Կեցցես Վանեցյան ջան, ԴԵ ԲՌՆՎԵՔ…հերթական հարվածը. տեսեք՝ ինչ օյին է բերել Քոչարյանի գլխին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Քննչական կոմիտե, որպեսզի ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի գործով երկրորդ նախագահը անցնի որպես տուժող: Հիմքն ըստ պաշտպանների այն է, որ հեռախոսազրույցը վկայում է, որ կան Քոչարյանին ազատությունից զրկելու ապօրինի միջամտության մասին վկայող տարրեր: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այդ քայլը հետաքրքիր է նույն գաղտնալսման առնչությամբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի արած հայտարարության ֆոնին: Հոկտեմբերի 16-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ գաղտնալսողը եւ դրա պատվիրատուն բացահայտված են:

Վանեցյանն անուն չէր տվել, ասելով սակայն, թե պատվիրատուն ու գաղտնալսումն իրականացնողը Հայաստանից են, եւ պատվիրատուն «լայն հանրությանը հայտնի մարդ» է: Ով է նա, Վանեցյանը չէր ասել, նշելով նաեւ, որ բավական բարդ է փաստաթղթերով հիմնավորելը, եւ պավիրատուի բացահայտման հանգամանքը օպերատիվ տեղեկատվության հիմքով է: Այլ մանրամասներ նա չէր ասել, հղում անելով շարունակվող քննությանը: Եվ ահա, ԱԱԾ պետի այդ հայտարարությանը հաջորդում է Ռոբերտ Քոչարյանի քայլն այդ գործով, որով նա դիմում է իրեն որպես տուժող ներգրավելու համար:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանն այսպես թե այնպես պլանավորել էր իրականացնել այդ քայլը, թե՞ դրան գնում է ԱԱԾ պետի հայտարարությունից հետո: Ուշագրավ է այն, որ գաղտնալսման եւ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հայտնի ասուլիսից հետո էլ Ռոբերտ Քոչարյանը պատասխան հարցազրույց էր տվել: Ասուլիսում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը գրեթե բաց տեքստով ասել էին, որ հենց Ռոբերտ Քոչարյանին են կասկածում գաղտնալսման հետեւում կանգնած լինելու համար, մոտիվն էլ համարելով իրենց գործունեության կանխարգելումը: Ռոբերտ Քոչարյանը դրանից հետո տված հարցազրույցում ասել էր, թե իր դեմ արշավին ներգրավում են նաեւ այդ համակարգի աշխատակիցներին եւ նրանց էլ մղում ապօրինի քայլերի:

Հատկանշական էր, որ երկրորդ նախագահը փաստացի դիմում էր իրավապահ համակարգի աշխատողներին եւ ըստ էության մի կողմից ակնարկում, մյուս կողմից գուցե ինչ որ բան զգուշացնում: Այժմ էլ երկրորդ նախագահը ԱԱԾ պետի հայտարարությունից հետո կատարում է իր քայլը: Ընդ որում, հատկանշական է նաեւ, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ երկրորդ նախագահը Բլումբերգին տված հարցազրույցում դե ֆակտո հրաժարվել էր քաղաքական որոշակի հավակնություններից, ասելով, որ չի մասնակցի խորհրդարանի ընտրությանը, իսկ տարիներ հետո եթե կլինեն իրավիճակը փոխելու պատրաստ երիտասարդներ, թող անեն:

Իսկ դրան զուգահեռ եղել էին ԱԱԾ գործողությունները կապված Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանի ընդհանուր 90 միլիոն դոլար արժողությամբ հյուրանոցների հետ, ինչպես նաեւ Քոչարյանին մերձ շրջանակի գործարար համարվող Սամվել Մայրապետյանի ձերբակալությունը: Հետաքրքիր էր նաեւ Բլումբերգին տված հարցազրույցում երկրորդ նախագահի մեկ այլ ձեւակերպում, որ Նիկոլ Փաշինյանն անձնական ատելություն ունի իր դեմ եւ գործում է դրանով մղված: Ռոբերտ Քոչարյանը փաստորեն իր հանդեպ «քաղաքական հետապնդման» դաշտից կարծես թե տեղափոխվում է «անձնական հետապնդման» դաշտ, հնարավոր է տեսնելով, որ «քաղաքական հետապնդման» տարբերակը չտվեց կամ չի տալիս ցանկալի արդյունք: Բայց ի՞նչ արդյունք կտա գործընթացը «անձնական» տիրույթ տեղափոխելը:

http://desicdenic.ru/2018/12/06/%D5%AF%D5%A5%D6%81%D6%81%D5%A5%D5%BD-%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A5%D6%81%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BB%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%BE%D5%A5%D6%84%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF/?fbclid=IwAR0Nhpe302FGSo4UbMtYlHbSGQD3IqywNaxabm5BFyv3L4fMPX2cl8cwFxo

PAKEL