ՀՀԿ-ին չափազանց տհաճ անակնկալ է սպասվում. Այդ մեկը չէին հաշվարկել

Ժողովուրդ թերթը գրում է, որ հնարավոր է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր խոստման, ՀՀԿ-ին հանցագործների բանդա անվանելու համար դատական հայց չներկայացնի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ․․․  Պատճառը արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ եւս դատական հայց ներկայացնել, քանի որ կիսում են ՀՀԿ-ի մասին փոխվարչապետի կարծիքը․․․ Մեր հրապարակումներից մեկում նշել էինք, որ դատական հայց ներկայացնելու դեպքում կառավարությունն արդեն ստիպված կլիներ համակարգային մոտենալ այդ խնդրին, ապացուցելու համար, որ ՀՀԿ-ն հանցագործների բանդա է․․․

Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարն առայժմ իրավիճակային բնույթ է կրում, ինչը որոշակի շահարկումների եւ կասկածների տեղիք է տալիս․․․ ՀՀԿ-ի հայցի պարագայում արդեն պետք է տրվեր այդ կուսակցության գործունեության իրավա-քաղաքական ամբողջական գնահատական, ինչը լիովին կփոխեր իրավիճակը այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարում․․․  Թերեւս, հենց այս նկատառումով էլ ՀՀԿ-ն դատի չի տա Արարատ Միրզոյանին, քանի որ այդ դեպքում կուսակցությունը լիովին կարգելվեր․․․  Միեւնույն ժամանակ, կա մի հանգամանք եւս, որը երեւում է ՀՀԿ-ում չէին հաշվարկել ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելիս․․․

ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Հայաստանն իրենց օրոք ժողովրդավարական երկիր է եղել, ԱԺ նախորդ ընտրությունն անցել է ազատ եւ ժողովրդավարական պայմաններում, իրենք ստացել են մոտ 800 հազար ձայն, եւ ոչ ոք, այդ թվում միջազգային հանրությունը չի վիճարկել ընտրության արդյունքը․․․ Հիմա, ցանկացած ժողովրդավարական երկրում, երբ իշխող կուսակցությունը պարտվում է ընտրությունների ժամանակ, իր ստացած ձայների տարբերությունը նախորդ ընտրությունների համեմատ շատ մեծ չի լինում․․․

Այս պարագայում, եթե հաշվի առնենք մի շարք գործոններ ու տեղական առանձնահատկություններ եւ այլ «բոնուսներ», ինչպես նաեւ իշխանությունից ու վարչական ռեսուրսից զրկվելը, ՀՀԿ-ն պետք է ստանա գոնե նախորդ անգամ ստացած ձայների մեկ քառորդը, թեեւ դա էլ չափազանց մեծ տարբերություն է․․․ Ի դեպ, ՀՀԿ ցուցակի առաջին համարը հենց այս թիվն է նշել որպես ՀՀԿ-ի ստանալիք ձայն․․․ Եթե ՀՀԿ-ն չստանա այդքան ձայն, դա նշանակում է, որ նախորդ ընտրությունները կեղծվել են: Այլապես ՀՀԿ-ականների պնդումները, թե իրենք միակ կայացած ուժն են, կայուն ընտրազանգված ունեն եւ այլն, դառնում են դատարկախոսություն․․․

Աղբյուրը

PAKEL