Լազարեւյան ակումբը Հայաստանին առաջարկում է հողեր հանձնել «գեղեցիկ փաթեթավորմամբ»

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը, անկասկած, ԼՂ անկախության ճանաչումն է եւ հանրապետության շուրջ շրջանների կամ դրանց մի մասի վերադարձը, որոնք նախկինում ԼՂԻՄ կազմում չեն եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Երեւանում Լազարեւյան ակումբի նիստին:

«Սա այն է, ինչ ընկած է ցանկացած մոդելի մակերեսին: Բայց ստեղծված պայմաններում հազիվ թե իրատեսական է խոսել շրջանների վերադարձի մասին ապագայում ինքնորոշումը քննարկելու դիմաց: Առաջին հերթին, ադրբեջանական կողմը 2016 թվականի հրադադարի ռեժիմի խախտման ակնհայտ մեղավորն է, այն ավելացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, եւ չի եղել տարի կամ ամիս, որ խնդիրն ուժով լուծելու նոր սպառնալիքներ չհնչեն», նշել է Զատուլինը:

Հետո Զատուլինը պատմել է, թե ինչպես են իր մուտքն Ադրբեջան արգելում «հայամետ դիրքորոշման» համար եւ ինչպես է ջանքեր գործադրում հայ-ռուսական բարեկամության համար:

Զատուլինը եւ նրա Լազարեւյան ակումբի արտահայտությունների էությունն ակնհայտ է՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջնական պայմանավորվածությունը ենթադրում է տարածքների կամ դրանց մի մասի վերադարձ»: Պարզապես Զատուլինն առաջարկում է դա անել «գեղեցիկ փաթեթավորմամբ»՝ սպասելով Ադրբեջանից «ճանաչում եւ երաշխիքներ»:

Նախընտրական շրջանում Հայաստանում կրքեր են բորբոքվել ղարաբաղյան պատերազմի հաղթանակի դերի մասին Սասուն Միքայելյանի արտահայտությունների կապակցությամբ: Քննարկումը, ցավոք, վերածվեց մանր վեճերի, եւ ոչ ոք չփորձեց իմաստավորել հաղթանակի էությունը:

Էությունն այն է, որ դարերի ընթացքում առաջին անգամ հայերն իրենք՝ ինքնիշխան որոշմամբ, գիտակցել են իրենց իրավունքներն ու իրենց սահմանները գծել: Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս ապրում է ռուս-թուրքական պայմանագրով որոշված սահմաններում, որի տակ չկա Հայաստանի ստորագրությունը: Արցախում հայերն իրենք են որոշել իրենց սահմանները եւ ցույց տվել դրանք պաշտպանելու կարողությունը:

Համաշխարհային հանրությունն արդեն 25 տարի առարկելու բան չունի նոր սահմանների հաստատման հարցում հայ ժողովրդի բարձր իրավունքի դեմ: Տարածքների վերադարձի արատավոր առաջարկներին վերադառնալու Ռուսաստանի փորձերն անիմաստ են: Ռուսաստանը ո՞ր փաստաթղթի հիման վրա է առաջարկում հող վերադարձնել: Իրավիճակը վերադարձնում է Մոսկվայի պայմանագրի՞ն, թե՞ Ղարաբաղն Ադրբեջանի փոխանցելու Ստալինի որոշմանը: Ինչու՞ Լազարեւյան ակումբի նիստին անգամ չեն քննարկվում Ռուսաստանի ստորագրած այդ փաստաթղթերը:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ Արցախյան պատերազմում հաղթանակից հետո հանրային-պետական արդիականացման, քաղաքակրթական դերի ծավալման հիմքը, եթե Հայաստանն ինստիտուցիոնալացնի որոշումների կայացման իր սուվերեն իրավունքը: Դա վերաբերում է թե արտաքին քաղաքականությանը, թե տնտեսությանը, թե պաշտպանական համագործակցությանը:

Հայաստանն իրավունք ունի որոշել սեփական սահմանները, պաշտպանել դրանք, որոշել ում հետ համագործակցել եւ ինչպես: Այդ իրավունքները երրորդ երկրների ընդունած փաստաթղթերում տեղավորելու փորձերը պետք է կանխվեն:

PAKEL