Նախընտրական նվեր Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ռուսական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  տեղի համար Հայաստանն առաջադրելու է իր թեկնածուին ։ Ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ` Հայաստանի ՊՆ ղեկավարը նշել է, թե ՀԱՊԿ կանոններով կարգավորված չէ այն դեպքը, երբ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ վայր է դնում լիազորությունները, կարգավորված չէ, թե ինչ պետք է լինի դրանից հետո։

Միաժամանակ, Տոնոյանը հերքել է լուրերը, թե Հայաստանը կարող է լքել կառույցը։ «Ես չեմ լսել այդպիսի խնդրի մասին, որը կարող է նախադրյալ հանդիսանալ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար․ չկան այդպիսի նախադրյալներ՝ ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ ռազմավարական», – ասել է Տոնոյանը։

Ռուսական մեկ այլ լրատվամիջոցի՝ ՌԲԿ–ի հաղորդմամբ՝ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվականը: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

ՀԱՊԿ մասնակից երկրների ներկայացուցիչները, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին հանդիպելու են Պետերբուրգում՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի և ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում. «Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Օրակարգն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման բոլոր մասնակիցներին», – ասել է Գասպարյանը։

Ավելին՝ նա ավելացրել է, որ մինչ դեկտեմբերի 31-ը ՀԱՊԿ շրջանակում հանդիպում նախատեսված չէ, այդ պատճառով նոր գլխավոր քարտուղարի անունը մինչև եկող տարի հայտնի չի լինի։ Իսկ այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու իրավունքը Հայաստանինն է։Եթե Գլխավոր քարտուղարի հարցը քննարկմնան դրվեր, ապա միանշանակ, Հայաստանի թեկնածուն բավարար ձայներ չէր հավաքելու: Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ վերջին նախագահության նիստից հետո պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի բառիս ամենաուղիղ իմաստով խզման եզրին հասցրեց Բելառուսի և Ղազխաստանի հետ Հայաստանի հարաբերությունները: Նազարբաևն ու Լուկաշենկոն շատ հստակ հայտարարեցին, որ չեն պատրաստվում Հայաստանին նոր թեկնածու առաջադրելու շանս տալ:

Սրան ի պատասխան՝ Փաշինյանը Երևանում հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ՝ նշելով, թե պարզաբանումներ է պահանջելու  Բելառուսի և Ղազախստանի նախագահներից:  Բելառուսի պատասխանը չէր ուշացել. այդ երկրի ԱԳՆ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ ասվում էր. «Հավանաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում՝ լիազորված պատժելու կամ ներելու: … Միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում»:

Թե ինչ էր կատարվել Աստանայի փակ նիստում՝ հայտնի չէ: Բայց այն, ինչ հրապարակվել է, բավարար է փաստելու, որ Փաշինյանին չի հաջողվել ՀԱՊԿ-ում բարենպաստ մթնալորտ ստեղծել Հայաստանի համար: Հակահայկական տրամադրությունները, որ այդ կառույցում միշտ էլ եղել են, հեղափոխությունից հետո էլ ավելի են լարվել՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Այս տեսանկյունից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետաձգումը  Փաշինյանի համար նախընտրական շատ լավ նվեր է, որովհետև այդ ընտրությունը լինելու էր Փաշինյանի ձախողումը ՀԱՊԿ-ում: Մյուս կողմից սակայն 2019 թվականը սարերի հետևում չէ ու այս մեկ ամսվա հետաձգումը ընդամենը Կրեմլի տեխնիկական աջակցությունն է Փաշինյանի իշխանությանը: Այս կերպ հավանաբար Մոսկվան փորձել է վարձահատույց լինել Նիկոլ Փաշինյանին՝ Սիրիա հայկական զորամիավորում ուղարկելու պատրաստակամության համար:

Հայկ Դավթյան

http://hayeli.am/article/1131904

PAKEL