուսաստանի համար»,- մեկնաբանեց Վասաձեն։



«Լավրովի» պլանը գոյություն ունի

Գելա Վասաձեն կարծում է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն վերջին ասուլիսի ընթացքում հենց այնպես չբացահայտեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրը՝ «Լավրովի պլանը», ասելով, որ ինքն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը ժամանակին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում, փորձել են համոզել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հարակից 7 շրջաններից 5-ը և խոստացել են ՀԱՊԿ-ի զորքերը մտցնել Ղարաբաղ անվտանգությունն ապահովելու համար։ Դրա դիմաց Ադրբեջանը պիտի անդամակցեր ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միությանը)։ Քաղաքագետի տպավորությամբ՝ ակնհայտ է, որ ռուսական այս ճնշումը կապված է ղարաբաղյան հարցի ու Մոսկվայի որոշակի ծրագրերի հետ։

«Երբ Մոսկվան հերքում էր «Լավրովի պլանի» գոյությունը, դա պարզապես ժպիտ էր առաջացնում։ Բայց այսօր Բելառուսի նախագահը բաց տեքստով ասում է, որ այն, ինչ մենք կոչում ենք «Լավրովի պլան», իսկապես գոյություն ունի։ Այն ունի ռազմավարական նշանակություն, և Սերժ Սարգսյանը հենց այդ առաջարկին է ասել «ոչ»։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։ Բանն այն է, որ Մոսկվայի համար շատ կարևոր է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ մի դեպքում չհանգուցալուծվի։ Այն պիտի հավերժ լինի Մոսկվայի համար, և Ադրբեջանն ու Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է համաձայնության հասնեն, որովհետև Երևանն ու Բաքուն համաձայնության հասնեն խնդրի լուծման շուրջ՝ Մոսկվան կկորցնի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Ուստի Մոսկվայի ծրագիրն է Ադրբեջանին հանձնել 5 շրջանները և այնտեղ տեղակայել խաղաղապահներ։ Եվ, իհարկե, դրանք լինելու են ռուս խաղաղապահները։ Գուցե այնտեղ լինի մեկ գումարտակ, որում ընդգրկված կլինեն բելառուսներ, ղազախներ կամ տաջիկներ։ Բայց դա խորհրդանշական բնույթ է ունենալու։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը զորքեր կունենա նաև Ադրբեջանում։ Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ չկան ռուսական զորքեր։ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, իսկ Վրաստանում Ռուսաստանը օկուպացրել է երկու շրջան։ Եվ եթե այդ 5 շրջաններում տեղակայվեն ռուս խաղաղապահներ՝ կստացվի, որ Ադրբեջանում ևս կլինեն ռուսական զորքեր։ Եվ այստեղ խնդիրը միայն ռազմական բաղադրիչը չէ։ Դա ունի նաև շատ կարևոր քաղաքական նշանակություն։ Եթե Ռուսաստանը զորք ունենա Ադրբեջանի տարածքում՝ դրանով կարող է ազդել Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա։ Այնպես որ, սա իդեալական լուծում է Մոսկվայի համար, բայց հակասում է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ազգային շահերին»,- նշեց Վասաձեն։

Ռուսների վաղեմի երազանքը

Այսպիսով, ինչպես տեսանք՝ Արցախի հարցով Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա նոր ճնշումներ գործադրելու վտանգ իսկապես կա, և չի բացառվում, որ մոտ ապագայում ռուսները կրկին հրապարակ բերեն կարգավորման իրենց ծրագիրը, որը պիտի ամրապնդի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում և փաստացի դուրս թողի Արևմուտքին խաղից։ Եվ եթե ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի ռեգիոնալ ծրագրի նպատակը ոչ միայն Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացումն է, այլև Իրանի մեկուսացման խորացումը, ապա Մոսկվան նպատակ ունի վերջնականապես իրեն ենթարկել Հայաստանը և ընդլայնել իր ազդեցությունը Ադրբեջանում, որն իր տնտեսական ու ֆինանսական ավելի մեծ ռեսուրսների շնորհիվ առայժմ կարողացել է քիչ թե շատ ավելի անկախ քաղաքականություն վարել։ Ամենակարևորը՝ Արցախյան ազատամարտի տարիներին ռուսական զորքերը Լեռնային Ղարաբաղի գոտուց քշելուց ի վեր «ռուսական սապոգն» այդպես էլ չի մտել ազատ Արցախի տարածք, ինչը Մոսկվայում ստրատեգիական լուրջ բացթողում են համարում և ինչի հետ նրանք ոչ մի կերպ չեն ուզում հաշտվել։

«Երկուսդ էլ ճիշտ եք»

Ինչ վերաբերում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Կարասինի հայտարարությանը, ապա այն, իհարկե, շատ մտահոգիչ է։ Դժվար է իհարկե ասել, թե ունե՞ն արդյոք ռուսաստանցի դիվանագետները բարոյական իրավունք՝ մեղադրելու Հայաստանի մեկ այլ գործընկերոջը՝ Միացյալ Նահանգներին, Հայաստանի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին՝ Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին, զենք վաճառելու մտադրության համար, եթե հիշենք, որ Ռուսաստանը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի զենքի թիվ մեկ մատակարարն է և անհրաժեշտության դեպքում միջատում է Հայաստանի ներքին գործերին՝ առանց կաշկանդվելու և երևակայության բոլոր հնարավոր սահմանները գերազանցող լկտիությամբ։ Սա հիշեցնում է հայտնի անեկդոտը «փչացած» երկու կանանց մասին, որոնց ի վերջո հաշտեցնում է իմաստուն մի ծերունի՝ ասելով, որ «երկուսդ էլ ճիշտ եք»։ Բայց, ինչպես ասում են, այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Մտահոգիչ միտումը, որը նկատվում է այս համատեքստում, այն է, որ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի՝ գնալով սաստկացող գլոբալ ու տարածաշրջանային դիմակայությանը զուգահեռ մեր տարածաշրջանը կամ պայմանականորեն ասած՝ Ղարաբաղյան հակամարտության դաշտը, դառնում է աշխարհաքաղաքական երկու այս կենտրոնների հակամարտության հերթական օջախը՝ դրանից բխող բոլոր վտանագավոր հետևանքներով։ Ռազմական փորձագետները դեռ նոյեմբերին էին մեզ հետ զրույցում կարծիք հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դառնում են նոր Սառը պատերազմի բևեռներ։

https://www.1in.am/2480794.html

ԴԻՏԵԼ