Ազգային ժողով անցնելու շանսեր ունեն 5 ուժեր

Նախընտրական քարոզարշավն ընթանում է ավելի շատ փոխադարձ մեղադրանքների, քան ծրագրերի շուրջ: Ով դեպի ո՞ւր է խոստանում տանել Հայաստանը, որքանո՞վ են ներկայացվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքական հատվածները, և որքանո՞վ է հանրությունը հետաքրքրված դրանցով:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նկատեց, որ իսկապես՝ քաղաքական ուժերն արտաքին քաղաքականության ոլորտում ոչ հստակ դիրքորոշումներ են արտահայտում, իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնց մոտ դիրքորոշումը մի քիչ հստակ է, բայց ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի արտաքին քաղաքական հայեցակարգային մոտեցումները հստակ չեն։

«Կան որոշ ուժեր, որոնք կներկայացնեն, թե չեն ներկայացնի՝ նշանակություն չունի. խոսքը նորաստեղծ ուժերի մասին է, որոնք հնարավորություն չունեն անցնելու Ազգային ժողով։ Այսօր Ազգային ժողով անցնելու շանսեր ունեն 5 ուժեր՝ «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերն» ու ՀՀԿ-ն, որոնց մոտ այնքան էլ հստակ չէ արտաքին քաղաքականության վերաբերյալ հայեցակարգը։ Հատկապես խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», որը ընդգծված խնդիր ունի դա ներկայացնելու։ Միգուցե քարոզարշավի ընթացքում լինեն բանավեճեր, և այդ հարցն արծարծվի, բայց մինչև այդ բանավեճն էլ ցանկալի կլիներ, որ քաղաքական ուժերն ավելի հստակ ներկայացնեն արտաքին քաղաքական մոտեցումները։ Նույնը վերաբերում է նաև տնտեսական քաղաքականությանը, դատաիրավական բարեփոխումներին։ Ընդհանրապես, հայեցակարգերի տեսակետին քաղաքական ուժերի մոտեցումները թույլ են։ Նրանք ավելի շատ տրաֆարետային և միջակ քարոզչություն են իրականացնում»,- ասաց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ գուցե հանրությանը չի՞ հետաքրքրում, Արմեն Բադալյանը նշեց, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե հանրությանն ինչ է հետաքրքրում, այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է սոցիոլոգիական հարցումներ իրականացնել։ Բացի այդ, ըստ նրա, եթե անգամ հանրությանը մի բան է հետաքրքրում, դա չի նշանակում, որ պետք է գնալ միայն այդ ուղղությամբ. «Դու կարող ես զուգահեռաբար քոնը ներկայացնել, և եթե քո ներկայացրածը հետաքրքիր լինի, հանրությունը հաստատ դրանով կհետաքրքրվի։ Մեր հասարակությունն անգրագետ չէ, բավականին հասուն է։ Իսկ երբ դու չես ներկայացնում այդ թեմաները, սկսում ես պատճառաբանել, թե հանրությանը դա է հետաքրքրում, նա չի հետաքրքրվում:

Խոսքը միայն արտաքին քաղաքականության մասին չէ, նաև մյուս ոլորտներում հայեցակարգեր չեն ներկայացնում, և դա հիմնականում չիմացության արդյունք է։ Իրենք չեն պատկերացնում, թե իրենց խնդիրը որը պետք է լինի: Մասնավորապես, սա վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», որը չի պատկերացնում, թե որն է այն «կոնյոկը», որով պետք է ներկայանա այս ընտրություններում։ Դրա պատճառով այդ ուժը տանում է շատ սովորական քարոզարշավ, որը դժվար է ասել՝ հաջողություն կբերի, թե ոչ։ «Սասնա ծռերը» նույնպես չի պատկերացնում, թե որն է իրենց հիմնական ասելիքը և սկսում է սովորական տեսակետներ հնչեցնել, որը հնչեցրել է նաև նախորդ ընտրությունների ժամանակ»,- ասաց նա։

Արմեն Բադալյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ուներ ընտրակաշառքը, և քաղաքական ուժերն այնքան էլ շահագրգռված չէին մտքին զոռ տալու, բայց հիմա մտքերի ու գաղափարների մրցակցություն է լինելու, և այն գաղափարը, որն ավելի ընկալելի կլինի, դա էլ կհաղթի։ Դա է խնդիրը, որ նոր ստեղծված քաղաքական կուսակցությունները, ըստ նրա, բոնուս ունեն, քանի որ ի տարբերություն ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի և մյուսների՝ նրանք նոր են ստեղծվել և էլ ավելի պետք է շահագրգռված լինեին ավելի գիտակից ու բովանդակային քարոզարշավ անցկացնելու հարցում. ««Իմ քայլը» նույնպես նոր է ստեղծվել, բայց նա ունի փոխհատուցում, դա վարչապետի բարձր վարկանիշն է, իսկ «Սասնա ծռերն» ու «Լուսավոր Հայաստանը» չունեն այդպիսի բարձր վարկանիշ ունեցող լիդեր, հետևաբար պետք է դա փոխհատուցեին ավելի բովանդակալից քարոզարշավով, ինչը չեն անում»։

PAKEL