Դատարկը Լուկաշենկոյի խոսակցություններն են. նա դեռ չի հասկանում՝ ում հետ գործ ունի


Loading...


Loading...

Հրապարակային բանավեճերի և քաղաքական մենամարտերի սիրահար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի նախագահը, կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում՝ ոչ միայն ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման չարչրկված հարցի, այլև ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարությունների շնորհիվ:

Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ

Դեկտեմբերի 14-ին նա շուրջ 4 ժամ տևած մամուլի ասուլիսով է հանդես եկել Մինսկում շրջագայությամբ գտնվող ռուսաստանցի լրագրողների առջև՝ պատմելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից Հայաստանի նախաձեռնությամբ ազատելուց հետո կազմակերպությունում ստեղծված իրավիճակի և նոր գլխավոր քարտուղարի հարցի շուրջ Բելառուսի ու Հայաստանի վեճի մասին՝ ասելով, թե այդ «շիլափլավը» ոչ թե ինքն է սարքել, այլ Նիկոլ Փաշինյանը, որը Խաչատուրովին ձերբակալելու որոշումից առաջ չի խորհրդակցել գործընկեր պետությունների ղեկավարների հետ: Դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովից ու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումից հետո Լուկաշենկոն հայտարարել էր, թե իբր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված է, և կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ հաջորդ քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը: Այս հայտարարությունը հետո հերքվեցՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակների կողմից: Եվ ահա վերջին ասուլիսին Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից գլխավոր քարտուղարի հարցի շուրջ վեճի ու տարբեր առիթներով Հայաստանի վարչապետի հասցեին արած իր հայտարարությունների համար:

«Սե՛րժ, տո՛ւր այդ 5 շրջանը»

Բայց էլ ավելի ուշագրավ է Լուկաշենկոյի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին տարիների պատմության որոշ դրվագների մասին: Բելառուսի նախագահը պատմել է, թե Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում, որն ըստ երևույթին տեղի է ունեցել 2016 թ. հոկտեմբերին, ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիմնախնդրի կարգավորման ինչ-որ ծրագիր են առաջարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ավելի ճիշտ՝ առաջարկել են Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) շրջակա յոթ շրջաններից հինգը, սակայն Սերժ Սարգսյանը չի համաձայնվել:

«Ազնվորեն ասել եմ՝ լսի՛ր, ինչպես նրանք են ասում՝ օկուպացրել եք 7 շրջան։ Ես ու Պուտինը միասնական դիրքորոշում հայտնեցինք՝ Սե՛րժ, տո՛ւր այդ 5 շրջանը։ Ո՞րն է պատճառը չվերադարձնել դրանք, չէ՞ որ դատարկ են։ Նա էլ ասում է՝ եթե վերադարձնեմ՝ նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն։ Եվ ես ու Պուտինը հստակ ասացինք, որ մեր զորքը կմտցնենք, դա թույլ չենք տա։ Ադրբեջանցիների ներկայությամբ ենք ասել։ Նա ասաց՝ ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- պատմել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, թե Հայաստանի այն ժամանակվա ղեկավարի այդ դիրքորոշումն իրեն զարմացրել է:


Loading...

«Բատկան» Ադրբեջանի թելն է թելում

Առաջին հայացքից Լուկաշենկոն, կարծես, սենսացիոն բացահայտում է արել, սակայն, նախ, դրա մոտիվացիան պարզ չէ: Եվ հետո, Լուկաշենկոն հոգևորական չէ, այլ քաղաքական գործիչ, որի համար խոսքը սովորաբար ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ իրավիճակի վրա ազդելու միջոց է: Ավելին, Լուկաշենկոյի նախկին բազմաթիվ հայտարարություններ չեն համապատասխանել իրականությանը: Հետևաբար` նախ պիտի գիտակցենք, որ նրա խոսքերը պետք չէ «հալած յուղի» տեղ ընդունել:

Բացի դրանից՝ Լուկաշենկոյի կողմից հայկական կողմի՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մեկնաբանությունը համոզիչ չի թվում: Որքան էլ Սերժ Սարգսյանին այս տարիների ընթացքում մեղադրել են Արցախյան հարցում ոչ հայաստանակենտրոն մոտեցման, փոխզիջումների գնալու, Ադրբեջանին որոշ տարածքներ վերադարձնելու սկզբունքային համաձայնության ու, ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում բավական թույլ կեցվածքի համար, այնուամենայնիվ, նույնիսկ Սարգսյանը նման անատամ հակափաստարկներ չէր նշի, որովհետև պարզ չէ, թե կարգավորման ո՞ր ծրագրի շրջանակներում են Պուտինն ու Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկել հանձնել «դատարկ 5 շրջանները», և ինչո՞ւ պիտի Հայաստանի նախագահը դրան համաձայներ՝ այն էլ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից ընդամենը ամիսներ անց:

Առանցքային հանգամանքն այս համատեքստում այն է, որ Բելառուսի նախագահն իր այս հայտարարությունն արել է ռուսաստանցի լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Սա շատ բան է բացատրում։ Ըստ էության, խոսել է ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցման խոչընդոտների մասին, – իսկ դրանում հասկանալիորեն առաջին հերթին շահագրգռված են ռուսներն ու պաշտոնական Մոսկվան, – ու բացատրել, որ Ադրբեջանը որոշակի պայման է առաջադրել իրեն, Ռուսաստանին, մյուս գործընկերներին, որի կատարման դեպքում միայն Բաքուն համաձայնություն կտա այդ կառույցներին անդամակցելուն։

«Ինչո՞ւ չեն ուզում։ Դատարկ է այդ 5 շրջանը։ Դա առաջին քայլն էր։ Այդ դեպքում Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում կլինեին։ Դա պայմանն էր, որով Ադրբեջանը կմտներ այդ կազմակերպություններ»։

Ու ամենևին զարմանալի չէ այն, որ հայկական շահերի, այն էլ Արցախի անվտանգության հաշվին Ռուսաստանին, Բելառուսին հետաքրքրող հարցերի լուծման փորձը ձախողվել է, ու Սերժ Սարգսյանը մերժել է Լուկաշենկոյի ու Պուտինի առաջարկը։ Եթե, իհարկե, այդ խոսակցությունն այնպես է եղել, ինչպիսին նկարագրում է Լուկաշենկոն։

«Լավրովի պլանն» ու Լուկաշենկոյի ադրբեջանամետ խաղերը

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր ծրագրի շրջանակներում է արվել այդ առաջարկը, տրամաբանորեն խոսքը հակամարտության կարգավորման ռուսական ծրագրի մասին է, որը մամուլում հայտնի է որպես «Լավրովի պլան» և որի մասին քննարկումները մեդիափորձագիտական դաշտում սկսվել են շուրջ երեք տարի առաջ: Այս նախագծի բովանդակությունն առաջին անգամ հայկական մամուլում հրապարակվեց 2016-ի հունիսին՝ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնից (տե՛ս «Պուտինի պլանը. հինգ շրջանի դիմաց՝ Արցախի համար միջանկյալ ամուր»): Նշվում էր, որ Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջանկյալ լուծում գտնել և հորդորել կողմերին, որպեսզի նրանք ընդունեն այդ առաջարկը: Այն մոտ էր 1997 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հակամարտող կողմերին առաջարկված հայտնի «փուլային տարբերակին»: Բայց ըստ հիմնախնդրի միջանկյալ հանգուցալուծման ռուսական նախագծի՝ հայկական կողմը դուրս էր բերում իր զինված ուժերը 5 շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու, փոխարենը Լեռնային Ղարաբաղը ստանում էր «միջանկյալ ամուր կարգավիճակ», որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով:

Այսինքն՝ խոսքը «տարածքների վերադարձ-կարգավիճակի հստակեցում» բանաձևի մասին էր: Մինչդեռ Լուկաշենկոյի ասածն ավելի շատ մոտ է Ադրբեջանի ցանկալի տարբերակին, հայկական կողմին ներկայացվող նախապայմաններին ու վերջնագրերին, թե առաջին հերթին հայկական զինված ուժերը պիտի դուրս բերվեն «Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի հարակից օկուպացված շրջաններից», որից հետո ադրբեջանցի փախստականները պիտի վերադառնան այդ շրջաններ, և դրանից հետո միայն պիտի սկսվեն «սուբստանտիվ բանակցություններ» հակամարտության կարգավորման շուրջ: Նման հայտարարություն է արել մասնավորապես Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս նույն միտքը կարմիր թելի պես անցնում է Լուկաշենկոյի խոսքում:

Բելառուսի նախագահը լրագրողներին ասել է, թե իր համար զարմանալի էր՝ ինչու հայկական կողմը չի ուզում հանձնել այդ 5 շրջանները, որոնք դատարկ են, և հայկական կողմն էլ իբր թե ընդունում է, թե դրանք «ադրբեջանական են»: Իսկ այդ առաջին քայլը, Լուկաշենկոյի խոսքերով, պայման էր, որի կատարման դեպքում Ադրբեջանը կանդամակցեր ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին: Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի Հայաստանը համաձայներ Ադրբեջանի անդամակցմանը այդ կազմակերպություններին՝ այն էլ այն դեպքում, երբ ոչ թե իրեն էին զիջում անում, այլ հայկական կողմն էր էական զիջում անում Ադրբեջանին: Ինչո՞ւ պիտի Հայաստանը կատարեր Ադրբեջանի կողմից Մոսկվային առաջադրված պայմանը: Դրանում անկասկած շահագրգռված են թե՛ Մոսկվան, թե՛ Մինսկը, թե՛ Աստանան, բայց ո՛չ Երևանը:

Ընդ որում, Լուկաշենկոյի մեկնաբանության մեջ որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի մասին: Ասում է, թե Ադրբեջանը դրա փոխարեն գազամուղ պիտի անցկացներ Հայաստանի տարածքով, բայց Սերժ Սարգսյանը չի համաձայնվել: Այն էլ՝ «կարծեմ»-ով:

«Խողովակ էին քաշում, կարծեմ, գազ էր, ու այն գնաց՝ Հայաստանը շրջանցելով»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Ընդ որում, երբ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ 5 շրջանները հանձնելու դեպքում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը սպառնալիքի տակ կդրվի, և Ադրբեջանը կարող է գրավել Արցախը, Լուկաշենկոն ու Պուտինն ասել են՝ «մեր զորքը կմտցնենք, դա թույլ չենք տա»: Բայց Սարգսյանն ասել է՝ «մենք դրանք չենք գնա»:

Դատարկը Լուկաշենկոյի խոսակցությունն է

Ի՞նչ է սա՝ բանակցային գործընթացի գաղտնիքների բացահայտո՞ւմ, թե՞ պարզապես ինֆորմացիոն ինտերվենցիա Բելառուսի նախագահի կողմից, տեղեկատվական աջակցություն իր մտերիմ ընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Հարցին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի (1990-95 թթ.) պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, որը խնդրի էությունը բացատրեց պատմական համատեքստում: Խորհրդային շրջանի հայտնի այլախոհի, նախկին քաղբանտարկյալի միտքն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակում Ռուսաստանը չի կարող միայնակ կամ իր դաշնակիցների հետ որոշում կայացնել Հայաստանի վերաբերյալ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որովհետև 1990 թ. նոյեմբերին կնքված Փարիզյան խարտիայով Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին, նոր՝ հատուկ կարգավիճակ ստացավ ու դուրս եկավ 1921 թ. մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի ազդեցությունից: Փարիզյան վեհաժողովին մասնակցում էին նախկին ԵԱՀԽ-ի (Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդ, ներկայումս՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն՝ ԵԱՀԿ) երկրները: Արշակյանը պատմեց, որ այդ խարտիայով, ըստ էության, վերջ դրվեց Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ-ի հակամարտությանը, և նախկին խորհրդային հանրապետություններն ինքնորոշման իրավունք ստացան: Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հակամարտող կողմերի միջև միջնորդական առաքելություն իրականացնող միջազգային միակ լեգիտիմ մարմինը՝ մեզ հայտնի Մինսկի խումբը, ստեղծվել է հենց ԵԱՀԿ-ի շրջանակներում:

«1990 թ. նոյեմբերին Հայաստանի կարգավիճակը փոխվեց: Այսինքն՝ Ռուսաստանը՝ միայնակ կամ իր դաշնակիցների, ինչ-որ խմբի հետ, չի կարող փոխել մեր երկրի կարգավիճակը: Հայաստանը, այդ թվում և Ղարաբաղը, ստացել են հատուկ կարգավիճակ:

Ուրեմն Լուկաշենկոն, Նազարբաևը և Պուտինը չեն կարող փոխել Ղարաբաղի կարգավիճակը: Դրա համար գոյություն ունի հատուկ մի կառույց՝ Մինսկի խումբը: ԵԱՀԽ-ն այն ժամանակ հատուկ կոնֆերանս հրավիրեց: Հետաքրքիր է, որ այդ կոնֆերանսը չի համարվում լիարժեք: Մինսկի խմբի իսկական անունը միջանկյալ կոնֆերանս է: Մինսկի խմբի անդամներից երեքը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Բելառուսը, ճանաչում են Լենին-Աթաթուրք պակտի (Մոսկվայի պայմանագրի) դրույթները, իսկ մնացած անդամները՝ Փարիզյան խարտիան: Ուրեմն Մինսկի խումբը միջանկյալ կոնֆերանս է Հայաստանի վերաբերյալ: Արցախը Հայաստան է: Արցախի հարցը Հայաստանի կարգավիճակի հարցն է: Ուրեմն Բելառուսի նախագահը, որն ասել է՝ «դատարկ տարածքներ են», դատարկն իր խոսակցությունն է: Լաչինը դատարկ չի, Քարվաճառը դատարկ չի, Աղդամը դատարկ չի: Այնտեղ կանգնած է հայ զինվորը: Որտեղ կանգնած է հայ զինվորը, այդ երկիրը մեր տարածքն է: Արցախի Սահմանադրությամբ՝ դա Հայաստանի տարածք է: Դա ասում եմ, որ Լուկաշենկոն իմանա: Արցախը Հայաստան է: Ուրեմն հիմա լրջորեն պաշտպանված ենք ԵԱՀԿ-ի միջանկյալ կոնֆերանսով, որը կոչվում է Մինսկի խումբ: Ինչո՞ւ Մինսկի խումբ. որովհետև Մինսկը համարվում է ԱՊՀ-ի մայրաքաղաքը: 1992-ին, երբ ընթանում էին այդ բանակցությունները, չուզեցին, որ Մոսկվայում լինի: Այսուհետև Արևելյան Եվրոպայի կենտրոնը ոչ թե Մոսկվան է, այլ Մինսկը: Ուրեմն Մինսկի բռնապետը թող զբաղվի իր գործով: Ինչպես հին հույներն են ասում՝ թող զբաղվի կոշիկներով: Քանդակի վերևի մասն իր գործը չէ»,- նշեց Ազատ Արշակյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում Լուկաշենկոյի ասպարեզ իջնելը անադեկվատության, նրա մեծամտության և Հայաստանի նախորդ իշխանությունների անարժանապատիվ վարքագծի հետևանքն են:

«Նա դեռ չի հասկանում՝ ում հետ գործ ունի: Նիկոլ Փաշինյանը ամուր ընկույզ է: Թավիշը, բարեփոխումները, մարդասիրությունը, սերը և համերաշխությունը մեզ համար է, իսկ դրսի համար նա փշոտ է, կոշտ»:

Լուկաշենկոն պարզապես սիրաշահում է Ադրբեջանին ու նաև իր կարևորությունն է ուզում ընդգծել, որովհետև իր երկրից բացի՝ գործունեության այլ ասպարեզ չունի: Իր կալվածքում, իր «վոտչինայում» նա վաղուց է ինքնահաստատվել, վաղուց հոգնել է դրանից ու պայքարի միջազգային ասպարեզ է փնտրում:

«Նա պետք է «крутой» լինի, «կրուտոյություն» է ուզում: Ու հանկարծ մտածեց, որ Հայաստանում հեղափոխություն է, Ռուսաստանի դրածոյին հեռացրել են իշխանությունից, Ռուսաստանը դժգոհ է, բայց չի աղմկում, և ինքը սկսեց իրեն սանձարձակ պահել Հայաստանի նկատմամբ»,- այսպես մեկնաբանեց Լուկաշենկոյի պահվածքը Ազատ Արշակյանը:

https://www.abc.net.au/cm/rimage/5608756-16x9-large.jpg?v=2

Ռուսաստանն ավելի կարևոր հարցեր ունի

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը դժվարանում է ասել՝ որքանո՞վ է Լուկաշենկոյի պատմածը համապատասխանում իրականությանը, բայց կարծում է, որ ամեն դեպքում Ռուսաստանն այսօր շատ ավելի առաջնահերթ խնդիրներ ունի, քան ղարաբաղյան հիմնահարցի լուծումը, և դժվար թե ներկայիս իրավիճակում ինչ-որ մեկը փորձի հակամարտության կարգավորման ինչ-որ ծրագիր պարտադրել Հայաստանին: Ֆելգենհաուերը համաձայն է, որ ինչ-որ առումով դա ինֆորմացիոն աջակցություն էր Լուկաշենկոյի կողմից Ադրբեջանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձագետն ասաց հետևյալը. «Այո, ինչ-որ առումով դա հնարավոր է, բայց այսօր անիրական է Հայաստանին կարգավորման ինչ-որ սխեմաներ պարտադրել: Ռուսաստանը հիմա շատ ավելի կարևոր խնդիրներ ունի: Մեզ մոտ կիսապատերազմական վիճակ է Ուկրաինայի հետ, և Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը առաջնահերթություն չէ: Ռուսաստանը միջին գիծ է որդեգրել այս հարցում: Օրինակ, Ադրբեջանը դժգոհ է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահն այցելել է Մոսկվա, Հայաստանը այլ բաներից է դժգոհ, բայց Ռուսաստանն այս պահին չի պատրաստվում տարածքային ինչ-որ լուծումներ պարտադրել կողմերին: Ծրագրերը շատ են եղել: Դրանք ներկայացվել են կողմերին, ինչ-որ քարտեզներ են գծել, բայց այսօր որևէ հնարավորություն և ցանկություն չկա ինչ-որ լուծում պարտադրելու: Այդ ծրագրերը ներկայացնում են, բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն ընդունում դրանք, ու դրանով այդ ծրագրերն ավարտվում են: Ռուսաստանը կշարունակի հավասարակշռել Բաքվի և Երևանի միջև: Լուկաշենկոն այստեղ ընդհանրապես որևէ դեր չի խաղում: Նա իր խնդիրներն ունի Մոսկվայի հետ: Նա կարող է ինչ-որ բան ասել, կարող է և չասել: Տարբերություն չկա: Իսկ Մոսկվան զբաղված է Ուկրաինայով, Արևմուտքով, և իսկապես Հայաստանով ու Ղարաբաղով զբաղվելու ժամանակ չկա: Իհարկե, կան մարդիկ, ովքեր մշտապես զբաղվում են այս հարցով, բայց բարձրագույն ղեկավարության համար ավելի կարևոր հարցեր կան: Այսօր ոչ ոք չի փորձելու ինչ-որ ծրագիր պարտադրել Հայաստանին կամ Ադրբեջանին: Այդպիսի ծրագրեր 1994 թվականից ի վեր շատ են եղել, բայց դրանք լուրջ դեր չեն խաղացել»:

https://www.1in.am/2478885.html