Հրատապ. Մոսկվայից հարված ՀՀԿ-ին. Պուտինը թույլ չտվեց

Դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ վեհաժողովը հետաձգելու մասին ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը Նիկոլ Փաշինյանին, թերևս, բավականին տհաճ նորություն էր ՀՀԿ-ի համար: Այն, որ Պուտինն արել է այդպիսի առաջարկ, բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը, որը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ մի քանի օր առաջ: Ընդ որում հետաքրքիր է, որ Փաշինյանն այդ առաջարկը բարձրաձայնում է ներկայումս, քարոզարշավի ընթացքում, շատ լավ պատկերացնելով, թե ինչպես էր ՀՀԿ-ն ու ընդհանրապես նախկին իշխող համակարգը սպասում դեկտեմբերի 6-ին: Բանն այն է, որ Սանկտ Պետերբուրգում նախատեսված այդ վեհաժողովի ընթացքում սպասվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկում, ինչն էլ իր հերթին նշանակում էր, որ, ամենայն հավանականությամբ, կլիներ որոշում այդ պաշտոնը ՌԴ ներկայացուցիչ, ներկայիս ՔԳ տեղակալ Սեմերյակովին թողնելու վերաբերյալ՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար:

Հայտնի է, որ Հայաստանը պնդում է ԳՔ իր քվոտան պահելու հարցում, իսկ Բելառուսն ու Ղազախստանը փորձում են օգտվել առիթից և վերցնել քվոտան Հայաստանից, որին դեմ էին հենց սկզբից: Քվոտային հավակնում է Բելառուսը: Այդպիսով, դեկտեմբերի 6-ին, մեծ հավանականությամբ, դարձյալ կողմերը պնդելու էին իրենց անզիջում դիրքերը, և կոնսենսուս կարող էր լինել միայն գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի շուրջ: Հայաստանում դա ներկայացվելու էր իբրև նոր իշխանության դիվանագիտական ձախողում, ԳՔ կորուստ: Հանրապետական իշխանություն, իշխող համակարգի տարբեր այլ սեգմենտներ, հարող փորձագիտական շրջանակներ արդեն տևական ժամանակ ամենատարբեր առիթներով շրջանառում են մտայնությունը, թե գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի դիվանագիտական հմտությունների և Սերժ Սարգսյանի իմաստնության շնորհիվ ձեռք բերած կարևոր պաշտոն էր, որի կորուստը կլինի դիվանագիտական տապալում:

Այն, որ այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը ըստ էության չի արել որևէ բան, որը կարող է գրանցել Հայաստանի ակտիվում, նրանց, իհարկե, չի հետաքրքրում: Հասկանալի է, որ խնդիրը բոլորովին այլ է՝ օգտագործել ցանկացած առիթ՝ ցույց տալու համար, որ ներկայիս իշխանությունը տապալում է արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը: Իրականում, սակայն, հենց այն հանգամանքը, որ Ռուսաստանը առաջարկում է Երևանին ոչ թե ինչ-որ լուծման համաձայնել, այլ հետաձգել քննարկումը, հուշում է, որ Երևանն այդուհանդերձ դրել է ՀԱՊԿ անդամներին բավականին բարդ փաստի առաջ, հարցերը շարադրելով շատ ուղիղ և ունենալով փաստարկային ամուր բազա:

Ավելին, Պուտինի այդ առաջարկը փաստորեն նաև լուրջ հիասթափություն է ՀՀԿ-ի համար, որը սպասում էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը կա՛մ Բելառուսին կանցնի, կա՛մ ժամանակավոր պաշտոնակատարին, սակայն բոլոր դեպքերում չի մնա Հայաստանին: Իսկ ՀՀԿ-ին պետք էր հենց դա, որպեսզի նախընտրական ցուցակի ամբողջ երկայնքով ու փորձագիտական լայնքով իրավիճակը ներկայացվեր որպես Հանրապետականի ձեռք բերած հաղթանակի խայտառակ կորուստ: Եվ եթե հաշվի առնենք նաև այն, որ խոսքը դեկտեմբերի 6-ի մասին էր, երբ դրանից հետո արդեն, ըստ էության, այլևս չկար քարոզչություն, ու Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը» թերևս չէին ունենալու համարժեք պատասխանի հնարավորություն՝ դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է, իսկ հաջորդ օրն արդեն լռության օրը, ապա պատկերացնելի է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացվելիք այդ որոշումը քարոզչական դաշտում շահարկելը կարող էր ունենալ որոշակի ազդեցություն, ներգործություն, եթե անգամ դա անելու էր ՀՀԿ-ն:

Սակայն այստեղ, իհարկե, դիտարկման կամ ուշադրության արժանին հնարավոր այդ ազդեցությունն էլ չէ, այլ այն, որ ՌԴ նախագահ Պուտինը փաստորեն ՀՀԿ-ին և ընդհանրապես նախկին իշխող համակարգին թույլ չտվեց նախընտրական բավականին կարևորագույն այդ եզրագծային հատվածում գրեթե երաշխավորված միավորներ հավաքել Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք վեհաժողովի հաշվին: Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ Պուտինը հենց դրա համար էլ առաջարկել է հետաձգել, սակայն, համենայնդեպս, դա նաև վկայում է, որ հայկական կողմի դիրքերն իրականում բավականին ամուր էր ՀԱՊԿ-ում, և ՌԴ նախագահը փաստորեն իր այդ առաջարկով ոչ միայն ՀՀԿ-ին զրկել է քարոզչական միավոր հավաքելու այդ պատեհությունից, այլ գործնականում նաև ցույց տվել, որ նույնքան զուտ քարոզչական պնդումներ են այն, թե Հայաստանը ձախողում է ՀԱՊԿ ուղղությամբ աշխատանքը: Իրականում ստացվում է, որ Հայաստանը նույնիսկ աննախադեպ որոշում է թելադրել ՀԱՊԿ-ին՝ տեղափոխել վեհաժողովը, այն դեպքում, երբ սովորաբար Հայաստանին կանչում էին, ասելիքն ասում, իսկ Սերժ Սարգսյանը լռում էր:

PAKEL