Նիկոլը, հողերի հանձնումը և Ռուսաստանի սուրհանդակները

Պետդումայի ԱՊՀ հարցերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Երևանում տեղի ունեցած Լազարյան ակումբի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը ենթադրում է այսպես կոչված անվտանգության գոտու տարածքների մասնակի կամ ամբողջական փոխանցում Ադրբեջանին և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացում։ «Սա այն է, ինչ կա ցանկացած մոդելի մակերեսին։ Բայց հողի հանձնումը պետք է անպայման ուղեկցվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրականացմամբ։ Ստեղծված պայմաններում դժվար թե իրական է խոսել հող հանձնելու մասին` ապագայում ինքնորոշման մասին քննարկման դիմաց», – հայտարարել է Զատուլինը։

Նա նշել է նաև, որ 2016 թվականին հրադադարի ռեժիմի խախտման մեղավորն ադրբեջանական կողմն է եղել։ Զատուլինի խոսքով՝ Մոսկվայում հիմա շատերը հաճախ ասում են, որ Ռուսաստանը չպետք է միջամտի ղարաբաղյան կոնֆլիկտին՝ Հայաստանի կամ Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու համար, բայց Զատուլինը վստահ է, որ այդ մարտավարությունն իրեն չի արդարացնում, ուստի Ռուսաստանը չի կարող աչք փակել ղարաբաղյան խնդրի վրա։
Փաստորեն, Կրեմլի ներկայացուցիչը ներկայացրել է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մոդել. տարածքների վերադարձ՝ լիակատար անկախության դիմաց:
Լազարյան ակումբի նիստին մասնակցող

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն էլ ղարաբաղի հարցի մասին խոսելիս նշել է, թե այս հակամարտության նախապատմությունը շատ ավելի հին է, քան հետխորհրդային տարածքի բոլոր մյուս հակամարտությունների պատմությունները:
Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկություններից մեկը, ըստ Կազիմիրովի կոնֆիգուրացիան է. «Բոլոր հակամարտություններում իրավիճակը դասական է` կա երկու կողմ, իսկ այստեղ հնարավոր չէ սահմանափակվել երկու կողմով։ Ղարաբաղը հակամարտության երրորդ գործող կողմն է», – ընդգծել է նախկին համանախագահը և հավելել, որ իր համար ուրախալի է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) համեմատաբար ներդաշնակ են աշխատում Ղարաբաղի հարցում։

Կազիմիրովի խոսքով` խնդրի լուծումը բարդացնում է այն, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ զիջումների գնալ։ Բանն այն է, որ հարաբերական ֆինանսական բարեկեցությունը չի վերացրել այդ երկրում սոցիալական անհավասարությունը։ Եվ այդ անհավասարությունը հատուցվում է արտաքին թշնամու կերպարի ստեղծման հաշվին։
Իսկ Հայաստանի դիրքորոշումը, Կազիմիրովի համոզմամբ, բանակցությունների հարցում քիչ թե շատ պարզ է. հայերը դեմ չեն զիջումներին` ուժային զարգացումները բացառելու դեպքում։ Նա նաև շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտության գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է, մնացածն ածանցյալներ են։

Ինչու է Մոսկվան Երևան գործուղել իր սուրհանդակներին, և ինչու են նրանք հայերին ներկայացնում մեր դիրքորոշումը և անուղղակի կերպով առաջարկում ղարաբաղյան հարցի լուծման մոդել: Այս մոդելում սակայն հակամարտության կարևոր կողմերից մեկի՝ Ղարաբաղի, որպես երրորդ կողմի ներգրավման մասին հարցը բաց է մնացել: Զատուլինն ու Կազիմիրովը, իրենց պատկերացումների մասին խոսելիս մի շատ կարևոր բացթողում են արել՝ նրանք չեն անդրադարձել հրադադարի խախտման դեպքերի վիճակագրությանը և գնահատական չեն տվել 1994 թվականի հրադադարից հետո կողմերի վարքագծին, որը շատ կարևոր է կոնֆլիկտի լուծման համար:

Այսպես կոչված անվտանգության գոտու տարածքների մասնակի կամ ամբողջական փոխանցումը, որը ի սկզբանե դրվել է բանակցությունների հիմքում, այսօր վերանայման կարիք ունի, որովհետև Ղարաբաղի անվտանգությունը այլևս չի կարող դիտարկվել առանց այդ անվտանգության գոտու տարածքների. հրադադրից հետո այս ողջ ընթացքը ցույց է տվել, որ այդ տարածքներն անպայմանորեն պետք է մնան հայկական ուժերի տիրապետության տակ, այլապես Ղարաբաղի անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է գտնվելու:

Հատկանշական է, որ Լազարյան ակումբի նիստերին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չեն մասնակցել: Ակումբի նիստին Հայաստանի կառավարության անդամների բացակայությունը մեկնաբանելիս` Զատուլինը ենթադրություն է ներկայացրել, թե դա կարող է պայմանավորված լինել նախընտրական քարոզարշավի հետ։ Փաշինյանի մոտեցումն այս հարցում հաշվենկատ է եղել. կարելի է պատկերացնել, թե ինչ մեղադրանքներ կարող էին հնչել նրա հասցեին, եթե նա գնար և լուռ ունկնդրեր մոսկովյան սուրհանդակների հողեր հանձնելու մեսիջները:

Հայկ Դավթյան

http://hayeli.am/article/1131848

PAKEL