Նիկոլ Փաշինյանը խաղարկեց իր ամենահզոր նախընտրական խաղաքարտը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողով՝ Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Սկանդալը վերաբերում է Արամ Հարությունյանի նախարարական գործունեությանը. նա բնապահպանության նախկին նախարար է և կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Ենթադրյալ հանցանքը կատարվել է 2008թ. սեպտեմբերին, երբ Արամ Հարությունյանը նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, նախագահը Սերժ Սարգսյանն էր, վարչապետը` Տիգրան Սարգսյանը:

Գլխավոր դատախազության տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

«Ընդ որում, նշված գումարից 6մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: Ըստ պաշտոնական տեքստի՝ Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, անօրինական գումարը շրջանառել է և ձեռք բերել անօրինական գույք:

Փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7-հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ էության, ի դեմս Արամ Հարությունյանի գործի, մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն պատմության հետ, որի մասին դեռ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել Ազգային ժողովում: Այն ժամանակ Փաշինյանն ասել էր, թե ինչ-որ թղթի են սպասում` արտասահմանից: Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում արտասահմանից ակնկալվող թուղթը հենց նոր է տեղ հասել և համընկել նախընտրական քարոզչության բումի հետ, սակայն ակնհայտ է, այս պատմությունը կամա թե ակամա քարոզրարշավի ընթացքում շրջանառվելու է:

Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն իսկ անդրադարձել է այս պատմությանը և հավատացրել, թե իրենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում անզիջում են լինելու: «Հարց է ծագում՝ այդ նախարարը, որ կաշառք ա վերցրել, ինքն այդ 14 մլն դոլար կաշառքը վերցրել է, դրել գրպանը և ազատ պտտվե՞լ: Հարց է ծագում՝ իսկ արդյոք այդ կաշառքներն ավելի վերև հոսել են, թե՞ չեն հոսել: Այդ ամենը կարող ենք ենթադրել, բայց այդ հարցերի պատասխանը կարող է տալ նախաքննությունը»,- քարոզարշավային ելույթի ժամանակ հայտարարել է Փաշինյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարը Փաշինյանի հեղափոխության գլխավոր գաղափարներից մեկն է եղել: Սա միակ ոլորտն է, որտեղ նա՝ որպես ներկա իշխանության պատասխանատու, հստակ ասելիք ունի: Այս ընթացքում տնտեսական առաջընթացի շոշափելի արդյունքներ այդպես էլ չներկայացվեցին, և դա Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ամենամեծ բացն է, որը լրացվելու է ԱԱԾ-ի ու իրավապահ համակարգի հետաքննող մարմինների ակտիվությամբ: Մյուս կողմից էլ այս բացահայտումը բացասաբար է անդրադառնալու նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ի՝ առանց այդ էլ խայտառակ վիճակում գտնվող վարկանիշի վրա: Եթե Փաշինյանը համաձայնվեր այս սկանդալը հրապարակել դեկտեմբերի 9-ից հետո, ցուցաբերած կլիներ քաղաքական նրբանկատություն, բայց նա հանրությանը ներկայացնելու  այլ բան չունի, ուստի խաղարկում է իր ամենահզոր խաղաքարտերը:

Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին. Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տված Ս. Հ.-ն, նույն ինքը` գործարար Սիլվա Համբարձումյանն է, ով գործում հանդես է գալիս որպես կաշառք տվող: Հետաքրքիր է` այս գործարար տիկինն իր գիտակցական կյանքում որևէ գործարք առանց կաշառքի իրականացրե՞լ է, և արդյո՞ք օրինականության խնդիր չունի կաշառքով կուտակված հարստությունը:

Հայկ Դավթյան

http://hayeli.am/article/1132134
PAKEL