Ական Արցախի հարցում. ինչ է անում Նիկոլ Փաշինյանը

«Բոլոր իշխանությունները մեղադրվել են Ղարաբաղը ծախելու համար, բայց ի վերջո ոչ մեկն էլ չի ծախել ու ծախել չի էլ կարող»: Այդօրինակ տեսակետն այս օրերին շատ է հնչում ՀՀԿ շրջանակից Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքի համատեքստում: Հայտնի է, որ նրան մեղադրում են, թե իբրեւ պլանավորված քաղաքականություն է վարում Արցախի դեմ, հանուն իր իշխանության: Թեեւ մեղադրողները ոչ միայն որեւէ փաստարկ չեն ներկայացրել, այլեւ հրաժարվել են բացատրություն տալ ԱԱԾ-ին, այդուհանդերձ հարցը շարունակվում է շահարկվել:

Ահա այդ համատեքստում էլ տարբեր տեղերից հնչում է արձագանք, թե բոլոր ընդդիմությունները բոլոր իշխանություններին մեղադրել են «ծախելու» համար, բայց մինչեւ հիմա ոչ մեկը չի «ծախել» ու չի «ծախի»:

Այստեղ իհարկե կա լուրջ հանգամանք, որովհետեւ ի վերջո Արցախի խնդրում շահերը, մոտիվացիոն հիմքերը, ամենատարբեր մեծ ու փոքր գործոնները բազմազան են, բազմաբնույթ եւ դրանց մի մեծ մասն էլ դուրս են Հայաստանի սահմաններից:

Սակայն այս դիտարկումները արժե չափել նաեւ հակառակ կողմից: Իհարկե, որեւէ մեկը Արցախը չի «ծախել» կամ հանձնել, փաստ չկա՝ Արցախն էլ, տարածքներն էլ տեղում են:

Սակայն չափել հարցը լոկ այդ համատեքստում, նշանակում է թերագնահատել կամ թյուր ընկալել խնդիրը, գտնվել թմբիրում:

Որովհետեւ «ծախել» կամ «հանձնելը», իսկ ավելի քաղաքական բառակազմությամբ ասած՝ Արցախի խնդրում շատ թե քիչ ձախողումը կամ տանուլ տալը, չի չափվում միայն այս պահի ֆիզիկական իրողությամբ եւ ստատուս-քվոյով:

Ի վերջո, դրա շուրջ ծավալվում է շարունակվող թե քաղաքական-դիվանագիտական, թե տնտեսական կյանք: Այստեղ անշուշտ շատ է խոսվել տնտեսական մրցակցության եւ դրա կարեւորության մասին, որը պետական դիմադրունակության հիմքն է: Միաժամանակ նաեւ շատ կարեւոր է այն քաղաքական-դիվանագիտական միջավայրը, որ կա, քանի որ դա է ձեւավորում նաեւ մթնոլորտն Արցախի հարցի շուրջ, որպեսզի, օրինակ, ադրբեջանական որեւէ ագրեսիայի դեպքում Հայաստանը չմնա մենակ՝ ինչպես մնաց ապրիլին, եւ ինչը գործնականում Բեռլինում խոստովանեց նաեւ Սերժ Սարգսյանը:

Չափման տիրույթ պետք է լինի նաեւ դիվանագիտական-քաղաքական աշխատանքը: Եվ այստեղ կա հատկանշական օրինակ: Երբ Սերժ Սարգսյանը համաձայնում է Կազանում ստորագրել փաստաթուղթ, որտեղ Հայաստանը պատրաստ է զիջել հինգ շրջան, իսկ դրա դիմաց չստանալ կարգավիճակի հարցի լուծում՝ եւ դա չի ստորագրվում, որովհետեւ Ալիեւը պահանջում է ամբողջը, ինքնախաբեություն է համարել, թե հայկական կողմը դիվանագիտական խորամանկությամբ պահեց Արցախը հերթական անգամ:

Որովհետեւ Ալիեւը դնում է ամենաբարձր պահանջի նշաձող, այն դեպքում, երբ հայկական կողմը համաձայնում է գործնականում ամենացածրին: Եվ դա է փաստը, որը դառնում է գործող դիվանագիտական ական:

Այդ ականն իհարկե հայկական կողմի քաղաքական դիրքերի տակ դրվել է դեռեւս պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ հաղթող կողմը բանակցությունը դեռ չսկսած փաստացի ճանաչել է Ադրբեջանի իրավունքը:

Բաքուն այդ իրավունքն է խնամքով, հանդարտ գեներացրել ու հասցրել օրինակ ապրիլյան պատերազմի, երբ Հայաստանը մնացել էր առանց որեւէ արտաքին քաղաքական աջակցության:

Իրավիճակը չափել պետք է հենց այդ համատեքստում, եւ եթե Արցախը «ծախվել» է միայն «թղթով», իսկ իրականում՝ ոչ, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: Որովհետեւ աշխատում է քաղաքական ականը, արդեն գործնականում քառորդ դար, ու բարդ է ասել, թե այն երբ կպայթի:

Այդ իմաստով խիստ հատկանշական է դեռեւս մարտին Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ հայկական կողմը պետք է նոր մոտեցում կիրառի եւ բանակցության գնա ամեն ինչ պահանջելու, այսինքն բարձր նշաձողով, հետ չմնալով Ադրբեջանից:

Այդ իմաստով էլ հատկանշական են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մայիսի 9-ից սկսած, որ Արցախի հարցի լուծողը լինելու է ժողովուրդը, իսկ Արցախն էլ պետք է լինի բանակցային կողմ, քանի որ ինքը իրավասու է բանակցել միայն Հայաստանի անունից: Փաշինյանի այդ հայտարարությունն արցախյան խնդրում հայկական դիրքերի քաղաքական ականազերծում սկսելու փորձ է, Արցախը թեկուզ միայն «թղթով» վաճառքից դուրս բերելու քայլ:

Փաշինյանը փորձում է իրականացնել արցախյան խնդրում հայկական դիրքերի դիվանագիտական-քաղաքական ականազերծում, որպեսզի բացվի Արցախի խնդրում թավշյա հեղափոխության եւ նոր Հայաստանի իրողության ավելի լայն ու համեմատաբար արագ կապիտալիզացիայի ճանապարհ:

PAKEL